Մի քանի ժամից Ֆանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրութեան շարժման հանրահաւաք է յայտարարուած։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարուած նոր մարտաւարութեան, գործողութիւնների մասին յայտարարութիւնների։ Մեթոդներն ու գործողութիւնները կարող են սրբագրուել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թէ Ֆրանսիայի հրապարակում դիմաւորած ամէն օրս, ամէն լուսաբացս սկսւում է պայքարի մտքով։ Ես պարտք ունեմ, առաքելութիւն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամէն մէկս այդ առաքելութիւնն ունենք։ Այս 40 եւ աւելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդութեան գործողութիւններին ներկայ իմ, մեր զինակից հայրենակցի վճռականութիւնը տեսնելով՝ վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մէկ վերջնանպատակ՝ Յաղթանակ։ Երկար գրելու ցանկութիւնս մեծ է, բայց հասկանում եմ, որ հեւքի մէջ չի էլ ընթերցուի։ Ուղղակի անեմ մի քանի արձանագրում.
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժուել:
• Հրապարակը այսօր կոչւում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կը լինենք, միւս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցոյց տուեցինք, որ ցանկացած հրապարակ մէզ համար բաց է։ Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետութեան հրապարակում եւս տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների ներկայութեամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ մնում ենք այստեղ։
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիւ ենք տուել։
• Յունիսի 14-ն ունի մէկ առանձնայատկութիւն՝ ներուի փորձութեան օր է։ Այս իշխանութիւնը դաւադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պէս էլ իրեն պահում է։ Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մէջ սերմանի։
• Կարեւորը՝ յունիսի 14-ին, ինչպէս նախորդ բոլոր օրերին, մէկ մարդու պէս գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիւ է, քննարկման ենթակայ չէ։ Անցնող բոլոր օրերին առաւել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մէջ չքայլելը։ Յաճախ բեմերում չեմ եղել, բարձրախօս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մէկն եմ մեր տասնեակ հազարաւոր զինակիցներից։ Այդպէս էլ վարուելու եմ վաղը, միւս օրը։ Նոյնն ակնկալում եմ ամէն մէկիցս։ Քանի որ մենք դիմադրութեան շարժման զինուորներ ենք՝ կռիւ ենք տուել հաւասար, քայլել ենք հաւասար, ծեծուել ենք հաւասար, վնասուել ենք հաւասար, ու հաւասար եւ միասնական էլ յաղթելու ենք։
• Յունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահաւաքին յաջորդելու է յունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն աւելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցոյց տալ, փաստել, որ մեր ուժականութիւնը չի պակասում։ Այդ դէպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։
• Ինձ համար կարեւորը յունիսի 15-ն է։ Երբ նոյն յամառութեամբ ու վճռականութեամբ շարունակէնք մեր պայքարը։ Վստահ եմ, հազարաւոր մեր զինակիցներ շարքերում են լինելու։
• 19։30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիկապէս հետներս չէն. ճաղերի ետեւում են) լինելու եմ Հրապարակում:
• Մեզ ճաղերի ետեւից տասնեակ մեր ընկերներն են հետեւում։ Նրանցից շատերին անխօս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք։ Նրանք են, որ ոգի են տալիս մէզ։ Նրանց տեղն էլ կանգնենք յունիսի 14-ին ու յաջորդ օրերին։ Մինչեւ մէզ միանան, կամ մեր ընդհանուր յաղթանակը նշէն։
• Վերջապէս՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչեւ ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր յամառութեան ու միասնականութեան դէպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց։ Մենք դա կարող ենք։ Պետք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ։
• Իսկ դրա համար իրօք յունիսի 14-ից նոր մարտավարութիւն է պէտք սկսել։ Դիմադրութեանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գիւղ առ գիւղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների յամառութեամբ փաստեցինք՝ կարոյ՛ղ ենք։
• Հետեաբար, յունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստուենք, որ այն արդէն նեղ է մէզ համար, Հայաստանը պէտք է դարձնենք մեծ, մէկ ամբողջ հրապարակ ու յունիսի 15-ին շարունակէնք պայքարը։
Կհանդիպենք 19։30-ին, նոյն վայրում, որ յետոյ երթ անենք, յետոյ արդէն տարածուէնք ողջ երկրով։
Գեղամ Մանուկեան
ՀՀ ԱԺ պատգամաւոր