Սա քինախնդրութիւն է. Փաշինեանը եկաւ՝ որպէս ժողովրդավար, բայց դարձել է դիկտատոր․ Յարութ Սասունեան

Սա քինախնդրութիւն է. Փաշինեանը եկաւ՝ որպէս ժողովրդավար, բայց դարձել է դիկտատոր․ Յարութ Սասունեան

Սփիւռքի Հայ դատի հեղինակաւոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը երէկ ֆեյսբուքեան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելուել է, եւ ինքը ՀՀ-ում «պերսոնայ նոն գրատայ» է յայտարարուել:

168TV-ի եթերում արդէն Մուրադ Փափազեանը մանրամասներ է ներկայացրել աղմկահարոյց միջադէպից։

«Այնտեղ ԱԱԾ պաշտօնեաներն էին, որ ինձ հետ յարաբերուեցին, 20 անգամ հարցրեցի՝ եթէ խնդիր կայ՝ ի՞նչն է խնդիրը, ասեք ինձ, որեւէ տեղեկութիւն չտուեցին, եւ 3,5 ժամ յետոյ իմացայ, որ Հայաստան մուտքն իմ համար արգելուած է, Հայաստանում պերսոնայ նոն գրատայ եմ։ Պատճառը չգիտեմ, բայց շատ հետաքրքրուած եմ իմանալ: Բայց նշանակում է, որ իրենք ցանկանում են տկարացնել Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները, եւ տկարացնելով Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները՝ տկարացնում են թէ Սփիւռքը, թէ Հայաստանը»,- ասել էր ֆրանսահայ գործիչը՝ իր հետ տեղի ունեցածը որակելով բացառապէս քաղաքական որոշում:

Տեղի ունեցածը լայն արձագանք է գտել ոչ միայն հայաստանեան լրատուական, հանրային ու քաղաքական դաշտում, այլեւ սփիւռքում եւ միջազգային տարբեր շրջանակներում։

Շատէրը զուգահեռներ են տանում 1992թ․-ի իւնիսի 29-ին ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի՝ Հայաստանից արտաքսման յայտնի սկանդալի հետ։

«Կալիֆոռնիայ կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը, 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Մուրադ Փափազեանի հանդէպ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան այս անհասկանալի որոշմանը՝ նկատեց, որ թէեւ վերջին տարիներին Հայաստանի իշխանութիւնների քայլերն այլեւս չէն զարմացնում իրեն, այդուհանդերձ, այս մէկը չէր սպասում։

Յարութ Սասունեանը յիշեցրեց՝ վերջին նման դիպուածն Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի կողմից ՀՅԴ ղեկավար Հրայր Մարուխեանին Հայաստանից հեռացնելն էր։

 «Ինձ համար շատ ցաւալի մի դէպք է սա, որովհետեւ շատ սխալ է, որ իշխանութիւնները Հայաստանից հեռացնեն որեւէ հայի․ Հայաստանն ամբողջ հայութեան տունն է, մեր բոլորի հայրենիքն է, եւ ամէն հայ իրաւունք ունի Հայաստան այցելելու, ՀՀ քաղաքացի լինելու, ներգաղթելու։ Ոչ մի իշխանութիւն իրաւունք չունի որեւէ հայի թոյլ չտալ՝ Հայաստան մտնել, եթէ, իհարկէ, այդ հայը օրէնքի խախտում չի կատարել։ Եւ եթէ անգամ դա լինի հարցը, այն ժամանակ ոչ թէ Փաշինեանը կամ ԱԱԾ-ն պէտք է ինքնագլուխ որոշեն՝ այս մարդը պէտք է հեռացուի, այլ այդ փաթեթը պէտք է յանձնէն դատարան, եւ դատարանը որոշի՝ այդ մարդը յանցաւո՞ր է, թե՞ ոչ, պե՞տք է հեռացուի երկրից, թե՞ ոչ։

Այս պարագայում՝ սա անհանդուրժողական մօտեցում է պարզապէս, որովհետեւ Փափազեանն ընդդիմադիր է։ Սա քինախնդրութիւն է, ոչ թէ օրէնքի գործադրում»,- յաւելեց նա։

Ի դէպ, մեր զրուցակցին զայրացրել է յատկապէս հայրենիքում Մուրադ Փափազեանի հանդէպ տարրական քաղաքաւարութեան բացակայութիւնը։

«Երբ պարոն Փափազեանն օդակայանում հարցնում է՝ ինչո՞ւ ինձ չեք թողնում, որ Հայաստան մտնեմ, չէն պատասխանում․ մի կողմ թողնենք օրէնքը, Մուրադ Փափազեանի հայրենասիրութիւնը, առնուազն ամենատարրական քաղաքավարութիւնն է պահանջում։ Եթէ մէկին հեռացնում ես երկրից, իր հայրենիքից, եւ նստեցնում ես մի սենեակում մի քանի ժամ, ապա դնում յաջորդ օդանաւ՝ հետ ուղարկելով Փարիզ, պէտք է պատճառաբանել․ առանց պատճառի մարդուն հեռացնում են»,- շեշտեց Յարութ Սասունեանը։

