Ապրիլի 27-ին Ստեփանակերտում կայացել է Հայ օգնութեան միութեան «Լաւագոյն ուսանող» ծրագրի պարգեւատրման արարողութիւնը: Արարողութեանը ներկայ էին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամները, ՀՕՄ-ի Հայաստանի եւ Արցախի վարչութիւնների ատենապետուհիները, Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց եւ Գրիգոր Նարեկացի համալսարանների ներկայացուցիչներ, հիւրեր, ուսանողներ: 1998թ. Արցախում գործող այս ծրագրով 100 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգեւի տեսքով խրախուսւում էին սոցիալապէս անապահով, սահմանամերձ բնակավայրերում ապրող այն ուսանողները, որոնք ուսման ընթացքում լաւագոյն առաջիմութիւն են ցուցաբերել: Նախորդ երկու տարիներին ծրագիրը չի գործել, իսկ այս տարի ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութիւնը որոշել է ծրագրի շայառու դարձնել 44-օրեայ պատերազմին մասնակցած 105 ուսանողների:
«Իր գոյութեան աւելի քան մէկդարեայ պատմութեան ընթացքում ՀՕՄ-ը իր համազգային գործունեութեամբ ու նպատակներով հանդիսացել է հայրենիք-Սփիւռք կապն ամբողջացնող ու զարգացնող հզօր կառոյց: 1992թ. մուտք գործելով Արցախ, ՀՕՄ-ը իրականացրել է մի շարք ծրագրեր եւ նպաստել կրթութեան, մշակոյթի, առողջապահութեան, սոցիալական ու տնտեսական այլ ոլորտներում բարձր առաջընթացի գրանցմանը: Այդ տարիների ընթացքում Արցախում իրականացուած ծրագրերն աչքի են ընկել հասցէականութեամբ, բարձր արդիւնաւետութեամբ ու բացառիկ հաշուետուողականութեամբ, իսկ դա ՀՕՄ-ի կատարած աշխատանքների լաւագոյն գնահատականն է»,- իր բացման խօսքում նշել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը:
Նրա խօսքով՝ տարիներ շարունակ նեցուկ կանգնելով կրթական համակարգին, «Լաւագոյն ուսանող» ծրագիր ձեռնարկով՝ Հայ օգնութեան միութիւնը նպաստել է, որ ունենանք կրթուած ու լայնախոհ երիտասարդներ: ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհին շնորհակալութիւն է յայտնել ՀՕՄ-ի վարչութեանը Արցախին նեցուկ կանգնելու, Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց եւ Գրիգոր Նարեկացի համալսարանների ռեկտորատներն ու ուսանողների հետ տարուող աշխատանքների գծով պատասխանատուներին՝ ուսանողների ընտրութեան հարցում օժանդակելու համար: «Սիրելի ուսանողներ պատերազմի դաժան օրերին դուք դարձել էիք հայրենիքի հրաշունչ զինուորներ եւ անձնուրացաբար պայքարում էիք մեր հայրենիքի ամէն թիզ հողի համար՝ գիտակցելով, որ Ձեր թիկունքում թողել եք ընտանիք, քոյր, մայր, հարազատներ: Աւաղ, ձեր ընկերներից շատերը չուերադարձան, նրանք ընկան մարտի դաշտում, արեամբ սրբացնելով մայր հողը: Հաւերժ փառք նրանց: Չմոռանաք, որ մեր հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է: Մաղթում եմ ձեզ ուսման մէջ եւ ապագայ տարիներին նոր ձեռքբերումներ եւ յաջողութիւններ: Համոզուած եմ, որ Ձեր ներուժն ու մասնագիտական կարողութիւնները յետայսու նոյնպէս կծառայեցնեք մեր հայրենիքի շէնացմանը եւ սահմանների յուսալիօրէն պաշտպանութեանը»,- ասել է Լիլիթ Մարտիրոսեանը:
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Նաիրի Տերտէրեանը վարչութեան անունից նշեց, որ հպարտ են Արցախում գտնուելու եւ փոքրիկ նուէրով իրենց շնորհակալութիւնը հայրենիքի պաշտպան ուսանողներին յայտնելու համար: «Դուք ոչ միայն Արցախի քաղաքացիներն եք, այլ նաեւ Արցախի ամենալաւ զինուորները, ձեզ խոստանում եմ, որ Հայ օգնութեան միութիւնը իր բոլոր անդամներով, 27 տարբեր երկրներում միշտ նեցուկ է կանգնելու Արցախի ժողովրդին, թէ առաջնագծում, թէ խաղաղ օրերում»,- ասել է նա:
Նա տեղեկացրել է, որ 1995թ. Սփիւռքում ՀՕՄ-ը կրթաթոշակներ է յատկացնում համալսարան ընդունուած կամ արդէն սովորող ուսանողներին, բայց հայրենիքում այդպիսի ծրագիր չկայ: Ուստի ՀՕՄ-ը, կարեւորելով ուսումը, մասնագիտութիւն ստանալը որոշեց հայրենիքում՝ Հայաստանում, Արցախում, Ջաւախքում գնահատել ուսանողներին եւ փոքր նուէրով ոգեւորել՝ շարունակելու ուսումնառութիւնը:
Միջոցառմանը ներկայ է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալեօնայ Գրիգորեանը: Կարեւորելով ծրագրի իրագործումը՝ Ալեօնայ Գրիգորեանը կոչ է արել ուսանող տղաներին նորից կեանք վերադառնալ: «Ճիշտն ասած, պատերազմից յետոյ շատ դժուար է մէջքն ուղղել եւ ապրել, պատերազմից յետոյ չի լինում ուրախանալ: Եթէ մի ժամանակ ես դա որպէս խօսք էի ընկալում, ապա պատերազմից յետոյ ես դա զգացի: Պատէրազմից յետոյ տղաները չէն կարողանում ուրախանալ: Ես ինքս էլ կորուստ ունեմ ընտանիքում, բայց խնդրում եմ ձեզ նորից վերադարձեք կեանքի, շարունակեք ապրել, ստեղծել: Այս պահը շատ ծանր է, բայց տեսնելով բոլորիդ հպարտ դէմքը՝ վստահ եմ, որ այս փորձութիւնն էլ է Արցախը յաղթահարելու: Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ Արցախում եք եւ Արցախով եք»,- ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամը:
Միջոցառման վերջում ծրագրի իրագործման համար շնորհակալական խօսքով հանդէս են եկել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ տարուող աշխատանքների եւ կարիերայի բաժնի ներկայացուցիչ Լիլիթ Մարգարեանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ալիսայ Բաղդասարեանը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ աշխատանքների տարման գծով բաժնի ղեկավար Արեւիկ Յարութիւնեանը:
«Ապառաժ»