Հռոմի Ֆրանցիսկոս պապը (նախքան ընտրուելը՝ Խորխէ Մարիոյ Բերգոլիոյ), որը մահացել է այսօր, ծնուել է 1936թ. դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում, Իտալիայից ներգաղթեալների ընտանիքում։
Աւարտելով միջնակարգ դպրոցը որպէս քիմիական տեխնիկ՝ Բերգոլիոն որոշել է դառնալ ճիզուիտ քահանայ (հին եկեղեցական միաբանութիւն, որը զբաղւում էր միսիոներական եւ քրիստոնեական կրթական գործունեութեամբ) եւ ընդունուել է նովիցիատ 1958թ. 22 տարեկան հասակում:
Երկու տարի անց նա տուել է իր առաջին հանդիսաւոր երդումը որպէս ճիզուիտ: 1963թ. նա ստացել է փիլիսոփայութեան արտօնագիր Սան Խոսեում (Սան Միգել)։ 1964-1966թթ. դասաւանդել է գրականութիւն եւ հոգեբանութիւն, իսկ 1970-ին ստացել է աստուածաբանութեան դոկտորի կոչում Սան Խոսէի քոլեջում:
1969ին ձեռնադրուել է քահանայ, իսկ չորս տարի անց ընտրուել Արգենտինայի ճիզուիտների պրովինցիալ։ 1992թ. ձեռնադրուել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 1998ին՝ արքեպիսկոպոս։ Չնայած նման բարձր եկեղեցական պաշտօն զբաղեցնելուն՝ Բերգոլիոն ապրում էր համեստ բնակարանում եւ օգտւում էր հասարակական տրանսպորտից՝ հաւատարիմ մնալով աղքատութեան իր երդմանը։ 2001թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նրան կարդինալ է օծել։
2013թ. մարտի 13-ին, 76 տարեկան հասակում, Ֆրանցիսկոսն ընտրուել է 266րդ պապ՝ դառնալով առաջին ճիզուիտը եւ առաջին լատինաամերիկացին, որը գլխաւորել էց կաթոլիկ եկեղեցին։
Նրանից առաջ հռոմեական գահին էր Բենեդիկտոս 16րդը (Յոզեֆ Ալոիս Ռատցինգեր), որը 2013թ. փետրուարին հրաժարուեց հռոմեական գահից։
Ընտրուելու պահին Բերգոլիոն լայն աջակցութիւն էր վայելում ինչպէս պահպանողականների, այնպէս էլ եկեղեցու բարեփոխիչների կողմից, նա համարւում էր ուղղափառ քահանայ սեռական, բայց ազատական՝ սոցիալական հարցերում:
Նրա կողմնակիցները պաշտպանել են Ֆրանցիսկոսի՝ Վատիկանի բիւրոկրատիան բարեփոխելու, Վատիկանի բանկում կոռուպցիան արմատախիլ անելու եւ կաթոլիկ եկեղեցում երեխաների դէմ սեռական ոտնձգութիւնների սկանդալի հետեւանքների հետ կապուած ջանքերը:
Իր հւուապետութեան առաջին եօթ տարիներին Ֆրանցիսկոսը կատարել է աւելի քան 30 միջազգային ճանապարհորդութիւն եւ այցելել աւելի քան 45 երկիր, այդ թւում՝ 2013թ. յուլիսին այցելել Ռիոյ դէ Ժանեյրոյ՝ Երիտասարդութեան համաշխարհային օրուայ կապակցութեամբ, որտեղ նա պատարագ է մատուցել մօտ 3 միլիոն ուխտաւորների համար Կոպակաբանայ լողափում: 2014թ. նա ուխտագնացութիւն է կատարել դէպի Սուրբ Երկիր։ Ֆրանցիսկոսը դարձել է պատմութեան մէջ առաջին պապը, որն այցելել է Արաբական թերակղզի։ 2019թ. փետրուարին Աբու Դաբիում նա ստորագրել է մարդկային եղբայրութեան մասին համատեղ յայտարարութիւն Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ էլ-Թայեբի հետ, որը հիմք հանդիսացաւ Վատիկանի ապագայ միջկրօնական նախաձեռնութիւնների համար: Նոյն ամսին նա Վատիկանում գագաթաժողով անցկացրեց՝ քննարկելու համար սեռական բռնութեան ճգնաժամը եւ անչափահասների եւ խոցելի մեծահասակների պաշտպանութիւնը:
Ֆրանցիսկոսը սրբերի շարքն է դասել իր մի շարք նախորդների, այդ թւում՝ հռոմեական գահին նստած իր նախորդներին՝ Հովհաննես Պողոս II-ին, Հովհաննես XXIII-ին եւ Պողոս VI-ին։ 2020թ. գարնանը՝ կորոնաւիրուսային համաճարակի սկսուելուց յետոյ, Ֆրանցիսկոսը կազմակերպել է ամենօրեայ պատարագների եւ այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումներ։ Վատիկանում Աւագ շաբաթուայ, Տրիդիումի եւ Զատկի տօնակատարութիւնները նոյնպէս անցել են առանց ծխականների մեծ ներկայութեան։ Ընդհանուր առմամբ, հւուապետի X-ի էջին բաժանորդագրուել է 18,3 միլիոն մարդ։
