ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը յուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գեօրինգ-Էքքարդտի գլխաւորած պատուիրակութեանը: Կողմերը մեծապէս կարեւորել են Հայաստան-Գերմանիայ բարեկամական յարաբերութիւնների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցութեան խորացումը:
Ինչպէս «Արմենպրես»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնութեան հետ կապերի եւ հաղորդակցութեան վարչութիւնից, զրոյցի ընթացքում ուշադրութեան կենտրոնում եղել եւ շեշտադրուել է ԱԺ-ի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցութեան, համատեղ նախագծերի անհրաժեշտութիւնը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագոյն առեւտրատնտեսական գործընկերն է: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակութիւնը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալէն Սիմոնեանը:
Հանդիպմանը քննարկուել են հետպատերազմեան իրավիճակին, տարածաշրջանում տեւական խաղաղութիւն հաստատելուն առնչուող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդէս է գալիս տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում թէ’ տարածաշրջանային ենթակառուցուածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թէ’ սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան ուղղութեամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդէպ:
Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջօրէն հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ համոզմունք է յայտնել, որ հակամարտութիւնների լուծման արդիւնաւետ ուղին խաղաղ բանակցութիւններն են:
Հանդիպմանը քննարկուել է նաեւ Գերմանիայի հարուստ խորհրդարանական աւանդոյթի մաս կազմող հանրայայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպէս նաեւ վերականգնուող էներգիային վերաբերող գործնական հարցեր: