Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջոյ Բայդէնը կրկին հրաժարուել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից եւ ճանապարհ բացել Ալիեւի հակահայկական ու կոռումպացուած ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար։
Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնութեան ցուցաբերմանը «կանաչ լոյս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիեւին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկութիւնը, Արցախի դէմ մահաբեր յարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեան հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութիւնը զրոյացնելու եւ 907-րդ բանաձեւի կատարումից հրաժարուելու նախագահական իրաւասութիւնը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդէնը մինչեւ պաշտօնաւարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին յայտարարել էր, որ «Միացեալ Նահանգները պէտք է ամբողջութեամբ իրականացնի եւ չհրաժարուի «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի պահանջներից եւ դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դէպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդէնն իր դիրքորոշումից հրաժարուեց 2021թ․ ապրիլի 23-ին։
907-րդ բանաձեւը, ուժի մէջ է մտել 1992 թուականին եւ նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարութեանը տրամադրուող օգնութեանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարութիւնը կոնկրէտ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ շրջափակումներն ու յարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարաւորութիւն տուեց ամէն տարի հրաժարուել 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկեան նախագահներն անում են ցայսօր։
Յատկանշական է, որ 907-րդ բանաձեւի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարութեան հաշուետուողականութեան գրասենեակի յատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկեան ռազմական օժանդակութիւնն Ադրբեջանին հաշուի չի առել Հարաւային Կովկասում ուժի հաւասարակշռութեան խախտման հաւանականութիւնը եւ վերջինիս վերաբերեալ Պետդէպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկոյցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկեան օգնութիւն։
Ադրբեջանին ամերիկեան բազմաբնոյթ ռազմական օժանդակութիւնից զրկումը Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է, եւ այդ ուղղութեամբ յանձնախմբի աշխատանքներն ամենօրեայ ռեժիմով շարունակւում են։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
24.06.2022 թ.