Դրոյի շիրիմի մօտից մեկնարկեց «Դիմադրութիւն» շարժման երրորդ խմբի քայլերթը դէպի Երեւան

Դրոյի շիրիմի մօտից մեկնարկեց «Դիմադրութիւն» շարժման երրորդ խմբի քայլերթը դէպի Երեւան

Բաշ Ապարանից մեկնարկած՝ «Դիմադրութիւն» շարժման քայլերթի երրորդ ուղղութեան հետ դէպի Երեւան է գալիս ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայասատան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Երթի մեկնարկին Դրաստամատ Կանայանի շիրմի մօտ հոգեհանգստի կարգ մատուցուեց եւ երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին։

«Ամբողջ հայ ազգը դիմագրաւում է մարտահրաւէր, որի առաջ կանգնած չի եղել վերջին 100 տարիների ընթացքում։ Թուրք-ադրբեջանական հրոսակները չէն թաքցնում իրենց նպատակները՝ ոչնչացնել Հայաստանը, հայ ազգը, քանի որ հայ ազգ առանց Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների գոյութիւն ունենալ չի կարող»,-ասաց Արթուր Խաչատրեանը։

Հայաստանի իշխանութիւնները փոխանակ բռունցքուելու, նշեց նա, մեր ոխերիմ թշնամիներին հակահարուած տալու՝ խօսում են հաշտութեան, խաղաղութեան մասին, բայց խորքի մէջ խօսում են մակողմանի զիջումների մասին։

«Մենք ենք խաղաղութեան կողմնակիցները, եւ մենք յայտարարում ենք՝ քանի Հայաստանը հզօր պետութիւն չէ, Հայաստանը չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։ Դրա համար մեր բոլոր քաղաքացիներին, ում փորձում են խաբել՝ իբրեւ թէ այս ուժերը եթէ գան՝ դրանք կը բերէն պատերազմ՝ ո՛չ, միայն մենք կը կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգութիւնը, կը կարողանանք ապահովել խաղաղութիւն Արցախում, Հայաստանի Հանրապետութեան սահմաններին եւ ներդաշնակութիւն ՀՀ ներսում»,-նշեց նա ու յաւելեց՝ ուրեմն, զարթնի՛ր լաոյ, դէպի առաջ, դէպի հզօր եւ միացեալ Հայաստան։

Արթուր Խաչատրեանի կոչով երգեցին Դրոյի երգը. «Մենք այս սրբազան վայրից սկսում ենք մեր քայլերթը, որպէսզի ցոյց տանք, որ մենք տէր ենք մեր երկրին, տէր ենք մեր ազատագրութեան դատին եւ տէր ենք մեծ Դրոյի, Արամ Մանուկեանի, Դանիել Բեկ-Փիրումեանի, Մովսես Սիլիկեանի, Ասկոլկայ Աշոտի, Թաթուլ Կրպեյեանի, Մոնթէի, Լիոնիդ Ազգալդեանի թողած ժառանգութեանը, եւ մենք թոյլ չենք տա, որ դրսի թշնամիները եւ նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն կործանման»,-յայտարարեց Արթուր Խաչատրեանը։

Նշէնք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջեւանից, Տիգրանաշենից, այսօր արդէն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիւ քաղաքացիները քայլերթերով շարժւում են Երեւան, որպէսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահաւաքին։ Զուգահեռ Երեւանում անցկացւում են ամենօրեայ ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Share