Հւուապետը եւ Հայաստանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2015թ. հայերի սպանութիւնները անուանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն՝ առաջացնելով Անկարայի սուր արձագանքը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրեայ այցով Հայաստան էր եկել 2016թ. յունիսի 24-26-ին։ Այցի ընթացքում, անդրադառնալով հայերի զանգուածային սպանութիւններին, Հռոմի պապը նախ օգտագործել է հայերէն «Մեծ եղեռն» տէրմինը, ապա աւելացրել «ցեղասպանութիւն» բառը։
Նախօրեին՝ 2025թ. ապրիլի 20-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Սուրբ Զատկի կիրակի օրը կարճ յայտնուել է Սուրբ Պետրոսի տաճարի լոջիայում՝ դիմելով հաւատացեալներին Urbi et Orbi (քաղաքին եւ աշխարհին) ուղերձով, որի ընթացքում, ի թիւս այլոց, աղոթել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղութեան համաձայնագրի համար, յայտնել է Վատիկանի մամուլի ծառայութիւնը։
Նա յիշատակել է Հարաւային Կովկասը, որտեղ երկարամեայ լարուածութիւնը պահանջում է հրատապ հաշտեցում։
«Մասնաւորապէս, նա աղոթել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղութեան համաձայնագրի եւ տարածաշրջանի ապաքինման համար»,- նշվել է Վատիկանի յայտարարութիւնում։
Ֆրանցիսկոս Առաջինն իր ուղերձի ընթացքում յիշատակել է նաեւ Գազայի հատուածի, Սիրիայի, Լիբանանի քրիստոնեական համայնքները, անդրադարձել Ուկրաինայի պատերազմին եւ Աֆրիկայում հակամարտութիւններին։
44 օրեայ պատերազմի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր աւանդական կիրակնօրեայ քարոզում ողբերգութիւն է անուանել այն, ինչ կատարւում է Լեռնային Ղարաբաղում։ Հւուապետը վստահեցրել է, որ ինքը մօտ է բոլոր նրանց, ովքեր տառապում են եւ կոչ է արել «սրբերի բարեխօսութիւնը տարածաշրջանում կայուն խաղաղութեան հասնելու համար»։ «Անմեղների արիւն է թափւում», Սուրբ Պետրոսի հրապարակի պապական պատշգամբից յայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ Նա կոչ է արել վերջ տալ ռազմական մեթոդներին, որոնք յանգեցնում են բազմաթիւ մարդկանց մահուան:
«Չմոռանանք, թէ ինչ է կատարւում Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինուած բախումները հետեւում են փխրուն հրադադարներին, զոհերի թուի ողբերգական աճով, տների, ենթակառուցուածքների եւ աղոթատեղիների աւերմամբ՝ խաղաղ բնակչութեան աճող ներգրաւուածութեամբ», — ասել է հովուապետը։
Պատէրազմից եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան էթնիկ զտումից յետոյ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պաշտպանել եւ յարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը եւ կրօնական պաշտամունքի վայրերը։ «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերեալ իմ մտահոգութիւնը չի թուլացել։ «Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից՝ ես կցանկանայի յատուկ կոչ անել այս տարածաշրջանի վանքերի եւ պաշտամունքի վայրերի պաշտպանութեան համար»,- ասել է նա կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր քարոզից յետոյ:
Հւուապետը նաեւ յոյս է յայտնել, որ կրօնական շէնքերը կը յարգուէն եւ կը պաշտպանուէն որպէս տեղական մշակոյթի մաս, հաւատքի արտայայտութիւն եւ եղբայրութեան նշան, որը «հնարաւոր է դարձնում միասին ապրելը՝ չնայած տարաձայնութիւններին»:
1. Ի՞նչ էր ասել ՀՀ նախագահը Ֆրանցիսկոս Պապի գահակալութեան արարողութեան առիթով:
