Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ «Արարատ»ի նախկին խաղացող, մարզիչ Գառնիկ Մեհրաբեանը

Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ «Արարատ»ի նախկին խաղացող, մարզիչ Գառնիկ Մեհրաբեանը

Յունիս 2-ին 85 տարեկան հասակում մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ «Արարատ»ի նախկին խաղացող, մարզիչ Գառնիկ Մեհրաբեանը Գլենդելում:

Գառնիկ Մեհրաբեանը բազմաթիւ հեղինակային ակումբների, այդ թւում՝ իրանական «Էսթեղլալ»ի և «Արարատ»ի նախկին խաղացող և մարզիչն է եղել:

Գառնիկ Մեհրաբեանը ծնւել է 1937 թւականի Հոկտեմբերին, Թեհրանում։

Ֆուտբոլային կարիերան մեկնարկել է հեղինակաւոր «Թաջ» թիմում:

1963 թւականը շրջադարձային էր Գառնիկ Մեհրաբեանի կեանքում։ Նա հէնց այդ թւականին տեղափոխւել է  «Արարատ», որտեղ առաջին երկու մրցաշրջաններն անցկացրել է որպէս խաղացող-մարզիչ, իսկ յետոյ զբաղւել է բացառապէս մարզչական աշխատանքով։

Շուրջ տասը տարի Մեհրաբեանը պատւով կատարելէ իր առաքելութիւնը՝ բազմաթիւ յիշարժան  էջեր գրելով իրանական ֆուտբոլի տարեգրութեան մէջ։ Նրա ամենայայտնի սաներից են Անդրանիկ Էսկանդարեանն ու Կարօ Հախվերդեանը, որոնք մեծ յաջողութիւնների են հասել Իրանի ազգային հաւաքականում։

Գառնիկ Մեհրաբեանը նոր շունչ է հաղորդել «Արարատ»-ի ֆուտբոլին:

«Արարատ»-ը Մեհրաբեանի գլխաւորութեամբ դարձել է յարձակողական ոճի մարտունակ թիմ։

Նոյնիսկ պատահել է այնպէս, որ իրանական ֆուտբոլային հսկաների՝ «Էսթեղլալ»-ի եւ «Պերսեպոլիս»ի չեմպիոնական մրցավազքի ճակատագիրը որոշւել է հէնց հայկական ակումբի հետ սկզբունքային խաղերում։

Հետագայում Մեհրաբեանն ապացուցել է, որ կարող է յաջողութեամբ աշխատել ոչ միայն հայկական թիմի հետ։ Թաւրիզի «Մաշին Սազի» ակումբը նրա շնորհիւ զգալիօրէն բարելաւել է դիրքերը երկրի առաջնութիւնում։

Մեհրաբեանի աշխատանքն աննկատ չի մնացել,  եւ նա 1973 թւականին հրաւէր է ստացել Իրանի   ֆուտբոլի ֆեդերացիայից՝ գլխաւորելու երկրի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների հաւաքականը։ Հայ մասնագէտն անմիջապէս նկատել է խոստումնալից ֆուտբոլիստներին, որոնց օգնում էր բացւել եւ կատարելագործել խաղային հմտութիւնները։ 

Պատահական չէ, որ երկու տարի անց նա ընդգրկւել է ազգային հաւաքականի մարզչական խմբում։ 1975 թւականին «Մելլիների» ընտրանին գլխաւորել է իռլանդացի փորձառու մասնագէտ Ֆրենք Օ’ Ֆարրէլը, որը մինչ այդ հանդէս էր եկել Իռլանդիայի ազգային հաւաքականում, իսկ 1970 ականների սկզբին մարզչական մկրտութիւն էր ստացել տիտղոսակիր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում։ Գառնիկ Մեհրաբեանն Իրանի հաւաքականում դարձել է իռլանդացի մասնագէտի աջ ձեռքը, առաջին օգնականը։

Հայ մասնագէտը 1980 թւականին տեղափոխւել է Արաբական Միաացեալ Էմարաթներ, որտեղ ընդգրկւել է այդ երկրի ազգային հաւաքականի մարզչական խմբում:

Մեհրաբեանը, հետագայում բնակութիւն է հաստատել ԱՄՆ-ի Գլենդէլ քաղաքում 2007 թւականին հիմնել է իր ֆուտբոլային ակադեմիան եւ «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբը։

Ալիք-Sputnikarmenia

Share