ՔՊ-ից մի սպասելիք ունենք՝ հրաժարական․ Դաւիթ Իշխանեան

ՔՊ-ից մի սպասելիք ունենք՝ հրաժարական․ Դաւիթ Իշխանեան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը ՀՀ խորհրդարանական երեք ուժերին սեպտեմբերի 2-ին հրաւիրել է Արցախ՝ նշելու հայկական երկրորդ պետութեան անկախութեան օրը։

«Շատ բան կայ խօսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի բոլոր խմբակցութիւններին սեպտեմբերի 2-ին հրաւիրում եմ Արցախ՝ Հանրապետութեան հռչակման 31-րդ տարեդարձին նուիրուած տօնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կը հիւրընկալենք բոլոր խմբակցութիւնների պատգամաւորներից կազմուած պատուիրակութեանը»,- ասուած է Թովմասեանի ուղերձում։

Արթուր Թովմասեանի յայտարարութիւնն, ըստ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի, հերթական քայլն է՝ ուղղուած հայաստանեան քաղաքական ուժերի հետ երկխօսութեանը։

«Դեռեւս 2021 թուականի փետրուարին Արցախի խորհրդարանում հարց բարձրացուեց միջխորհրդարանական յարաբերութիւնների վերականգնմանն ուղղուած աշխատանքներ սկսելու ուղղութեամբ։ Եւ այդ ժամանակ մեր խորհրդարանի նախագահը դիմեց Արարատ Միրզոյեանին, որն այդ ժամանակ դեռ ԱԺ նախագահ էր։ Մենք ստացանք պատասխան, թէ յունիսի 20-ի արտահերթ ընտրութիւնների նախաշեմին նման հարց քննարկելը տրամաբանական չէ։ Նա նշել էր, որ ընտրութիւններից յետոյ այդ յարաբերութիւնները զարգացնելու համար քայլեր կարուէն»,- յիշեցրեց Դաւիթ Իշխանեանը, ապա յաւելեց, որ իրենք սպասել են ընտրութիւններին, ապա սեպտեմբերին եւս մէկ անգամ նոյն հարցով դիմել են, սակայն որեւէ արձագանք չի եղել։

Արցախի պատգամաւորը նկատեց՝ այժմ Արցախի հետ ՀՀ իշխանութիւնների յարաբերութիւնները ոչ թէ կաղում են, այլ գրեթէ գոյութիւն չունեն։

«Կարծում եմ, որ Արթուր Թովմասեանը փորձում է երկխօսութեան հնարաւորութիւններ ստեղծել։ Արցախը երկխօսութեան համար պարարտ հող է եւ պատրաստ է հիմնական խնդկիրները քննարկել։ Կարծում եմ՝ պէտք է դրական լինի արձագանքը, ընդդիմութիւնից մենք արդէն իսկ տեսել են որոշակի մեկնաբանութիւններ»,- նշեց նա։

Հարցին, իսկ ի՞նչ սպասելիքներ կան ՔՊ-ից, արդյօք հաւանակա՞ն է ՀՀ իշխանութիւնների այցը Արցախ, Դաւիթ Իշխանեանը պատասխանեց․ «ՔՊ-ից սպասելիքներ չունենք, ընդհանրապէս»։

Դաւիթ Իշխանեանը նշեց, որ ՀՀ գործող իշխանութիւններից մէկ սպասելիք ունեն իրենք՝ հրաժարական եւ հեռացում։

Այնուամենանիւ, պատգամաւորը յաւելեց, որ շատ կարեւոր է Արցախի անկախութեան օրը մեծ շուքով նշելը, եւ ցանկալի է, որ Հայաստանից շատ մարդիկ ներկայ լինէն այդ միջոցառմանը՝ ցոյց տալու հայաստանցի ու արցախցի ժողովուրդների միասնականութիւնը։

Ինչ վերաբերում է Արթուր Թովմասեանի յայտարարութեան միւս մասին, որով նա ողջունել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու եւ պատգամաւորական աշխատանքը շարունակելու որոշումը, ապա Դաւիթ Իշխանեանը նշեց, որ դրանով Արցախի ԱԺ նախագահը ջուր է լցնում ՔՊ-ի ջրաղացին։

«Այդ հարցն այստեղից բարձրաձայնելու իմաստը ես չեմ հասկանում։ Դա ուղղակի ընկալելի ու ընդունելի չէ»,- ասաց նա։

Նարէ Գեւորգեան

mediahub.am

Share