«Հայաստան» խմբակցութեան անդամները հանդիպեցին Եւրոպական խորհրդարանի արտաքին կոմիտէի նախագահի  պատուիրակութեան հետ

«Հայաստան» խմբակցութեան անդամները հանդիպեցին Եւրոպական խորհրդարանի արտաքին կոմիտէի նախագահի պատուիրակութեան հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամներ Աննա Գրիգորեանը եւ Արթուր Խաչատրեանը Յուլիսի 22-ին հանդիպել են Եւրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտէի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխաւորած պատուիրակութեանը: Դեյվիդ Մքալիսթերը յայտնել է, որ ցանկանում են ծանօթանալ խորհրդարանական ընդդիմութեան տեսակէտներին եւ առաջարկներին` կապուած ներքաղաքական զարգացումների, ՀՀ կառավարութեան կողմից վարուող արտաքին քաղաքականութեան, դրա այլընտրանքների եւ այլ հարցերի հետ:

Խմբակցութեան անդամ Աննա Գրիգորեանի խօսքով` պատուիրակութիւնը Հայաստան է այցելել մեր երկրի համար դժուարին ժամանակներում, երբ շատ լուրջ սահմանային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, երբ լուծուած չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երբ ադրբեջանական զօրքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ առայսօր գտնւում են այնտեղ` Սիւնիքում եւ Գեղարքունիքում: Աննայ Գրիգորեանն ընդգծել է, որ եթէ չլուծուի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հակամարտութեան աւարտի մասին խօսել չի կարելի: «Կարգավիճակի հարցը պէտք է լուծել յետագայ բանակցութիւնների միջոցով»,- շեշտել է նա:

Խմբակցութեան անդամ Արթուր Խաչատրեանը ներկայացրել է ԼՂ հակամարտութեան խնդիրը` անդրադառնալով դրա կարգաւորման ուղիներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք յայտնի սկզբունքներին: «1992 թ. ի վեր բոլոր միջազգային փաստաթղթերում մէկ յստակ ուղերձ է եղել, որը չի փոփոխուել 30 տարի շարունակ, մասնաւորապէս, ուժի կիրառման անընդունելիութիւնը: Այսպիսով, Ադրբեջանը խախտել է այս բոլոր կոչերը` 2020 թ. սանձազերծելով պատերազմ եւ փոխելով ստատուս-քուոն: Միջազգային հանրութիւնը եւ, մասնաւորապէս, Եւրամիութիւնը, եթէ համաձայնում են այս ստատուս-քուոյին, ապա նշանակում է, որ նրանք թոյլ են տալիս Ադրբեջանին անտեսել այն կոչերը, որոնք սեղանին դրուած են եղել 30 տարի շարունակ, մասնաւորապէս, խախտել Հելսինկիի վերջնական եզրափակիչ ակտի սկզբունքները, այսինքն` ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը` իրավիճակը փոխելու նպատակով»,- ընդգծել է պատգամաւորը:

Խմբակցութեան անդամները նաեւ անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը, էթնիկ զտումների քաղաքականութեանը ԼՂ-ում: «Պետք է յարգուի ԼՂ բնակչութեան ինքնորոշման իրաւունքը: Ուժեղացրեք անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Արթուր Խաչատրեանը` դիմելով եւրոպացի գործընկերներին:

Share