Հայաստանի անկախութեան նուիրուած միջոցառում Սան Ֆրանսիսկոյի «խաչատրեան» սրահում

Հայաստանի անկախութեան նուիրուած միջոցառում Սան Ֆրանսիսկոյի «խաչատրեան» սրահում

Օրակարգ-Սան Ֆրանսիսկո

Կիրակի Յունիսի 12-ին Հայաստանի անկախութեան 104-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ միջոցառում և հրապարակային հանդիպում Սան Ֆրանսիսկոյի «խաչատրեան» սրահում:

Օրուայ բանախօսն էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը:

Միջոցառման ներկայ էին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցւոյ Հայր Սմբատ Սապունճեան, հոգեւորականներ, Արեւմտեան Միացեալ Նահանգների կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեան և կենտրոնական կոմիտէի անդամ՝ Խաչիկ Թազեան, Սան Ֆրանսիսքոյի Քրիստափոր Կոմիտէի ներկայացուցիչ Աբրահամ Փանոսեանը: Միջոցառմանը ներկայ էին նաև համայնքի զգալի թուով անդամներ եւ ներկայացուցիչներ:

Սկզբում օրուայ հանդիսավար՝ Վարանտ Գասպարեանը բացման խօսքով և ներկաներին  բարի գալուստ մաղթելով բացուած յայտարարեց միջոցառումը և ապա ներկայացրեց Խաժակ Մկրտիչեանին:

Խաժակ Մկրտիչեանը զուգահեռներ գծեց առաջին հանրապետութեան անկախ Հայաստանի եւ այն իրողութիւնների միջև, որոնց դէմ յանդիման է Հայաստանն այսօր «թաւշեայ յեղափոխութիւնից» եւ 44-օրեայ պատերազմից յետոյ:

Նա անդրադարձաւ ՀՅԴ-ի դիրքորոշումներին, նպատակներին ու ձեռքբերումներին, բողոքի ցոյցերին և Հայաստանում համատարած դիմադրութեան շարժման ձեւաւորմանը: Նա եւս մէկ անգամ հաստատեց, որ ընդդիմութեան նպատակն է խափանել հողային եւ քաղաքական կապիտալի յետագայ զիջումների վնասակար եւ անշրջելի ուղին` խաղաղութեան դիմաց, որը պարտադրւում է Հայաստանի հարեւանների եւ մի շարք տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից, երբ գործող վարչակարգը չի կարող կամ չի ցանկանում քայլեր ձեռնարկել հակառակ ուղղութեամբ:

Այնուհետեւ տեղի ունեցաւ համապարփակ հարց ու պատասխան, որտեղ բանախօսը անկեղծ եւ թափանցիկ մթնոլորտում պատասխանեց ներկաների հարցերին:

Share