ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվա կապակցությամբ զրուցել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամ Վիգեն Սոսիկյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի հնարավոր բացման հետևանքներին, իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերին։
Պարո՛ն Սոսիկյան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին․ ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ — Հայ համայնքը կենտրոնացած է հիմնականում Լոս Անջելեսի շրջանում, ավելի փոքր համախմբումներ կան Ֆրեզնոյում և Սան Ֆրանցիսկոյում։ Այս տարածքներում մենք ունենք կազմակերպչական միավորներ։ Բնականաբար, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով, սակայն համավարակի սահմանափակումների պատճառով` նախատեսում ենք մասնակիցների փոքր թիվ։ Ինչպես անցած 30 տարիներին` այս տարի ևս կազմակերպած է քաղաքական պահանջատիրական բողոքի ակցիա Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարանի դիմաց։ Պետք է կազմակերպենք նաև հատուկ հավաք Մոնթեպելլոյի՝ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց։
Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչեցված խաղաղասիրական հայտարարությունների մասին:
Խաղաղասիրության ու խաղաղության հետամուտ լինելը բոլորիս ձգտումն է։ Սակայն, հնարավոր է նոր պատերազմ, որը մեզ համար պատճառ կհանդիսանա նոր կորուստների և կվտանգի մեր հայրենիքի ապագան։ Ինչպե՞ս կարող ենք նախահարձակ պետության հետ խաղաղություն քննարկել, որը շարունակում է գերեվարության մեջ պահել մեր հարյուրավոր տղերքին։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչպե՞ս կարելի է խաղաղությունից խոսել, երբ նրանք բացեիբաց շարունակում են իրենց գրաված հայկական գյուղերում քանդել մեր պատմամշակութային ու կրոնական սրբազան վայրերը, հուշակոթողները։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ մեր թշնամիները շարունակում են սպառնալ մեր ժողովրդի գոյությանն ու հայրենիքի գերիշխանությանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը աղետալի էր մեր հայրենիքի ու ազգի համար։ Համաձայնագրի 8-րդ կետով նշված էր ռազմագերիների փոխանակման մասին։ Փաստը, սակայն, այն է, որ տակավին ոչ բոլոր հայ ռազմագերիներն են վերադարձել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն արագորեն կյանքի կոչեց նույն այդ հայտարարության 6-րդ կետը՝ աճապարելով թշնամուն հանձնել մեր նահատակ հերոսների արյամբ ազատագրված ու պաշտպանած հողերը։ Դեռ ավելին, ի հեճուկս մեր ազգային անվտանգության ու տնտեսական շահերին` Փաշինյանը շարունակում է խոսել այդ համաձայնագրի 9-րդ կետի մասին։
Հայաստանի կառավարությունից ի՞նչ ազդակներ եք ստանում:
Հայաստանի ներկայիս կառավարությունն իր քաղաքականությամբ ու մշակած քայլերով մեր երկիրն ու պետությունը փլուզել է։ Այս տարիների ընթացքում իշխանությունը` նիկոլիզմը, հանձնել է մեր հայրենիքի հողերի 25 տոկոսը (Արցախի` 75 տոկոսը) և տակավին դեռ համարձակություն ունեն արդարացնել իրենց պարտվողական ու հակազգային մոտեցումները։ Նրանք խոսում են թշնամիների հետ հաղորդակցության ուղիների և սահմանների բացման մասին։ Դժբախտաբար, իշխանությունների այս մոտեցումը տգիտության արդյունք չէ, այլ՝ խաբեության և տկարության. նրանք հետապնդում են այնպիսի օրակարգ, որը ծառայում է բոլորի շահերին՝ բացի Հայաստանի։
Ինչպի՞սի գնահատական կտաք Հայաստանում այսօրվա քաղաքական կյանքին:
Հայ հանրության մեջ աստիճանաբար սրսկվում է հակազգային մտածելակերպ։ Այս ճիգերը նոր թափ ստացան Փաշինյանի իշխանության գալուց սկսած։ Մյուս կողմից էլ, սակայն, մեր ժողովրդի մոտ սթափություն եմ տեսնում, սկսում են գիտակցել, որ հայրենիքը փրկելու պայքարը միայն չպետք է Նիկոլի դեմ ուղղված լինի, այլ՝ նիկոլիզմի։ Սա պայքար է, որ Հայաստանի մեջ վերահաստատվի ազգայինը, թե՛ ժողովրդի, թե՛ մանավանդ կառավարական մակարդակների վրա։ Առանց այս պայքարի հաղթանակի, վախենամ, որ մեր ազգի անխուսափելի խորտակմանը կարող ենք ականատես դառնալ։
Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը: Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին, կարծես թե, անընդմեջ խոսում են միայն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Ի՞նչ եքկարծում` հնարավո՞ր է այդ թեման բարձրաձայնվում է ժողովրդին այդ մտքին քիչ-քիչ ադապտացնելու համար:
