Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում

Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում

Խնդիրը, սակայն, եթէ միայն գումարը լինէր, եթէ միայն լաւ ու վատ ապրելու մէջ լինէր, հարց չէր։ Խնդիրը գաղափարական էր, որովհետեւ մարտի դուրս եկան հայի պարտուող, յարմարուող, պատեհապաշտ, վախկոտ, քծնող, օտարի առաջ ծալուող, թուրքի անունը լսելիս սարսռող, ապազգային, ստորակայութեան բարդոյթ ունեցող տեսակը, հայի միւս տեսակի՝ քաջի, խիզախի, մարտունակի, յամարձակի, օտարի առաջ չծալուողի, ազգային տեսակի դէմ։

Սոցիոլոգ, իրանագէտ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ․

Յարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

Ես՝ Մկրտչեան Սարգիսն եմ։ Ծնուել եմ Իրանում։ 2001 թուականին կնոջս հետ մնայուն բնակութիւն եմ հաստատել Հայաստանում։ Ունեմ մէկ տղայ, ով ծնուել ու մեծացել է Հայաստանում։ Անցնող 21 տարիների ընթացքում ապրելով Հայաստանում կիսել ու կիսում եմ իմ ազգի իւրաքանչիւր օրը՝ լաւը, վատը, ուրախութիւնը, տխրութիւնը։

Ես, այսօր, ներկայացնում եմ զուտ իմ անձնական տեսակէտները։ Չեմ խօսում սփիւռքահայերի կամ Հայաստանում հաստատուած իրանահայերի անունից։ Խօսում եմ իմ, իմ ընտանիքի եւ ինձ նման մտածող մարդկանց անունից։

Մենք եւ մէզ նման բազմաթիւ իրանահայեր՝ Հայաստան տեղափոխուելով, իրականում, դէմ ենք գնացել սրանից 400 տարի առաջ հայ ազգի մէկ հատուածի դէմ գործադրուած բռնագաղթին։ Մեր նախնիները իրենց սրտում եւ մտքում վառ են պահել հայրենիքի գաղափարը եւ փոխանցել են սերնդից սերունդ, որն ի վերջոյ հասել է մեր սերնդին եւ մէզ բախտ է վիճակուել տեսնել Հայաստանի վերանկախացումը եւ հնարաւորութիւն ունենալ հաստատուել հայրենիքում։ Մենք, փաստօրէն, վերադարձել ենք մեր արմատներին։ Մենք ամբողջ 400 տարի օտարութեան մէջ պայքարել ենք հայ մնալու համար։

Սակայն ի՞նչ է կատարւում այսօր։ Ստացւում է, որ 400 տարի հայ ենք մնացել, որ վերադառնանք հայրենիք եւ Հայաստանում փորձեն մէզ պարտադրել թուրքանալ։ Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանայ։ Դրա համար ես Անկարայ կը գնայի։ Մենք մեր ամբողջ էութեամբ կը պայքարէնք այդ քաղաքականութեան իրականացման դէմ։ Այս իշխանութիւնը մեր պայքարի կամքին ամենամօտ ծանօթութիւնը չունի անգամ։

Պիտի խոստովանեմ, որ անցնող չորս տարուայ ընթացքում մղձաւանջի մէջ եմ։ Յատկապէս 44 օրեայ պատերազմից յետոյ, անընդհատ այն զգացումն ունեմ, որ երազ եմ տեսնում, որ քիչ յետոյ կարթնանամ ու կը տեսնեմ, որ այն ինչ եղել է՝ պարզապէս երազ է, որ մեր 5,000 տղաները ողջ ու առողջ են, որ Արցախը ազատագրուած է…. Բայց գիտեմ, որ դժբախտաբար, այդպէս չէ։

Այդպէս չէ, որովհետեւ երբ 2018 թուականին մի խումբ մարդիկ օգտագործելով ամբոխներին խաբելու վերջին հմտութիւնները սկսեցին քայլել եւ ժողովրդին փողոց դուրս բերել՝ իբր ընկերային-տնտեսական հողի վրայ յեղափոխութիւն անելու նպատակով, ինձ եւ իմ նման շատերի համար յստակ էր, պարզից էլ պարզ, որ դա ընդամէնը քօղ է՝ յետին նպատակների համար, որ խնդիրը խորքային է, խնդիրը գաղափարական է եւ հայրենիքի եւ ազգի լինելիութեան հարցն է դրուած զոհասեղանին։

Անցնող չորս տարիները եկան ապացուցելու, որ մենք ճիշտ էինք։ Ժողովրդի ընկերային-տնտեսական կեանքը չբարելաւեց, հասարակութեան լայն զանգուածների կեանքի պայմանները աւելի վատացան, իսկ այդ խումբը, իր արբանեակներով հանդերձ, օգտագործելով պետական ամբողջ հնարաւորութիւնները, սկսեց վայելել իր չտեսած օրերը՝ քանի հարիւր հազար դոլարանոց մեքենաներ, արտասահմանեան ճամբորդութիւններ, արտերկրում առանձնատներ, բիզնեսներ եւ այլն։

Խնդիրը, սակայն, եթէ միայն գումարը լինէր, եթէ միայն լաւ ու վատ ապրելու մէջ լինէր, հարց չէր։ Խնդիրը գաղափարական էր, որովհետեւ մարտի դուրս եկան հայի պարտուող, յարմարուող, պատեհապաշտ, վախկոտ, քծնող, օտարի առաջ ծալուող, թուրքի անունը լսելիս սարսռող, ապազգային, ստորակայութեան բարդոյթ ունեցող տեսակը, հայի միւս տեսակի՝ քաջի, խիզախի, մարտունակի, յամարձակի, օտարի առաջ չծալուողի, ազգային տեսակի դէմ։

Հայերի այս երկու տեսակների պայքարը նոր չէ։ Դա արմատ ունի մեր պատմութեան մէջ։ Յիշենք, 1900-ական թուականներին ֆեդային կռւում էր հայերի իրաւունքների համար եւ անգամներ է պատահել, որ երբ ֆեդայիները այս կամ այն գիւղ են մտել՝ գիւղացիները բահերով նրանց գիւղից վանել են, ասելով, որ իրենք թուրքերի հետ հարց չունեն, բան չկայ, որ մէկի կովն են գողացել, միւսի տունն են թալանել, երրորդի աղջկան են տարել։

Վարանդեանն ասում է, ստրկութիւնը հայի մարմնից անցել էր հայի հոգու վրայ։

Այսօր մենք դրա ականատեսն ենք մեր երկրում։ Ստրկամիտ հայեր։ Թուրքի անունը լսող ու վախից դողացող հայեր։ Նայէք Արարատ Միրզոյեանի եւ Չաւուշօղլուի հանդիպման տեսանիւթը։ Հարազատ հօրը տեսնէր այդքան չէր ուրախանայ, բերանը մինչեւ ականջները չէր բացի եւ դա էլ այն Չաւուշօղլիի, որ Գորշ գայլերի նշանն է ցոյց տալիս հայերին։ Սա է այս վախկոտների տեսակը։

Քանի անգամ է Բաքուի արհեստածին պետութեան բռնապետը թքել ու մրել, արհամարհել Հայաստանի վարչապետ կոչուածին։ Ոչ մի պատասխան։ Ինչու՞։ Որովհետեւ ստորակայութեան բարդոյթ ունի, որովհետեւ տեսակով պարտուող է եւ ամենավատը՝ հակահայ է, ատում է հայերին։

Ես մասնագիտութեամբ սոցիոլոգ եմ։ Յաճախ եմ մտածել այս մարդու հոգեկերտուածքի մասին։ Ինչքան բարդոյթ պիտի ունենայ մէկը, ինչքան վախեր պիտի ունենայ, ինչքան իր հօր տանը մի փոր կուշտ հաց պիտի կերած չլինի, որ այս աստիճանի ստորութիւնների գնայ, այսքան ատի իր ազգին։

Միայն ամենավերջին օրինակը։ Մարդը, չեմ խօսում միայն հայերի մասին, մարդը առհասարակ ինչքան բարոյապէս սնանկացած պիտի լինի, որ յղի կնոջը քցի մեքենայի տակ, սպանի եւ փախնի։ Աներեւակայելի է։ Ինչքան մարդկային յատկանիշներից զուրկ պիտի լինի մարդը, որ այդպէս անի։ Չէ, որ ինքն էլ կին ունի, ինքն էլ երեխաներ ունի։ Բայց այս մարդը որտեղ, բարոյականութիւնը որտեղ։

