«Ռուսաստանը ցանկանում է մինչեւ յունիսի 26-ն ամբողջութեամբ գրաւել Լուգանսկի շրջանը». Ուկրայինայի ՊՆ

«Ռուսաստանը ցանկանում է մինչեւ յունիսի 26-ն ամբողջութեամբ գրաւել Լուգանսկի շրջանը». Ուկրայինայի ՊՆ

Շոլցը, Մակրոնը եւ Դրագին Ուկրայինային մերժել են զէնքի արագ մատակարարումների հարցում

Ռուսական բանակը ունի առաջադրանք՝ մինչեւ յունիսի 26-ն ամբողջութեամբ գրաւել Լուգանսկի շրջանը, այսօր վճռորոշ մարտեր են ընթանում Սեւերոդոնեցկի համար։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում յայտարարել է Ուկրայինայի պաշտպանութեան փոխնախարար Աննա Մալեարը, ըստ Tert.am-ի՝ գրում է News.liga.net-ը։

Նրա խօսքով, այսօր (յունիսի 20-ին, Խմբ.) ռուսական զօրքն իր ողջ ուժերն ու միջոցները նետել է Լուգանսկի շրջանի բնակավայրերը գրոհելու համար՝ փորձելով ճեղքել ուկրայինական զօրքերի պաշտպանութիւնը եւ շրջապատել Սեւերոդոնեցկը եւ Լիսիչանսկը պաշտպանող խումբը։

Մալեարն ընդգծել է, որ պէտք է հասկանալ սպառազինութեան հարցում հակառակորդի գերազանցութիւնը, ինչը բարդացնում է իրավիճակը, իսկ Լուգանսկի շրջանում մարտերի ինտենսիւութիւնը հասել է իր գագաթնակէտին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիօ Դրագին, որոնք անցեալ շաբաթ եղել են Ուկրայինայում, Կիեւին մերժել են օպերատիւ մատակարարումների հարցում: Այդ մասին The Los Angeles Times թերթի համար կիրակնօրեայ յօդւածում գրել է Դոյլ Մակմանուսը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հեղինակի կարծիքով՝ Եւրոպայի կառավարութիւններում կուտակւում է «յոգնածութիւն Ուկրայինայից» այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրւած էին գործադրելու Ռուսաստանի վրայ, խփում է հէնց իրենց:

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն է, որ դրանք կը գործեն սոսկ եթէ վնասեն նաեւ մեզ»,- մէջբերում է յօդւածագիրն ի հաստատումն իր խօսքի իր մտերիմներից մէկի՝ նախկին ուսուցիչ Ռոբերտօ Պեսչիանիի կարծիքը: Մակմանուսը նշում է, որ չնայած այն բանին, որ Եւրոպայի երեք խոշոր պետութիւնների ղեկավաները ժամանել էին Կիեւ եւ կրկին աջակցութիւն յայտնել Ուկրայինային, սակայն այնտեղ այդպէս էլ չստացան ռազմական մատակարարումների արագացման երաշխիքներ:

«Այդ երեքը (Ուկրայինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին չտւեցին ամենաբաղձալին. նոր զէնքի արագ առաքումը»,- գրել է նա:

Հեղինակը նաեւ թերահաւատօրէն է վերաբերել ԵՄ-ին Ուկրայինայի անդամակցութեան հնարաւորութեանը եւ Մակրոնի, Շոլցի եւ Դրագիի կողմից այդ քայլի աջակցութիւնը համարել է «զուտ խորհրդանշական»:

Անցեալ շաբաթ Շոլցը, Մակրոնը, Դրագին եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Եոհաննիսն այցելել են Ուկրայինա, հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցութիւնների հիմնական թեման է դարձել Ուկրայինայի շուրջ ներկայիս իրադրութիւնը: Գերմանական Die Welt թերթը հանդէս է եկել ենթադրութեամբ, որ եւրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկիին համոզել նստելու բանակցութիւնների սեղանի առջեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share