Անկասկած։ Փաշինյանը իշխանության եկավ` չարաշահելով ընտրազանգվածի հոգեբանությունը, ստելով ու մոլորեցնելով իրեն ընտրածներին։ Նա գրեթե 3 տարի է, ինչ իշխանությունը պահում է նույն մեթոդներով։ Հիմա Նիկոլը և իր հավատարիմների խմբակը անցել են երկրորդ փուլին` անդադար խոսելով այս չափազանց կանխահաս սահմանի բացման մասին, իրենք, փաստորեն, հանրությանը պատրաստում են հավելյալ «ցավագին զիջումների»։ Բոլորս ցանկանում ենք սահմանների բացում (ի դեպ, Թուրքիայի հետ սահմանը հայկական կողմը չէ, որ փակել է) և բարիդրացիական հարաբերությունների հաստատում Արևելքի ու Արևմուտքի մեր սահմանակից պետությունների հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ու համաչափ քայլերով։ Բայց, ինչ որ տեսնում ենք, այնպիսի մոտեցում է, որ միայն թշնամու համար է նպաստավոր ու նույնքան էլ վնասակար` Հայաստանի համար։
Ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա։ Ինչ ռիսկեր եք տեսնում։ Ասում են՝ Հայաստանը կարող է Աջարիա դառնալ, Դուք այդպիսի ռիսկեր տեսնո՞ւմ եք։
Պարզապես աչքի առաջ ունենանք, թե որքա՞ն է Հայաստանի բնակչությունը, տարածքը ու տնտեսությունը, համեմատենք Թուրքիայի և Ադրբեջանի բնակչության, տարածքի, տնտեսկան զարգացման հետ․ հիմա պարզ է դառնում, թե սահմանների բացումը ինչի կարող է հագնեցնել։ Հաշվի առնենք նաև այն, թե մեր թշնամիները 1800-ականներից ի վեր ինչեր են արել հայ ժողովրդին։
Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ վստահ են՝ դեռ վայելում են հասարակության վստահությունը և կարող են հավաքել բավարարձայներ։
Նախ հստակացնեմ` արտահերթ ընտրություններին կհավատամ միայն այն ժամանակ, երբ հանրապետության նախագահը հայտարարի այդ մասին։ Մինչև այդ պահը, ես կասկածով եմ մոտենում իշխանության կողմից հնչեցված ամեն հայտարարության։ Առանց լայնածավալ ընտրակեղծիքների և վարչական լծակների օգտագործման, չեմ կարծում, որ Փաշինյանն ու իր խմբակը այդ չափի քվեներ կստանան։ Սակայն, նրանք այս կամ այն կերպով կկարողանան ԱԺ մտնել։ Ժամանակը ցույց կտա ամեն ինչ։ .
Եթե այնպես ստացվի, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանություններն օգտագործեն վարչական ռեսուրս՝ իրենց դիրքը պահելու համար, ի՞նչ քայլերի եք դիմելու դուք՝ դրսում գտնվողհայերդ։
Ինձ համար կասկած չկա, որ Փաշինյանը պետք է օգտագործի ամեն միջոց` քվե ապահովելու համար։ Ի վերջո, դա է իր համար միակ ուղին, որպեսզի խուսափի ձերբակալություններից, օրինական-դատական հաշվետվություններից, մանավանդ, որ ինքը հակակշիռ ունի դատախազության և դատական իշխանության վրա։ Արդեն ականատես եղել ենք, թե ինքը ինչպես է օգտագործել իր վարչական լծակները սեփական օգուտի համար։ Հետևաբար, ի՞նչ սպասել նման անցյալ ունեցող անձից։ Նրան աթոռից զրկելու համար անհրաժեշտ է, որ քվեարկողները փաստագրեն ու ահազանգեն գործադիրին` որևէ չարաշահում նկատելու դեպքում, ապա գիտակցեն, որ այս ընտրությունները (ի հակադրություն նախորդներին) նպատակ պետք է հետապնդեն հեռացնելու Նիկոլին ու նիկոլիզմը։ Դա նրա համար, որպեսզի հնարավոր լինի երկիրը նորից վերադարձնել զարգացման և ազգային շահերի ճիշտ մակարդակին։ Հակառակ դեպքում՝ Հայաստանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ըմբոստանա ու մերժի այս բռնատիրական ռեժիմը։ Իսկ մենք միշտ կմնանք Հայաստանի ժողովրդի կողքին։
Նիկոլ Փաշինյանի ներկայությունը որպես ՀՀ ղեկավար ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։ Խոսելով ցեղասպանության մասին` իմքայլական պատգամավոր ՀովիկԱղազարյանը հայտարարեց, թե ի՞նչ կփոխվի, եթե աշխարհը Հայոց ցեղասպանությունը ճանաչի։
Սեպտեմբեր 27-ին ամբողջ Սփյուռքը, մի կողմ դնելով իշխանության հետ ունեցած տարաձայնությունները, ամեն ինչ արեց` զորակցելու մեր բանակին ու հայրենիքին։ Սակայն դավաճանությունը, որի ականատեսը եղանք, ինչպես նաև այն փաստը, որ կառավարությունը ավելի քան 100 միլիոն դոլար ապօրինաբար վերցրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամից, լուրջ տարաձայնություն ստեղծեց Սփյուռքի և իշխանության միջև։ Վիրավորանքը մեծ է, քանի որ այդ քայլը սփյուռքահայության մոտ առաջացրեց դավաճանված, խաբված լինելու զգացողություն. դա կարող է սփյուռքահայությանը առաջնորդել Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ անտարբերության։ Արդյո՞ք այս մեկը Փաշինյանի ծրագրերի մի մասն էր կազմում։ Թերևս։ Գալով Հովիկ Աղազարյան կոչեցյալի հայտարարությանը՝ կասեմ, որ բոլոր նրանք, որոնք կկրկնեն այդ թեզերը, գիտակցաբար կամ անգիտակցաբար կծառայեն մեր թշնամիների շահերին։ Աղազարյանը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախաքայլն է հատուցման գործընթացին։