Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց հաւաքականները վերադարձել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ մասնակցում էին Համաշխարհային 44-րդ օլիմպիադային:
Յիշեցնենք՝ տղամարդկանց հաւաքականը հռչակուել է Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, իսկ կանանց ընտրանին 16 միաւորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
«Զուարթնոց» օդանաւակայանում հայ շախմատիստներին դիմաւորել են ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտեանը, շախմատիստների հարազատներն ու երկրպագուները:
Հայաստանի հաւաքականի աւագ եւ գլխաւոր մարզիչ Արման Փաշիկեանը, մեկնաբանելով թիմի մասնակցութիւնը Հնդկաստանում անցկացուած 44-րդ օլիմպիադային, նշել է՝ այս տարի մրցակցութիւնը բաւականին մեծ է եղել. «Շատ լաւ մասնակցութիւն ունեցանք: Դժուարանում եմ յիշել դէպք, որ այսքան միաւորով թիմը գրաւի երկրորդ տեղը։ Այս տարի մրցակցութիւնը շատ մեծ էր։ Գաբրիել Սարգսեանը հզօր խաղ ցուցադրեց, Ռոբերտ Հովհաննիսեանն էլ շատ լաւ հանդէս եկաւ, շատ միաւորներ պարգեւեց թիմին»:
Նշէնք՝ Հայաստանի հաւաքականն առաջին անգամ էր հանդէս գալիս Արման Փաշիկեանի գլխաւորութեամբ: Թիմը 19 միաւոր է վաստակել եւ դարձել արծաթէ մեդալակիր: Նոյնքան միաւորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նուաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լաւագոյն եռեակը 18 միաւորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: