Երեկ՝ մայիսի 22-ի երեկոյեան, Բրիւսելում կայացել էր Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպումից յետոյ Շառլ Միշելը յայտարարութիւն էր տարածել որտեղ ամփոփել էր եռակողմ հանդիպման արդիւնքները։ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը, անդրադառնալով այդ յայտարարութեանը, ֆեյսբուքեան իր էջում գրել է․
«Այսօրուայ յայտարարութեան մէջ բացարձակ անտեսուած է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրաւունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութիւնը:
Տեղի է ունենում Հայաստանի անվտանգութեան բզկտում, ու չկայ որեւէ երաշխիք:
Բայց տեղի ունեցողը նաեւ այն բանի հետեւանք է, որ Հայաստանի իշխանութիւնները հետեւողականօրէն զրոյացրել են պատմական նշանակութեան մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը կապ չունի Արցախի հետ:
Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինուած տեղակայումները Գեղարքունիքում եւ Սիւնիքում, զիջել են մեր տարածքային իրաւազօրութիւնը:
Սիւնիքում ճանապարհներն այնպէս են կառուցում, որ դրանք գտնւում են ադրբեջանական նշանառութեան ներքոյ:
Արտաքին աշխարհից, ներքին հանրութիւնից ու Սփիւռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական յանցանքների փաստերը:
Սեփական սխալները կոծկելու եւ դժգոհութիւն առաջ չբերելու, պաշտօնները պահպանելու համար լայնածաւալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
Կապել են մեր պետութեան ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն աւելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:
Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգօնութիւնը»։