Աւելի քան 125 հազար դոլար հանգանակուեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի աշխատանքների համար

Աւելի քան 125 հազար դոլար հանգանակուեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի աշխատանքների համար

Հետևելով Նոյեմբեր 11, 2021-ին Յովիկ և Այտա Տիմէճեանների  տան մէջ աւելի քան $100,000 դրամահաւաքի յաջողութեան օրինակին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի նախաձեռնութեամբ Ուրբաթ, Ապրիլ 29-ին Փիէռ և Քաթի Չրաղչեանների տան մէջ տեղի ունեցաւ դրամահաւաք ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի շրջանի աշխատանքների համար:

Երեկոն անցաւ աննախադէպ խանդավառութեամբ: Աւելի քան 80 ներկաները յատկապէս ոգեւորուած էին Հայաստանում տեղի ունեցող ընդդիմութեան շարժումով:

Սկզբում Այտա Տիմէճեանը իբրև հանդիսավար բարի գալուստ մաղթեց ներկաներին և շնորհակալութիւն յայտնեց նրանց մասնակցութեան և հովանաւորութեան համար: Ապա բեմ հրաւիրեց Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանին: Քասախեանը գնահատելով ներկաների մասնակցութիւնը շեշտեց թէ այսօր ինչ անհամեմատ դժուար պայմաններում են գտնւում մեր հայրենակիցները Արցախում: Նա ընդգծեց սոյն միջոցառման կազմակերպիչների և ներկաների մօտ առկայ գաղափարական նուիրումի կարևորութիւնը մեր երկիրը նման դժուար օրերին մենակ չթողնելու իմաստով:

Քաղաքապետ՝ Արդի Քասախեան

Այտա Տիմէճեանը ապա բեմ հրաւիրեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝  Տարօն Տէր Խաչատուրեանին:

Տարօն Տէր Խաչատուրեանը սկզբում շնորհակալութիւն յայտնեց Փիէռ և Քաթի Չրաղչեաններին ու Չրաղչեան ընտանիքին այս առիթը ստեղծելու և  ներկաներին հիւրընկալելու կապակցութեամբ և ապա հակիրճ ակնարկով ներկայացրեց մեր ժողովրդի ներկայ կացութիւնը Հայաստանում  և ԱՄՆ  արևմտեան ափում  և բացատրեց համայնքի ղեկավարման կարևորութիւնն ու նրա առջև ծագած մարտահրաւէրները:  Նա շեշտեց, որ մեր պահանջատիրական երթը իր աւարտին չի հասել և պայքարը շարունակուելու է մինչև վերջնական յաղթանակ:

ՀՅԴ Գլենդելի Ահարոնեան կոմիտէի անունից խօսք առաւ Վաչէ Թովմասեանը և հիմնաւորեց  երիտասարդական կենտրոնների պահպանութեան և նրանց միջոցով համայնքին մատուցելիք աշխատանքների մասին:

Լալա երեմեանը միջոցառումը խանդավառեց իր ազգային և  յեղափոխական երգերի կատարմամբ որին ընկերակցում էր Մհեր Ղարախանեանը կիթառով: Ներկաները իբրև զօրակցութիւն Հայաստանի դիմադրութեան շարժման միասնաբար երգեցին Զարթիր Լաո երգը որ միաժամանակ բաժնեցին Հայաստանի իրենց պայքարող ընկերների հետ:

Միջոցառման ընթացքում հանգանակուեց աւելի քան 125 հազար դոլար:

Share