«Դիմադրութիւն» շարժման անդամ-պատգամաւորներն յունիսի 21-23-ը եռօրեայ այցով գտնուել են Արցախի Հանրապետութիւնում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցութիւնների, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտօնաթող նախագահների հետ:
ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը նշել է, որ «Դիմադրութիւն» շարժման գլխաւոր նպատակը՝ դիմադրութիւնն է Հայաստանի արտաքին թշնամիներին, երկրին սպառնացող սպառնալիքներին. «Բայց երբ պետութիւնն այդ դիմադրութիւնը չի կազմակերպում ու չի սպասարկում պետութեան ու ժողովրդի շահերը, հետեւաբար այդ դիմադրութիւնը լինում է նաեւ ներքին օրակարգում։ Մենք Հայաստանում դրել ենք իշխանափոխութեան օրակարգ եւ ամէն ինչ անելու ենք դրան հասնելու համար, որովհետեւ գտնում ենք, որ, դժբախտաբար, այս ամէնի պատճառը Հայաստանի իշխանութիւններն են եւ իրենց վարած քաղաքականութիւնը։ Այդ դիմադրութիւնը պէտք է լինի Արցախում, սփիւռքում, պէտք է ողջ հայ ժողովուրդը այս գաղափարի շուրջ համախմբուի»։
ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը նշել է, որ Արցախում ապրող մարդկանց համար կարեւոր երաշխիքներից մէկը պէտք է դառնայ Պաշտպանութեան բանակը՝ իր փոփոխութիւններով, իր վերակառուցողներով, իր ժամանակակից տեխնիկայի ապահովման միջոցով. «Բայց քանի Հայաստանում այս իշխանութիւնն է, որեւէ բան այս ուղղութեամբ չի լինելու»։
Քաղաքացիներից մէկի խօսքով՝ երբ «Դիմադրութիւն» շարժումը սկսել է իր պայքարը, դա իրենց համար մեծ ոգեւորուածութիւն է եղել. «Ամէն անգամ Փաշինեանը երբ ելոյթ է ունենում, մենք արդէն սովորել ենք, ապա մի վատ բան է լինելու»։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն ասել է, որ վերջին մէկուկէս տարուայ ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնն Արցախի Հանրապետութեան հետ ունեցել է խայտառակ յարաբերութիւն. «Ինչպէս ունեցել է 1988 թուականին։ Անցնող ամիսներին Արտաքին գործերի նախարարութիւններն իրար հետ ընդհանրապէս կապ չունեն։ Այս շրջանում փորձ է արւում Արցախը ներկայացնել ոչ միասնական տեսքով, ոչ միասնական դիրքորոշմամբ, ոչ միասնական կեցուածքով»։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աղուան Վարդանեանի խօսքով՝ Հայաստանում շարժումը նոր թափ է հաւաքել, երբ հարցը վերաբերել է Արցախին. «Սրանք այնքան են լկիտացել, այնքան են կարողացել ստել, որ այսօր էլ հանգիստ կանգնում ասում են՝ պահանջում են նշաձողն իջեցնել, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մէզ համար աւելի կարեւոր է Հայաստանը, քան Արցախը. իրենց համար ոչ մի բան կարեւոր չի»։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վադեւանեանն էլ նշել է, որ «Դիմադրութիւն» շարժման անդամներն իրենց գործողութիւններում վճռական են. «Այս ընթացքում իրականացրել ենք տարբեր հաւաքներ, ակցիաներ։ Այն, ինչը հնարաւոր է, առաւելագոյնը կատարել ենք։ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան ստուար զանգուած աջակցութիւն է յայտնել այն ելակէտէրին, որոնց մենք առաջ ենք քաշել։ Եւ ելակէտէրից անկիւնաքարայինն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։