ՎԻԵՆՆԱ, ԱՎՍՏՐԻԱ.- Սոցիալիստ Երիտասարդութեան Միջազգային Միութիւնը (ՍԵՄՄ-IUSY) մայիսի 30-ին յայտարարութիւն է տարածել՝ իր զօրակցութիանը յայտնելով Հայաստանում ՀՅԴ երիտասարդական կազմակերպութեանը, որը վերջին մէկ ամսուայ ընթացքում մասնակցում է բողոքի ցոյցերին՝ պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ ՍԵՄՄն միջազգային կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1907 թուականին, որի գործունէութիւնը ներառում է հրապարակումներ, անդամ կազմակերպութիւնների աջակցութիւն եւ հանդիպումների կազմակերպում: ՍԵՄՄն ունի 145 անդամ կազմակերպութիւն՝ ներառեալ 122 լիիրաւ անդամ եւ 23 դիտորդ անդամ՝ 106 երկրներից: ՍԵՄՄն ստացել է միջազգային երիտասարդական Հասարակական Կազմակերպութեան կարգավիճակ՝ ՄԱԿ-ի Եունեսկոի խորհրդատուական կարգավիճակով 1993 թուականին: Յայտարարութեան խտացուած տեքստը՝ ՍԵՄՄ-ի կայքից, ներկայացնում ենք ստորեւ՝
ԲՈՂՈՔՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ.
30 Մայիս, 2022 թ
ՍԵՄՄն ուշադրութեամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին մեծ մտահոգութեամբ:
Շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիները փողոցներում բողոքի ցոյցեր են անում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ ՀՅԴ Երիտասարդութիւնը՝ մեր անդամ կազմակերպութիւնը, ակտիւ դերակատարութիւն ունի դիմադրութեան շարժման մէջ։
Հայաստանի քաղաքացիների բողոքը բխում է ՀՀ կառավարութեան արտաքին քաղաքականութիւնից, մասնաւորապէս՝ արցախեան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտութեան վերաբերեալ նրանց վարած քաղաքականութիւնից։ Քաղաքացիները պահանջում են հաւաստիացում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ առաջնահերթութիւնը պէտք է տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքին։
2021 թուականի Յունիսին կայացած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ վարչապետ Փաշինեանը եւ իր թիմը հանդէս եկան այն խոստումով, որ արցախեան հիմնախնդրի արդարացի լուծումը կը լինի միայն այն դէպքում, եթէ այն ընդունելի լինի հայկական կողմի համար։ Վերընտրուելուց ի վեր Փաշինեանը հրաժարուեց իր նախընտրական խոստումներից՝ անտեսելով Հայաստանի քաղաքացիների հանրային կարծիքը արցախեան հիմնախնդրի բանակցութիւնների եւ Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ու տարածքային ամբողջականութեան վերաբերեալ։
Քանի դեռ Հայաստանի ժողովրդի համար անընդունելի բանակցութիւնները շարունակւում են, բողոքի ցոյցերը Հայաստանում նկատում են քաղաքացիների անօրինական ձերբակալութիւններ, ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի ակնյայտ կիրառում եւ ոստիկանական ուժերի անհամաչափ ներկայութիւն։ Բողոքի ցոյցերը ղեկավարող ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպութիւնների անդամները երկու շաբաթ է՝ սպասում են իրենց դատաւարութեանը։
ՍԵՄՄն զօրակցում է իր ընկերներին, ովքեր գտնւում են բանտում եւ ուշադիր հետեւում է նրանց դատաւարութեան զարգացումներին։
ՍԵՄՄն խստօրէն դատապարտում է իշխանութիւնների կողմից իրականացուող անհիմն ձերբակալութիւնները եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնութեան գործողութիւնները:
ՍԵՄՄն դատապարտում է կառավարութեան կողմից քաղաքացիների իրաւունքների խախտումը եւ ոստիկանութեան կողմից ուժի անհամաչափ կիրառումը։
ՍԵՄՄն կոչ է անում Հայաստանի կառավարութեանը ապահովել հիմնարար ազատութիւնների լիարժէք իրականացումը եւ խուսափել ուժի կիրառումից կամ սպառնալիքից։
ՍԵՄՄն կոչ է անում ներգրաւուած բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով եւ օրէնքին համապատասխան։
ՍԵՄՄն գնահատում է մարդու հիմնական իրաւունքների, արժանապատուութեան եւ ազատութիւնների հաւատարմութիւնը: Ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնը եւ արդարութիւնը պէտք է պաշտպանուէն բոլոր ժամանակներում: