27 տարի ծառայելուց և համացանցից օգտուելու գործում առաջնային դեր խաղալուց յետոյ, Ինտերնետ Էքսպլորերը (Internet Explorer) (IE) պաշտօնապէս դադարեցուել է եւ չի աջակցւում Յւնիս 15ից:
Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), առաջին մասայական օգտագործուող վեբ-բրաուզերներից էր, որով շատերը սկսել են իրենց առաջին փորձերը համացանցի հետ: Թողարկողն է հանրայայտ Մայքրոսոֆտ ընկերութիւնը դեռեւս 1995 թուականից: Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերը մասսայական է դարձել 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թուականներին արդէն այս բրաուզերից օգտւում էին աշխարհի ինտերնետ օգտագործողների 95 տոկոսը: Սակայն ներկայ օրերին Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերից օգտուողների թիւը հետեւողականօրէն նուազել է մինչեւ 4%, որովհետեւ այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս յայտնի բրաուզերներ, ինչպիսին են` Մոզիլայ Ֆայրֆոքսը 10%, Գուգըլ Քրոմը 60%, Սաֆարին10% եւ այլ:
Որպէսզի Ինտերնետ Էքսպլորերը չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերութիւնը անընդհատ փոփոխութիւններ կատարեց իր բրաուզերում: Այսպէս զգալիօրէն իր նախորդ տարբերակներից տարբերւում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 11-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերւում է նաեւ իր արագագործութեամբ ու անվտանգութեան բարձր վարկանիշով:Սակայն այս բոլորով հանդերձ վերջապէս Միքրոսոֆտն էլ համոզուեց, որ Էքսպլորերը չի կարող վերականգնել իր դիրքերը եւ սկսեց իր նոր բրաուզերը Էջ անունով:
Մայքրոսոֆտի վկայութեամբ Ինտերնետ Էքսպլորերի թոշակի անցնելու վրայ աշխատելը մշտապէս յիշեցնում է դրա կարեւորութեան մասին: Ամէն օր մենք աշխատում ենք յաճախորդների հետ, ովքեր իրենց բիզնեսը կառուցել են Ինտերնետ Էքսպլորերով: Մեր պատմութիւնը շատ առումներով ինտերնետի պատմութիւնն է եւ այն, ինչ այն թոյլ է տուել մարդկանց եւ կազմակերպութիւններին անել ամբողջ աշխարհում:
Սակայն ցանցը զարգացել է, ինչպէս նաեւ բրաուզերները: Էքսպլորերի յաւելեալ բարելաւումները չէին կարող համընկնել համացանցի ընդհանուր բարելաւումների հետ, ուստի մենք նորը սկսեցինք: Մայքրոսոֆտ Էջն (Edge) աւելի արագ, աւելի ապահով եւ ժամանակակից բրաուզեր է, որը նախատեսուած է այսօրուայ ինտերնետի համար: Բայց մենք չենք մոռացել, որ համացանցի որոշ հատուածներ դեռեւս հիմնուած են Էքսպլորերի յատուկ վարքագծի եւ առանձնայատկութիւնների վրայ, այդ իսկ պատճառով Մայքրոսոֆտ Էջն ունի Էքսպլորերի ռեժիմ: Անկախ կայքից կամ ստանդարտից` հին թէ նորից, դուք կարող էք մուտք գործել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է Մայքրոսոֆտ Էջում նոր ժամանակակից հնարաւորութիւններով` առցանց ժամանակն աւելի լաւ դարձնելու համար:
Յաջորդ մի քանի ամիսների ընթացքում Ինտերնետ Էքսպլորեր բացումը աստիճանաբար օգտուողներին կուղղորդի դէպի մեր նոր ժամանակակից բրաուզեր` «էջ» ռեժիմը: Օգտատէրերը դեռ կը տեսնեն Ինտերնետ Էքսպլորերի պատկերակը իրենց սարքերում (օրինակ` առաջադրանքների տողում կամ «սկսելէ ընտրացանկում), սակայն եթէ նրանք սեղմեն` բացելու Ինտերնետ Էքսպլորերը, փոխարէնը կը բացուի «էջէը` հեշտ մուտք ունենալով Էքսպլորերի ռեժիմ: Ի վերջոյ, Ինտերնետ Էքսպլորերը ընդմիշտ կ’անջատուի որպէս ապագայ Windows Update-ի մաս, որի ժամանակ օգտագործողների սարքերում Ինտերնետ Էքսպլորերի պատկերակները կը հեռացուեն:
Որպէս այս վերահղման գործընթացի մաս, օգտատէրերը կունենան իրենց տուեալները, ինչպիսիք են ընտրեալները, գաղտնաբառերը եւ կարգաւորումները, ներմուծուած Ինտերնետ Էքսպլորերից, ինչը կ’օգնի Մայքրոսոֆտ Էջին անցումին:
Իմ սերնդակիցների համար անձնական համակարգիչներից յետոյ Ինտերնետ Էքսպլորերը երկրորդ մեծ յայտնութիւնն ու առաջին պատուհանն էր դէպի համացանցի վիրտուալ աշխարհը:
Հ. Երազ