Իրանի ԱԱԳԽ քարտուղարի Հայաստան այցի գլխաւոր ուղերձները

Իրանի ԱԱԳԽ քարտուղարի Հայաստան այցի գլխաւոր ուղերձները

Թիւրքական «աքցանը» բացառելու տեսանկիւնից. Արմէն Պետրոսեանի գրառումը Իրանցի առաջատար պաշտօնատարի այցին մասին

Յուլիսի 7-ին Հայաստան էր այցելել #ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

Ամբողջ աշխարհում, այդ թւում մեր տարածաշրջանում եռացող քաղաքական գործընթացերի համատեքստում(չնայած, որ սովորաբար տարուայ այս ժամանակահատուածում նաեւ քաղաքականութիւնն է պասիւ փուլ տեղափոխւում) իրանցի նման կալիբրի պաշտօնեայի այցը Հայաստան բնաւ պատահական չէ։ Անշուշտ, պէտք է նշել, որ ընթացիկ շաբաթ կարեւոր փոխայցելութիւններ են գրանցուել նաեւ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ։

Շամխանիի հետ Հայաստանում անցկացուած բանակցութիւնների վերաբերեալ տարածուած հաղորդագրութիւններում ներառուած մի շարք կէտէր(որոնք կազմել են տեքստէրի բովանդակութեան առանցքը) թոյլ են տալիս ընդգծել, որ քննարկումներում շոշափուած հանգուցային հարցը #ՀՀ Սիւնիքի մարզի տարածքով Ադրբեջանը #Նախիջեւանին կապող ճանապարհի («#Զանգեզուրի միջանցք») վերաբերեալ իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որը լիովին համընկնում է գործընթացի հետ կապուած հայկական մօտեցմանը։ 

Չնայած բառացի շարադրուած չէ, այնուամենայնիւ հնչած ուղերձների ենթատեքստում ակնյայտ կերպով վերահաստատւում է «Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, Հայաստանի հետ սահմանի անխախտութիւնն Իրանի համար կարմիր գիծ է» իրանական յայտնի կանխադրոյթը։

Հարկ է փաստել, որ վերոգրեալը հերթական հաւաստիքն է առ այն, որ Սիւնիքի(#Հայաստան-#Իրան սահման) նկատմամբ որեւէ արտաքին յաւակնութիւնների բացառումը տարածաշրջանում վերադիրքաւորման Իրանի առանցքային սկզբունքներից է, որի խախտումը լրջագոյն անվտանգային խնդիր է նաեւ Իրանի համար՝ դէպի Հիւսիս եւ Արեւմուտք թիւրքական «աքցանը» բացառելու տեսանկիւնից։ 

Մամուլի հաղորդագրութիւնների թեմատիկ ուղերձներն ստորեւ. 

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման պաշտօնական հաղորդագրութիւնից 

1. Հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների եւ յատկապէս Սիւնիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտուել է Իրանի Չաբահար նաւահանգստի կարեւորութիւնը: Երկուստեք բարձր է գնահատուել կողմերի պատրաստակամութիւնը՝ շարունակել համագործակցութիւնը Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

2. ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը ներկայացրել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանութեամբ որեւէ հարց չի քննարկւում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշեալի կոնտեքստում պէտք է յարգուէն պետութիւնների տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքները:

3. Կողմերը պայմանաւորուել են երկխօսութիւնը շարունակելու նպատակով յաջորդիւ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման պաշտօնական հաղորդագրութիւնից՝

4. Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխութեան որեւէ փորձ եւ նշել, որ իր երկիրը եւս սատարում է ենթակառուցուածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետութիւնների տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման շրջանակում:

#հարափոփոխ_տարածաշրջան, #անփոփոխ_հարեւաններ

Share