Համազգային բազմահազարանոց հանրահաւաք՝ Ֆրանսիայի հրապարակում

Համազգային բազմահազարանոց հանրահաւաք՝ Ֆրանսիայի հրապարակում

Այսօր՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանութիւնների հեռացման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները հայկական պահելու պահանջով «Դիմադրութեան» շարժման համազգային հանրահաւաքը։

Հանրահաւաքին էին միացել Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջեւանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից շարժուող քայլերթերի անդամներ, ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնութիւններ, կազմակերպութիւններ։ Հանրահաւաքին ներկայ էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահաւաքին բոլորը 1 րոպէ լռութեամբ յարգեցին 44-օրեայ Արցախեան պատերազմում զոհուածների յիշատակը։

Մայիսի 1-ը մէզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթօնքի օրն է, մայիսի 1-ը արդէն մեր միասնականութեան, համախմբուածութեան, մեր մէջքը ուղղելու եւ վերջնական յաղթանակի գնալու սկիզբն է․ հանրահաւաքի մասնակիցներին դիմեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, գլխաւոր եւ ամենակարեւոր հարցը, որի համար հաւաքուել ենք եւ առաջիկայ օրերին գործ ունենք սա է․ անցնող օրերին եւ այսօր վերջնականօրէն լուծեցինք այն հարցը, որ օրուայ իշխանութիւնը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, հիմա էլ պէտք է լուծենք յաջորդ կարեւոր հարցը՝ պէտք է ցոյց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաեւ իշխանութիւն։ Շատ կարճ ժամանակուայ մէջ մենք պէտք է կապիտուլեանտին ենթարկէնք կապիտուլեացիայի․ սա է մեր առջեւ դրուած խնդիրը»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեանի ելոյթից յետոյ հրապարակում հանրահաւաքի մասնակիցները միասնական երգեցին «Զարթնիր, լաոյ»-ն։

Հանրահաւաքին ելոյթներով հանդէս եկան ԱԺ պատգամաւորներ Սսպրամ Կրպեյեանը, Արթուր Խաչատրեանը, Գեղամ Մանուկեանը, Հայկ Մամիջանեանը, Արամ Վարդեւանեանը, Արթուր Վանեցեանը։

Հրապարակում հաւաքուած հազարաւոր քաղաքացիներ վանկարկում էին «Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի»։

Հանրաւաքի աւարտին Իշխան Սաղաթելեանը յայտարարեց․ «Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանութիւնը ժողովուրդն է։ Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ յետոյ կը տեղադրենք վրաններ, եւ համապատասխան միջոցներ, որպէսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել»։

«Վաղը առաւօտուանից էլ դասադուլ եւ անհնազանդութեան ակցիաներ կ’անցկացնենք, իւրաքանչիւրդ փակեք ձեր բակի, գիւղի փողոցը, ցոյց տուէք, որ սրանք իշխանութիւն չունեն»,-ասաց նա:

Հանրահաւաքը 18:45 կը շարունակուի, վաղը առաւօտեան՝ 8:15 հանրահաւաքի մասնակիցներին Սաղաթելեանը կրկին հրաւիրեց Ֆրանսիայի հրապարակ:

Հանրահաւաքի մասնակիցները սկսեցին նստարաններով եւ աղբամաներով փակել Ֆրանսիայի հրապարակին կից փողոցները:

Նշէնք, որ բազմաթիւ ոստիկաններ էին բերուել Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները բռունցքները վեր պահած վանկարկում էին՝ «Նիկոլ, դաւաճան», «Ամոթ»։

Իր եզրափակիչ խօսքում Իշխան Սաղաթելեանը եւս մէկ անգամ յիշեցրեց, որ այս գիշեր հանրահաւաքի մասնակիցները՝ այդ թւում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներն ու խմբակցութիւնների ղեկավարները մնում են հրապարակում, իսկ առաւօտեան սկսւում է զանգուածային անհնազանդութեան գործողութիւններ Երեւանի կենտրոնն ամբողջութեամբ կաթուածահար անելու նպատակով։

Սաղաթելեանը նշեց, որ Սփիւռքի բազմաթիւ գաղթօջախներ միացել են «Դիմադրութիւն» շարժմանը․ «Առաջիկայ օրերին աշխարհի բազմաթիւ քաղաքներում տեղի կ’ունենան երթեր, ցոյցեր ի զօրակցում մէզ, ի հեռացում այս սրիկաների։ Հայ ժողովուրդը միասնական է՝ Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեամբ»,-ասաց նա։

Share