Մարդը, չեմ խօսում միայն հայերի մասին, մարդը առհասարակ ինչքան բարոյապէս սնանկացած պիտի լինի, որ յղի կնոջը քցի մեքենայի տակ, սպանի եւ փախնի։ Աներեւակայելի է։ Ինչքան մարդկային յատկանիշներից զուրկ պիտի լինի մարդը, որ այդպէս անի։ Չէ, որ ինքն էլ կին ունի, ինքն էլ երեխաներ ունի։ Բայց այս մարդը որտեղ, բարոյականութիւնը որտեղ։

Խօսում ենք Մարտի 1-ի մասին, կիզակէտում Նիկոլ Փաշինեանն է, խօսում ենք Արցախեան 44 օրեայ պատերազմի, 5,000 զոհերի, Արցախի 75 տոկոսի կորստի մասին, կիզակէտում Նիկոլ Փաշինեանն է, խօսում ենք յղի կնոջը սպանելու եւ փախնելու մասին, կիզակէտում Նիկոլ Փաշինեանն է։ Փսատօրէն, որտեղ մահ ու արիւն՝ այդտեղ Նիկոլ Փաշինեան։
Եւ նա ոչ թէ այս խօսքերից վատ է զգում, ընկնում է մտքերի մէջ, ամաչում է, ոչ, ճիշտ հակառակը՝ հոգին փառաւորւում է։

Մեր պայքարը գաղափարական պայքար է։ Մարտի են դուրս եկել հայ քաղաքական մտքի երկու հակադիր ուղղութիւնները։ Ազգայինն ու ապազգայինը։ Ազգայինն ու հհշիզմը, որի մետաստազներից է նիկոլիզմը։ Եւ ազգային մտածողութիւն ունեցող ուղղութեան յաղթանակը անխուսափելի է։ Այլ տարբերակ չկայ, որովհետեւ հակառակը՝ Հայաստանի եւ հայութեան վերացումն է։

Ես, որպէս Հայաստանում հաստատուած սփիւռքահայ, ցանկանում եմ կատարել մի քանի հաստատում։

Երբէք Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ այսպիսի խզում չի եղել։ Երբէք Սփիւռքը այսքան օտարուած չի եղել Հայաստանից։ Դժգոհութիւններ եղել են, քննադատութիւններ եղել են։ Անձամբ ես 2010 թուականի հոկտեմբերին յօդուած եմ գրել Սփիւռքի ժամանակի նախարար Տկն. Հրանուշ Յակոբեանի դէմ եւ քննադատել եմ իր գործունէութիւնը։ Սակայն այս աստիճանի օտարում՝ երբէք չի եղել։ Եւ սա, ի դէպ, նաեւ այն սփիւռքահայերի շրջանում, ովքեր 2018 թուականին մի պահ ընկան մոլորութեան մէջ եւ հիացան այս ամբոխավարների խոստումներով։

Սփիւռքահայերից որոշները իշխանափոխութիւնից յետոյ վաճառեցին իրենց տները եւ վերադարձան Սփիւռք։ Ես խօսում եմ որոշակի, յստակ մարդկանց մասին, որոնց ճանաչում եմ։ Դա յուսահատութեան արդիւնք էր։ Որոշները, որ մտադիր էին Հայաստան տեղափոխուել, այսօր նոյնիսկ պատրաստ չեն բնակարան գնել Երեւանում, էլ չեմ խօսում ընտանիքով Հայաստանում հաստատուելու եւ աշխատանք հիմնելու մասին։

Այդ խզումը առաջացնելը կատարուել է եւ շարունակւում է կատարուել յստակ նպատակով եւ քաղաքականութեամբ, որի մշակողներից ու գործադրողներից մէկը Սփիւռքի հարցերի գլխաւոր կամակատարն է։

Նախ իշխանութեան հասնելուց յետոյ անմիջապէս վերացրեցին Սփիւռքի նախարարութիւնը։ Յետոյ կամակատարի միջոցով առաջ մղեցին Սփիւռքը պառակտելու քաղաքականութիւնը, որը բարեբախտաբար արդիւնք չի տուել։ Դրա վկայութիւնն է Սինանեանի զայրույթը, երբ վերջերս այցելել է Սիրիա եւ Լիբանան, որտեղ իրեն ցոյց են տուել իր իսկական տեղը։ Այսօր էլ տեղեկացանք, որ այդ այցելութիւնների հետեւանքով չեղարկուել է նրա այցը Իրան։ Յաջորդ անգամ, եթէ լինի այդպիսին, վստահեցնում եմ, պորտը էլ աւելի յստակ իր տեղը կը դնեն։

Այս ամբիոնից կոչ եմ ուղղում սփիւռքահայերին, յատկապէս նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի եւ ազգի ճակատագրով։
Սփիւռքում ձեր գոյութիւնը ինքնանպատակ չէ։ Լաւ օրից չէ, որ դուք յայտնուել էք օտարութեան մէջ։ Ձեզ հետ, թէ առանց ձեզ, մենք այս պայքարն առաջ ենք տանելու եւ հասնելու ենք յաջողութեան։ Սակայն, շատ աւելի լաւ կը լինի, որ յանուն հայրենիքի, յանուն ազգի գոյատեւման եւ հէնց յանուն ձեզ՝ դուք անմասն չմնաք այս պայքարից։

Անընդհատ մի հարցրէք՝ ի՞նչ անենք։ Դուք մտածէք ինչ անել։ Մարդիկ, Հայաստանում, հրապարակ են դուրս եկել։

Խորհուրդ եմ տալիս չհաւատալ Հայաստանի դեսպաններին։ Նրանք նիկոլիզմի կամակատարներն են։ Երբ ձեր ականջին փսփսում են, որ մենք ձեզ հետ ենք, մենք էլ ենք կրակն ընկել այս գժի ձեռքից, բայց ճիշտ հասկացէք՝ պետական շահի հարց կայ, սուտ են ասում։ Խաբում են ձեզ։ Եթէ ճիշտ են ասում, թող հրաժարական տան, թող այն ինչ ձեր ականջին են փսփսում՝ հրապարակային կերպով ասեն։ Չեն անի, որովհետեւ կիսում են այդ քաղաքականութիւնը եւ կամ պաշտպանում են իրենց գրպանները։ Նայէք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի եւ հայ ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադէպի տեսանիւթը։ Դեսպանը կաշուից դուրս է գալիս պաշտպանելու նիկոլիզմը եւ ցուցարարներին հայրենիքը ծախող է անուանում։ Հոլանդահայերը հայրենիք ծախո՞ղ են։ Սրանք պաշպանում են իրենց պաշտօնները։

Պատահականութիւ՞ն է, որ սրանք յայտարարում են՝ Սփիւռքը թող գնայ իր համար մայրաքաղաք ճշտի եւ առաջ տանի Հայոց Ցեղասպանութեան հարցը, եւ Չաւուշօղլուն յայտարարում է՝ Սփիւռքն է ճնշում Հայաստանի իշխանութիւններին։
Այնպէս, ինչպէս այսօր այս շարժումը Հայաստանում հասել է նրան, որ Փաշինեանը իր տան մէջ խոհանոցից ննջարան գնալու համար վախից էլ կարմիր, էլ սեւ, էլ երկնագոյն գլխարկներով ոստիկաններ է շարում, հէնց այնպէս էլ Սփիւռքը պիտի պարտադրի Հայաստանի դեսպաններին կեցուածք ճշտել։ Թող ոչ մէկը, ոստիկան լինի թէ դեսպան, չթաքնուի պետական պաշտօնեայ լինելու եւ պետական շահը պաշտպանելու քողի տակ։ Այստեղ հաւաքուածներից եւ ոչ մէկը հակապետական չէ։
Խօսքս աւարտում եմ Քրիստափոր Միքայէլեանից մէջբերում կատարելով.

«Պատռել է հարկաւոր քարտէզների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծուած սահմանները, ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում»:

Մենք դաստիարակուել ենք այդ գաղափարներով։ Այս հրապարակում հաւաքուածները պատռելու են այս կամ այն աւազակապետի ձեռքով գծուած եւ մեզ պարտադրուող քարտէզները։ Այո, Հայաստանն այսօր թուլացել է, բայց չի մեռել։

Սա է իմ մայրաքաղաքը, սա է իմ երկիրը եւ որեւէ մէկը չի կարող ինձ պարտադրել թուրքանալ կամ արտագաղթել։

Կեցցէ Հայաստանը
Կեցցէ Հայ ազգը

Սարգիս Մկրտչեան

Share