Այս դէպքն ունի համահայկական նշանակութիւն եւ կարող է տանել վտանգաւոր զարգացումների․ Արման Թաթոյեանը՝ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Այս դէպքն ունի համահայկական նշանակութիւն եւ կարող է տանել վտանգաւոր զարգացումների․ Արման Թաթոյեանը՝ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Այս դէպքն ունի համահայկական նշանակութիւն եւ կարող է տանել վտանգաւոր զարգացումների առ այն, որ ՀՀ պետական մարմինների կողմից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան կարող է կամայական արգելուել: Այս մասին իր ֆեյսբուքեան էջում գրել է Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ արգելելու լուրին։

«Այսօր խօսել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ՝ կապուած Հայաստանի Հանրապետութիւն իր մուտքի արգելքի հետ:

Նրա փոխանցմամբ՝ իր տիկնոջ հետ Հայաստան ժամանելուց յետոյ «Զուարթնոց» օդանակաւակայանում տեղեկացել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուած է: Ըստ նրա` օդանաւակայանում 4 ժամ պահուել է մինչեւ մուտքի հարցի լուծումը: Հայաստան մուտքի արգելքի վերաբերեալ պարզաբանումներ իրեն չէն տրամադրուել՝ չնայած իր բազմաթիւ խնդրանքներին: Առկայ չէն նաեւ հրապարակային պարզաբանումներ:

Նման վերաբերմունքը ՀՀ իշխանութիւնների կողմից բացարձակ անընդունելի է եւ նպաստում է համահայկական համախմբման տապալմանը:

Մուրադ Փափազեանը երկար տարիների գործունէութիւն է ծաւալել միջազգային ատեաններում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանութեան ուղղութեամբ, այդ թւում՝ 44-օրեայ պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի կարգավիճակում այս հարցերով բազմիցս ենք համագործակցել պարոն Փափազեանի հետ:

Այս դէպքն, այն էլ առանց մարդուն պարզաբանումներ տրամադրելու, ունի նաեւ համահայկական նշանակութիւն եւ կարող է տանել վտանգաւոր զարգացումների առ այն, որ ՀՀ պետական մարմինների կողմից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան կարող է կամայական արգելուել: Հարցն արդէն իսկ արժանացել է հանրային քննարկման նաեւ այս տեսանկիւնից:

Ուստի, Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազեանին իր իրաւունքները սահմանափակելու վերաբերեալ:

Հաշուի առնելով հայկական տիրոյթում հարցի հանրային քննարկումների վտանգաւոր ուղղութիւնները՝ պարզաբանումներ պէտք է ներկայացուէն նաեւ հայ հանրութեանը:

Հակառակ դէպքում ստացւում է ստեղծուած իրավիճակում Հայաստան մուտքի արգելքը դառնում է իրաւունքից դուրս գործող պատժիչ գործառոյթ:

Հ.Գ. 2-րդ լուսանկարում Ֆրանսիայի Սենատի անդամներին ու Ազգային ժողովի պատգամաւորներին եմ ներկայացնում 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ադրբեջանական զինուած ծառայողների յանցաւոր արարքների փաստերը: Հանդիպումը կայացել էր պարոն Փափազեանի աջակցութեամբ», — գրել է նա։

Share