ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացեալ Նահանգների պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը ողջունել է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բլինքէնը այդ մասին գրել է «Թուիթեր»-ի իր պաշտօնական միկրոբլոգում:
«Արարատ Միրզոյեանը եւ Ջեյհուն Բայրամովը դրական քայլ արեցին՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխօսութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնութիւնները լուծելու ամենաճիշտ եւ յուսալի ճանապարհն է», — գրել է Միացեալ Նահանգների պէտքարտուղարը:
Յուլիսի 16-ին Թբիլիսիում, Վրաստանի արտգործնախարար Իլեայ Դարչիաշուիլիի միջնորդութեամբ տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրութեան՝ Միրզոյեանը Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի տեսակէտն առ այն, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղութեան հասնելու ճանապարհին կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան քաղաքական կարգաւորումը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորութիւնը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: