ՀՅԴ Հայ Դատի Յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (մայիս 2022թ.)

ՀՅԴ Հայ Դատի Յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (մայիս 2022թ.)

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը մայիս ամսին շարունակել է աշխատանքները Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելու, «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի պահանջների վերականգնելու, Թուրքիային նորագոյն ռազմական արտադրանքների վաճառքը կանխելու, Հայոց ցեղասպանութեան կրթութեան համար պետական ֆինանսաւորում ապահովելու եւ այլ ուղղութիւններով։ Վերջինիս ուղղութեամբ կատարովող աշխատանքի արդիւնքում՝ Կոնգրեսում ներկայացուած համապատասխան օրէնսդրական նախաձեռնութեանը միացած կոնգրէսականների թիւը հասել է 62-ի։

Հայաստանի Հանրապետութիւնում իր աւելի քան եռամեայ դիւանագիտական ծառայութիւնից յետոյ դեսպան Լին Թրեյսին կրկին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը։ Առաջին անգամ՝ 2020թ․ դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետդէպարտամենտին՝ խնդրելով վերանայել դեսպանի դիւանագիտական գնահատականը՝ հաշուի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կառավարական հարցերով տնօրէն Թերեզայ Յերիմեանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջեանը եւ ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկեանը, Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանի հետ մայիսի առաջին կէսին, մէկշաբաթեայ փաստահաւաք առաքելութեամբ, գտնւում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտօնեաների, հումանիտար առաքելութիւնների, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ։ Այցի հիմնական նպատակն էր փաստահաւաք աշխատանքով նախապատրաստուել Ամերիկայի Միացեալ Նահանգներում Արցախի շահերի պաշտպանութեանը 2023թ․ ֆիսկալ տարուայ եւ 2023թ․ Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի շրջանակներում։ Այս առումով Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը սերտօրէն աշխատելու է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակի հետ։

Արցախ այցելութեան առթիւ Թերեզայ Յերիմեանը նկատել է․ «Արցախի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւոր առաջնահերթութիւններն են։ Մենք արժեւորում ենք կառավարական պաշտօնեաների եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ հանդիպումները՝ անմիջապէս սկզբնաղբիւրից հասկանալու Արցախի մարտահրաւէրները՝ վերջինիս շահերի պաշտպանութեանն ուղղուած առաւել արդիւնաւետ աշխատանքներ տանելու համար։ Մենք շարունակելու ենք աշխատել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելու եւ Արցախին օժանդակութիւն ապահովելու համար»։

Հայ դատի համակարգի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախի շուրջ ստեղծուած աշխարհաքաղաքական իրավիճակը, 907-րդ բանաձեւի շուրջ ներամերիկեան զարգացումները, Կոնգրեսում ի նպաստ Արցախի տարուող աշխատանքը եւ Հայկական իրաւական կենտրոնի կողմից հայ ռազմագերիների ազատութեան ուղղութեամբ տարուող աշխատանքը։

Հաշուի առնելով թուրք-սիրիական սահմանագոտում թուրքական կառավարութեան՝ սադրանքներ հրահրելու փորձերը, մայիսի 26-ին յայտարարութեամբ է հանդէս եկել հայկական (Հայ դատի յանձնախումբ), յունական, քրդական եւ այլ կազմակերպութիւններից կազմուած կոալիցիան, որն ԱՄՆ կառավարութեանը կոչ է արել Թուրքիային զսպելու համար կիրառել համապատասխան պատժամիջոցներ։

Եւրոպայ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ մայիսի 2-6 կայացել է ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանի այցը Ստրասբուրգ եւ Բրիւսել։ Ստրասբուրգում Խաչատրեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Եւրախորհրդարանի շուրջ երկու տասնեակ պատգամաւորների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկուել է Արցախի հիմնախնդիրը, մասնաւորապէս՝ Ադրբեջանի կողմից շարունակուող հայատեաց քաղաքականութիւնը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները, հոգեբանական տեռորը եւ մարդասիրական աղէտի ստեղծումը, որի նպատակն Արցախի հայաթափումն է։ Արթուր Խաչատրեանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։ Առանձնակի ուշադրութիւն է դարձուել Ադրբեջանում պահուող հայ գերիների հարցին։ Զրուցակիցների խնդրանքով Խաչատրեանը ներկայացրել է ընդդիմութեան մօտեցումները Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերեալ՝ կարեւորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի յարգումը եւ Ադրբեջանի կազմում Արցախի որեւէ կարգավիճակի բացառումը։ Պրն․ Խաչատրեանը նաեւ զրուցակիցներին ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների եւ ցոյցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։

Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդութեամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին Հայ դատի Եւրոպայի գրասենեակը հանդէս է եկել հաղորդագրութեամբ՝ ի թիւս այլնի յայտարարելով, որ Եւրամիութեան միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պէտք է անկիւնաքարային կէտ լինի․ հետեւաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։ Եւրոպական Միութիւնը պէտք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի յարձակողապաշտ քաղաքականութեան վրայ եւ կանխի Արցախի հայ ազգաբնակչութեան էթնիկ զտումը։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղութիւն պարտադրել, որը վերջին հաշուով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամեայ հայրենիքում։

Հաշուի առնելով վերոնշեալ հանդիպման վերաբերեալ Շ․ Միշելի կողմից հրապարակուած յայտարարութիւնում առկայ խիստ անընդունելի ձեւակերպումները՝ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ստիպուած է եղել հանդէս գալ նոր յայտարարութեամբ՝ նկատելով, որ Միշելի միջնորդութիւնը պէտք է հիմնուի հետեւեալ փաստէրի եւ հանգամանքների վրայ.

– ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մէջ է մտել 2021 թուականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը՝ ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ամրագրուած նպատակների եւ սկզբունքների, եւ ԵԱՀԿ Հելսինկեան եզրափակիչ ակտի հիման վրայ, ներառեալ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքը»՝ որպէս երեք հիմնական սկզբունքներից մէկը։

– Բաքուի ցանկացած անմիջական վերահսկողութիւն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիօրէն նշանակում է դրա հազարամեայ բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պէտք է արտացոլուի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան կամքի ժողովրդավարական արտայայտմամբ, առաջնային է բնակչութեան երկարաժամկէտ ու կայուն անվտանգութեան ապահովման եւ հայրենիքում ապրելու իրաւունքի երաշխաւորման համար։

– Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պէտք է իրականացուի՝ յարգելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը։ Նոր հակամարտութեան համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարաւոր ռիսկ պէտք է բացառուի։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը չէն կարող կատարուել ուժի կիրառման հետեւանքով եւ չպէտք է իրականացուէն հապճեպ՝ առանց հաշուի առնելու դրա բոլոր հետեւանքները։

– Ադրբեջանը պէտք է անյապաղ դադարեցնի հայատեացութեան պետական քաղաքականութեան բոլոր դրսեւորումները։

-Հետեւելով Եւրոպական խորհրդարանի, ինչպէս նաեւ ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձեւերին՝ Ադրբեջանը պէտք է անյապաղ եւ անուէրապահօրէն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը նաեւ ՀՀ կառավարութիւնից է ակնկալում, որ բանակցութիւնների ընթացքում այն պնդի վերոնշեալ բոլոր կէտէրը։

Աւստրալիայ

Արցախի Հանրապետութեան դրօշը մայիսի 9-ին բարձրացուել է Աւստրալիայի Ռեյդ քաղաքի քաղաքային պուրակում՝ ի համերաշխութիւն Արցախի ժողովրդի պայքարի, իսկ մայիսի 28-ին էլ մայրաքաղաք Կանբերայի հոռուստաաշտարակը քաղաքային իշխանութիւնների կողմից գունաւորուել էր ՀՀ պետական դրօշի գոյներով՝ ի պատիւ ՀՀ անկախութեան հռչակման 104-րդ ամեակի։

Հունաստան

¬Նախորդ տարուայ նոյեմբերին Թեսաղոնիկէի հանրային տրանսպորտի վրայ Շուշին իբրեւ ադրբեջանական քաղաք ներկայացնող պաստառների սադրանքից յետոյ, որը կարճ ժամանակում վերացուեց Հայ դատի յանձնախմբի ջանքերով, ադրբեջանական նոյն կազմակերպութիւնը անգամ եւս փորձել է իր ներկայութիւնը զգացնել տալ՝ այսպէս կոչուած հոյն-ադրբեջանական բարեկամութեանը նուիրուած երեկոյթ կազմակերեպելով՝ համագործակցելով «Նախկին Խորհրդային Միութիւնից արտագաղթած հոյն-պոնտացիների միութեան» հետ։ Հունական մամուլի մէջ տեղ գտան հրապարակումներ, որոնք դատապարտեցին այս գործակցութիւնը՝ յատուկ նշելով Թեսաղոնիկէի Ամպելօքիփի քաղաքապետի մասին, ով անտեսելով պոնտացի ժողովրդի կրած ողբերգութիւնը թրքական բարբարոսութեան հետեւանքով, քաղաքի մշակութային կենտրոնի սրահը տրամադրել էր ադրբեջանական կազմակերպութեանը։ Նաեւ հարց էր առաջանում, թէ ինչպէս պոնտական միութիւնը, որի ազգային ողբերգութիւնը դեռեւս վերականգնուած չէ, համարձակւում էր համագործակցել ադրբեջանական կազմակերպութեան հետ։

