«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների յայտարարութիւնը

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների յայտարարութիւնը

Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են․

• Ս. թ. յունիսի 3-ին Պռոշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառուել է ապօրինի եւ անհամաչափ ուժ (վահաններ եւ մահակներ) եւ յատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սուիրել» լուսաձայնային նռնակներ, թէեւ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ, եւ այդ պարագայում ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտեին, այլ ընդհակառակը՝ պարտաւոր էին աջակցել խաղաղ հաւաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցուել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի եւ յատուկ միջոցների կիրառման արդիւնքում խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանում,նրանց թւում՝ նաեւ կանայք եւ տարէցներ, առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասուածքներ։ Մարմնական տարատեսակ վնասուածքներ են ստացել (կողերի կոտրուածք, սալջարդեր եւ այլն) նաեւ ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութիւն» շարժման մասնակից քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասուածք ստացածների մի հատուածն է միայն դիմել բժշկական օգնութեան, զգալի հատուածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը եւ հիմք է տուել իշխանութեան ներկայացուցիչներին լրատուական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդիւնքում ոստիկանների շրջանում վնասուածք ստացածների թիւը շատ աւելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման արդիւնքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատուութեան համաձայն՝ կիրառուած լուսաձայնային նռնակները նաեւ եղել են ժամկէտանց։



• Պռոշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանութեան աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հաւաքի մասնակիցների նկատմամբ առաւել դաժան եւ ագրեսիւ պահելաձեւով։ Յիշեցնում ենք, որ համազգեստի եւ համազգեստի վրայ անյատականացնող տուեալների առկայութիւնը օրէնքի պահանջ է։ Այսպէս, «Ոստիկանութեան մասին» օրէնքի 12-րդ յօդուածը կարգաւորում է ոստիկանութեան պարտականութիւնները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ յօդուածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանութիւնն ապահովելիս ոստիկանութեան ծառայողները պարտաւոր են կրել սահմանուած ձեւի համազգեստ, որի վրայ տեսանելի մասում փակցւում են ոստիկանութեան ծառայողին անձնապէս նոյնականացնելու հնարաւորութիւն տուող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգաւորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին: Սա ազատութիւնից հնարաւոր անօրինական զրկելը կամ հնարաւոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղուած միջազգային կանոն է:


Անյատականացնող տուեալների պարտադիր լինելը եւ դրանց տեսանելիութիւնը յստակօրէն սահմանուած են նաեւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հաւաքների ազատութեան վերաբերեալ ուղեցոյցի 159-րդ կէտում. «Իրաւապահ անձնակազմը հաւաքների ժամանակ պէտք է տեսանելիօրէն կրի կամ ցուցադրի նոյնականացման որեւէ ձեւ (օրինակ՝ անուանական պիտակը կամ համարը) իր համազգեստի եւ/կամ գլխարկի վրայ: Այն դէպքում, երբ հաւաքի ժամանակ ներկայ իրաւապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չէն կարող նոյնականացուել, նրանք պարտաւոր են հարցնելու դէպքում ներկայանալ իրենց ազգանունով եւ կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաեւ, որ ս. թ. ապրիլ-յունիսեան հաւաքների ընթացքում միայն յատուկենտ դէպքերում են ոստիկանութեան ծառայողները իրենց համազգեստի վրայ կրում անյատականացնող տուեալներ: Այս փաստը դեռեւս մէկ ամիս առաջ արձանագրուել է նաեւ գործող ՄԻՊ կողմից. «Քաղաքացին պէտք է կարողանայ ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին: Այսօր եւս մշտադիտարկումների եւ անձանց հետ զրոյցների արդիւնքում արձանագրուել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցութեան դէպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են աւելի ագրեսիւ եւ անկաշկանդ»։

Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայութիւնը եւս մէկ անգամ փաստում է, որ գործող իշխանութիւնները օրէնքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանութեան հետ որեւէ առնչութիւն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազօրի անդամների, խաղաղ հաւաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմութիւնը պահանջում է ՀՀ ոստիկանութիւնից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանութիւն իրականացնող բոլոր ոստիկանները հաւաքներին ներկայանան օրէնքի պահանջին համապատասխանող համազգեստով եւ տարբերանշաններով, այլապէս նրանք չէն կարող դիտարկուել որպէս ոստիկանութեան այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, եւ հետեւաբար նմանօրինակ ոստիկաններից իւրաքանչիւրի կողմից իրականացուած այս կամ այն գործողութիւնը կամ պահանջը դադարում է լինել օրինական։

• Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառուել նաեւ խաղաղ հաւաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտուել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպէս, սադրանքի արդիւնքում ստեղծուած հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատուամիջոցներից մէկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրայ ամրացւում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գէտնին, այնուհետեւ այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդիւնքում օպերատորը ստացել է ոտքի վնասուածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գոյքը՝ վնասուել։ Պռոշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում ոստիկանութեան ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների եւ օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սուիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պէտք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման յատուկ միջոցների կիրառումը ինքնին արդէն վտանգ է ստեղծել յիշեալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջութեան եւ մասնագիտական գործունէութեան ծաւալման համար։

• Խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողութիւնները կատարուել են անձամբ Նիկոլ Փաշինեանի ապօրինի հրամանի հիման վրայ։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինեանի հրամանով կիրառւում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հաւաքին ներկայ գտնուողների մեծ մասը 44-օրեայ պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բաւական է հաւաքի մասնակիցներին սադրելու համար:

«Հայաստան» խմբակցութիւն
«Պատիւ ունեմ» խմբակցութիւն

Share