Սփիւռքահայ գործիչը, ի դէպ, յիշեցրեց Մուրադ Փափազեանի՝ մայիս ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցածը՝ մասնաւորապէս յայտնելով, որ այդ ժամանակ ֆրանսահայ գործիչն իր հետ Հայաստան էր բերել ֆրանսիական պատուիրակութիւն՝ Փարիզի քաղաքապետի առաջնորդութեամբ, իսկ Նիկոլ Փաշինեանը հրաժարուել է նրանց հետ հանդիպել։

«Կազմակերպուած հանդիպումից երկու ժամ առաջ վարչապետի գրասենեակից տեղեկացրել են, որ չէն ընդունելու։ Ֆրանսիան աշխարհի հաւանաբար ամենահայամէտ երկիրն է, նախագահ Մակրօնն է եկել Հայաստան, Փաշինեանին է ընդունել Ֆրանսիայում․ ինչպե՞ս կարելի է նման վերաբերմունք ունենալ մի հոյակապ հայամէտ երկրի հայամէտ գործիչների հետ։ Այսինքն՝մեր իշխանութիւններն ամէն ինչ կործանում են․ որքան էլ Սփիւռքում փորձենք կապեր հաստատել, օտար ղեկավարների համոզել-Հայաստան բերել, որ հայամէտ լինէն, աջակցէն մեր հայրենքին, նրանք փչացնում են մեր բոլոր ջանքերը»,- արձանագրեց Հ․ Սասունեանը։

Բուն միջադէպի հանգուցալուծմանն անդրադառնալով՝ ամերիկահայ գործիչը նկատեց, որ նման որոշումները բացառապէս դատարանները պէտք է կայացնեն․ իշխանութիւնները չէն կարող լինել թէ՛ իշխանութիւն, թէ՛ դատարան, թէ՛ ԱԺ, թէ՛ նախագահ։ Ըստ նրա՝ միանձնեայ որոշումներով ՀՀ իշխանութիւնները խախտում են ոչ միայն երկրի օրէնքները, այլեւ միջազգային։

Յարութ Սասունեանը կարծում է՝ Մուրադ Փափազեանն այս դրուագով պէտք է նախ հայց ներկայացնի հայաստանեան դատարաններում, իսկ խնդրի լուծում չլինելու պարագայում՝ եթէ դատարանը կատարի Փաշինեանի հրահանգը, Մ. Փափազեանը պէտք է դիմի Մարդու իրաւունքների եւրոպական դատարան․

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ եւրոպական դատարանն արձանագրելու է, որ ՀՀ կառավարութիւնը խախտել է պարոն Փափազեանի իրաւունքները՝ ազատ տեղաշարժման, ազատ արտայայտուելու։ Այս բոլորն այնքան ցաւալի է ինձ համար, որովհետեւ Նիկոլ Փաշինեանը չորս տարի առաջ իշխանութեան էր եկել՝ ինքն իրեն ներկայացնելով որպէս ժողովրդաւար, բայց այս չորս տարում երբեք ժողովրդին որեւէ մի բան չի հարցրել, ժողովրդի հետ որեւէ հարց չի քննարկել։ Նա անգամ չի լսում որեւէ նախարարի, խորհրդականի, դատարաններին։ Այսինքն՝ ինքը եկաւ որպէս ժողովրդաւար, բայց դարձել է դիկտատոր»։

Հարցին՝ չե՞ք վախենում, որ իշխանութիւնները կարգելէն նաեւ Ձեր մուտքը Հայաստան, Յարութ Սասունեանը պատասխանեց․

«Եթէ այդ իշխանութիւնները օրէնքը խախտում են, անտեսում են ամենատարրական մարդկային իրաւունքները, ամէն ինչ կարելի է սպասել․ կարելի է նաեւ նոյն բանը կիրառէն իմ դէմ, որեւէ սփիւռքահայի դէմ, եթէ նա համարձակուի իշխանութիւններին քննադատել։ Ես իսկապէս չեմ հասկանում՝ այս մարդիկ չե՞ն լսել խօսքի ազատութեան մասին․ այսքան խօսում են ժողովրդաւարութեան մասին՝ մինչդեռ չգիտէն, թէ խօսքի ազատութիւնն ինչ է նշանակում։ Սա շատ վատ հետեւանք է ունենալու յետագայում․ շատ հայեր Հայաստան չէն այցելելու՝ վախենալով, որ եթէ մի տեղ մի հարցազրոյց են տուել, կամ ինչ-որ մէկին ինչ-որ բան են ասել, գուցէ իրենց հետ ուղարկէն, կամ ձերբակալէն։ Ու սա պատահում է մի ժամանակ, երբ մեր հայրենիքը կործանումի եզրին է՝ շրջապատուած արիւնարբու թշնամիներով, ու մենք ամէն ինչ պէտք է անէինք միասնական լինելու համար։ Ու այս ամենավատ րոպէին մեր իշխանութիւնները ցանկանում են անջատել Սփիւռքը Հայաստանից, արցախցուն՝ հայաստանաբնակ հայից, ընդդիմութեանը՝ իշխանութիւնից»։

Share