Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխուել միայն ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի կողմից հաստատուած պլանով, որը մինչ օրս չկայ. ՀՀ ԱԳՆ

Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխուել միայն ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի կողմից հաստատուած պլանով, որը մինչ օրս չկայ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինուած ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, ագրեսիայ են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զօրքերի պատասխանատուութեան գոտում, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ։

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հասնելու ուղղութեամբ իրականացուող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու եւ Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրաւորուած քաղաքականութիւնը:


Յիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի եւ հրադադարի խախտման դէպքեր են հանդիսանում այս տարուայ մարտի 24-ին ադրբեջանական զինուած ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գիւղի ուղղութիւմբ, 2020 թուականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերի ուղղութեամբ ձեռնարկուած գրոհը, որոնք նոյնպէս գտնւում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի պատասխանատուութեան գոտում:

Անթոյլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող յայտարարութիւնները, որոնցով փորձ է արւում միակողմանիօրէն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով սահմանուած իրաւական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխուել միայն յայտարարութիւնը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ինչպէս յստակ սահմանում է նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան) համաձայնեցմամբ առաջիկայ երեք տարուայ ընթացքում կ’որոշուի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկութեան նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զօրակազմի յետագայ վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանութեան համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձեւաչափով հաստատուած նման պլան չկայ եւ եռակողմ յայտարարութեան բոլոր կողմերին կոչ ենք անում հաւատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտաւորութիւններին, անյապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ հաստատուած պայմանների իրագործման, ներառեալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահուող անձանց վերադարձման ուղղութեամբ:

Հարկ ենք համարում եւս մէկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութիւնը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտաւորութիւնները: Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մի շարք կէտէրի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանութիւններն են, շարունակուող ագրեսիւ հռետորաբանութիւնն ու գործողութիւնները:

Հայաստանի Հանրապետութիւնը, եւս մէկ անգամ վերահաստատելով իր հաւատարմութիւնը տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու օրակարգին, միջազգային հանրութեանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիւ կեցուածքը եւ գործողութիւնները կասեցնելու եւ դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղութեամբ»:

Share