Ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում միայն մի մաշուող կայ՝ Նիկոլն է ու իր խմբակը. Ֆրանսիայի հրապարակում՝ այսօրուայ հանրահաւաքի իր եզրափակիչ ելոյթում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ։
«Մենք պայքարում ենք ոչ թէ իշխանութեան համար, այլ Հայաստանի ինքնիշխանութեան։ Պայքարում ենք ոչ թէ ինչ-որ մէկին վարչապետ դարձնելու համար, պայքարում ենք, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենայ, որովհետեւ այն, ինչ անում են սրանք, վերջն այն է, որ մենք պետականութիւն չենք ունենալու։ Սրանք քանդում են ամէն ինչ»,- նշեց Սաղաթելեանը։
Նա մի քանի պաշտօնական թուային տուեալներ ներկայացրեց Հայաստանի արտաքին պարտքի վերաբերեալ. «Այսօր ֆինանսների նախարարը պաշտօնապէս յայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքը հասել է իր պատմական առաւելագոյնին՝ 63.5 տոկոս։ Սրանք իրենց կառավարութեան տարիների ընթացքում 36 տոկոսով աւելացրել են Հայաստանի պետական պարտքը, մօտ 3 միլիարդ դոլարով, այսինքն Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու վրայ 1000 դոլարով պարտքն են աւելացրել։ Պարտք վերցնել, ասֆալտ անել, պետական պարտքը 36 տոկոսով աւելացնել ու ժողովրդի վրայ ծախել, հերթական սրիկայութիւնն է, որի մասին մեր հայրենակիցները պէտք է իմանան»։
Սաղաթելեանն ասաց, որ վերջին մէկ տարուայ ընթացքում բանակի թիւը կիճատուել է, կրճատուել են զօրամիաւորումները, բայց աւելացել է ոստիկանների թիւը, որովհետեւ սրանք մտածում են ոչ թէ մեր հայրենիքի եւ պետութեան սահմանների պաշտպանութեան մասին, այլ մէկ խելագարի իշխանութիւնը պահելու մասին։
«Մենք շարունակում ենք մեր պայքարը։ Շատ յստակ ձեւակերպել ենք, որ ժամանակ ունեն խելքի գալու եւ յունիսի 3-ի Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելու։ Մենք ներկայացրել ենք 7 կէտէր, այն մինիմալ պահանջներն են, որոնք անհրաժեշտ են մէզ պետութիւն ունենալու եւ հայ մնալու համար։ Բոլոր նրանք, ովքեր այս սկզբունքները չէն կիսում, նրանք հայ ժողովրդի հետ կապ չունեն»,- յայտարարեց ընդդիմադիր գործիչը։