Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրամանեանը եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչներն այսօր այցելել էին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին։
«Դատապարտում ենք այս գործողութիւնները եւ տեսնում ենք, որ չդատապարտուած ցեղասպանութիւնն իր շարունակութիւնն է ունենում աշխարհի տարբեր մասերում։ Մենք ականատես ենք եղել դրա դրսեւորումներին Արցախում»,- Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում լրագրողների հետ զրոյցում նշեց Սամուել Շահրամանեանը։
Լրագրողներն Արցախի նախագահից հետաքրքրուեցին՝ ինչպե՞ս է վերաբերւում ՀՀ իշխանութիւնների այն յայտարարութիւններին, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն իրենց արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից չէ, Սամուել Շահրամանեանը պատասխանեց, որ այդ յայտարարութեան մեկնաբանութիւնը թողնում է ՀՀ քաղաքացիներին, հասարակութեանը։
«Տեսնում եք, որ հազարաւոր մարդիկ այցելում են յուշահամալիր եւ իրենց յարգանքի տուրքն են մատուցում։ Անհնարին է մոռանալ կամ մոռացութեան մատնել ցեղասպանութեան դրսեւորումները»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թէ ինչո՞ւ Հայաստան գալուց յետոյ Արցախի լուծարման վերաբերեալ թուղթը չչեղարկեց այնպէս, ինչպէս դրա գոյութեան մասին յայտարարել էր Արցախում, Սամուել Շահրամանեանը եւս մէկ անգամ պատասխանեց՝ այս փաստաթուղթը որեւէ իրաւական ուժ չունի։
«Դրա մասին մենք յայտարարել ենք, պատճառների մասին խօսել ենք, Տեղեկատուական շտաբով մանրամասն տեղեկութիւն տուել ենք։ Դրան աւելացնելու բան չունեմ։ Ես ասել եմ՝ ով կուզի տեսնել Արցախը, որեւէ իրաւական խնդիր չունի»,- շեշտեց նա։
Ս. Շահրամանեանը նաեւ անդրադարձաւ քննադատութիւններին, թէ ինչպե՞ս է ստացուել, որ ինքը հասաւ Հայաստան, միւսները՝ ոչ, ասելով, որ Արցախից ամենավերջում է դուրս եկել՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան գերեւարումից յետոյ։
«Ես դրան առաջիկայում կանդրադառնամ, կարծում եմ՝ հիմա առիթը չէ դրա մասին խօսելու։ Ես Արցախում էի, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը գերեւարել են, տեսել եմ։ Բայց ես դրա մասին այս պահին չեմ ուզում խօսել, խնդրում եմ, իմ կարծիքն էլ յարգեք, յետագայում առիթ կ’ունենանք մանրամասն անդրադառնալու, թաքցնելու բան չունենք։ Այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել մեր յայտարարութիւններով։ Յետագայում առիթներ կ’ունենանք, կը խօսենք ամէն ինչի մասին։
Այդ մարդիկ, ովքեր յայտնուել են Ադրբեջանի բանտերում, հէնց առաջին օրուանից, երբ հարց էինք բարձրացրել, որ պէտք է բացուի Լաչինի միջանցքը եւ խաղաղ բնակչութիւնը հնարաւորութիւն ունենայ դուրս գալու, այդ պահանջը ներկայացուել է ադրբեջանական կողմից։ Նրանք մնալով որպէս կենդանի պատանդ՝ ապահովել են նաեւ մեր խաղաղ բնակչութեան դուրսբերումը»,- ասաց Արցախի նախագահը։
Նա նաեւ ասաց, որ որեւէ շանս չկար, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը չգերեւարուեր:
Յաջորդ հարցին՝ արդյօք որեւէ մէկի հետ չի՞ բանակցել, որպէսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարւթեանն անվտանգ դուրս բերի Արցախից, Սամուել Շահրամանեանը պատասխանեց՝ այդ հարցերին յետագայում կանդրադառնայ։
Խոսելով իր յետագայ պաշտօնավարման մասին, Սամուել Շահրամանեանն ասաց, որ հաշուի են առնելու հասարակութեան դիրքորոշումը։
ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւններն էլ, թէ արցախահայերը չէն կռուել, փախել են, Սամուել Շահրամանեանը որակեց՝ որպէս պառակտիչ գործողութիւններ, ազգային տարանջատումներ։