Ամպելօքիփի քաղաքապետ Լազարոս Քրիզողլուն յայտարարութեամբ բացատրեց, որ սրահի տրամադրումը եղել է միայն պոնտական միութեանը եւ ադրբեջանական գործոնի մասնակցութեան մասին խօսք չի եղել։

Հայ դատի յանձնախմբի գործադրած ջանքերի արդիւնքում յիշեալ միջոցառման ժամանակ ադրբեջանական ելոյթը չեղարկուել է, իսկ քաղաքապետը մայիսի 8-ին Թեսաղոնիկէի Ս. Աստուածածին եկեղեցում, ապա Տեր¬Զաքարեան սրահում մասնակցել է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ գրքի շնորհանդէսին եւ կրկին բացատրել խնդրի եղելութիւնն ու հաստատել իր պոնտական ծագումը, ինչպէս նաեւ անուէրապահ զօրակցութիւն յայտնեց Հայ դատի յանձնախմբին։

Կիպրոս

Հայ դատի Կիպրոսի յանձնախմբի հրաւէրով մայիսի վերջին Կիպրոս է մեկնել Արցախի խորհրդարանական պատուիրակութիւնը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասեանի նախագահութեամբ։ Արցախի պատուիրակութիւնը Կիպրոս է մեկնալ բաւական ծաւալուն օրակարգով՝ մասնակցել Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրութեան օրուան նուիրուած միջոցառմանը, հանդիպել Կիպրոսի իշխանական ՏԻՍԻ կուսակցութեան ղեկավարութեան հետ, հանդիպել Եւրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամաւոր Կոստայ Մաւրիտեսի հետ։ Մայիսի 31-ին պատուիրակութիւնն այցելել է Նարեկ վարժարանների տնօրինութեանը։

Իրան

Հայ դատի Թեհրանի յանձնախմբի նախաձեռնութեամբ մայիսի 10-ին, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ, կազմակերպուել էր բանախօսական-գեղարուեստական երեկոյթ՝ ոչ հայ լսարանի համար։ Երեկոյթի ընթացքում Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի ներկայ մարտահրաւէրների մասին ելոյթներ են ունեցել ինչպէս հայ այնպէս էլ իրանցի գործիչներ։ Միջոցառմանը մասնակցել են Իսլամական խորհրդարանում զրադաշտների պատգամաւորը, ասորիների ներկայացուցիչը, իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների եւ հարակից բաժինների ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իրանում ԻԿՕՄ-ի նախագահը, ԹՀԹ պատգամաւորական ժողովի, թեմական խորհրդի ատենապետներ, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների, միութիւնների ու կառոյցների ներկայացուցիչներ, Իրանի քաղաքական ու մտաւորական շրջանակներ եւ մեծ թուով լրագրողներ։

Սիրիայ

Հայ դատի Սիրիայի յանձնախումբը մայիսի 6-ին եւ 28-ին տարածել է յայտարարութիւններ՝ համապատասխանաբար քննադատելով ՀՀ իշխանութիւնների քաղաքականութիւնը ինչպէս Հայաստանի ներքին կեանքում, այնպէս էլ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւններում, եւ շնորհաւորելով հայ ժողովրդին Հայաստանի անկախութեան վերականգման հերթական տարեդարձի կապակցութեամբ։

Նոր Զելանդիայ

Հայ դատի Նոր Զելանդիայի յանձնախումբը մայիսի 11-ի յայտարարութեամբ քննադատութեան է ենթարկել Վելինգթօնի քաղաքային խորհրդին, քանի որ վերջինս չէր արտօնել ակտիւիստ Ռիչարդ Նոբլին Աթաթուրքի արձանի առջեւ բողոքի ակցիայ իրականացնել Նոր Զելանդիայի իշխանութիւնների կողմից Հայոց ցեղասպանութեան չճանաչման առիթով։ Հայ դատի յանձնախումբը կատարուածը համարել է Նոր Զելանդիայի տեղական իշխանութեան վրայ թուրքական ազդեցութեան արդիւնք։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
01.05.2022 թ.

Share