2013 թուականի մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Վատիկանում ներկայ էր գտնուել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապ գահակալութեան արարողութեանը:
Սերժ Սարգսեանն ասել էր, որ աշխարհում առաջինը պետականօրէն քրիստոնէութիւնը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձութիւնն առանձնայատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում: Նախագահը նշել էր, որ «Սուրբ Պետրոսի նուիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղեակ է մեր մշակոյթին ու պատմութեանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունէութեան ընթացքում»:
2. Ի՞նչ որակում էր տուել Ֆրանցիսկոս Պապը 1915 թուականի իրադարձութիւններին:
2015 թուականի ապրիլին Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հաեօց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած յատուկ պատարագի ժամանակ ասել էր, որ հայերի կոտորածները «20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է»:
«Չարիքի կոծկումը կամ դրա ժխտումը նման է առանց վիրակապի բաց վէրքի, որը շարունակում է արիւնահոսել»,- ասել էր նա:
Տեղեկանալով, որ Հռոմի Պապը օգտագործել է «ցեղասպանութիւն» բառը, Վատիկանում Թուրքիայի դեսպանը յետաձգել էր նոյն օրը կայանալիք իր մամուլի ասուլիսը:
3. Ի՞նչ կարգախօս էր ընտրել Պապը հայաստանեան այցի համար:
2016 թուականի յունիսի 24-ից 26-ը կայացած այցի կարգախօսն էր «Այց առաջին քրիստոնեայ երկիր»:

Հռոմի Պապի՝ Հայաստան այցի տարբերանշանը շրջանաձեւ էր, որի հիմքում Խոր Վիրապի վանքի եւ բիբլիական Արարատ լեռան պատկերներն էին:
4. Ի՞նչ էր ասել Ֆրանցիսկոս Պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բարիգալստեան արարողութեան ժամանակ:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորը, մասնաւորապէս, ասել էր.
«Տիրոջը գոհութիւն եմ մատուցում ձեր ժողովրդի հաւատի լոյսի համար, հաւատ, որը Հայաստան աշխարհին տուեց իր ուրոյն ինքնութիւնը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մօտ: Քրիստոսը Ձեր փառքն է, ձեր լոյսը, արեգակը, որը ձեզ լուսաւորեց եւ նոր կեանք պարգեւեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարէց յատկապէս մեծագոյն փորձութիւնների պահերին: Խոնարհւում եմ Տիրոջը, որ հայ ազգը եղաւ առաջինը 301թ., որն ընդունեց քրիստոնէութիւնը, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմում դեռ շարունակւում էին բորբոքուել հալածանքները:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Քրիստոսի հաւատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հագնել կամ հանել՝ պարագաների կամ առիթներով պայմանաւորուած, այլ սեփական ինքնութեան բաղկացուցիչ իրականութիւն, գերազանց պարգեւ՝ ուրախութեամբ ընդունելի, ժրաջանութեամբ եւ ուժով պահպանելի: Տերը թող օրհնի ձեզ հաւատի այս օրինակելի պահպանման համար»:
5. Ի՞նչ հեռագիր էր յղել Ֆրանցիսկոս Պապը Էրդողանին:
Հայաստան ուղեւորուելիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հեռագիր էր ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Հայաստան ուղեւորուելիս եւ Թուրքիայի օդային տարածքով թռչելիս՝ յղում եմ իմ լաւագոյն մաղթանքները Ձերդ Գերազանցութեանը եւ Ձեր ժողովրդին՝ աղոթելով, որ Բարձրեալն իր օրհնութիւնը շնորհի ձեր ժողովրդին», — ասուած էր հեռագրում:
6. Ի՞նչ անակնկալ էր գրանցուել այցի ընթացքում:
2016 թուականի յունիսի 24-ի երեկոյեան Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայութեան ղեկավար Ֆեդերիկոյ Լոմբարդին Երեւանում ամփոփել էր Ֆրանցիսկոս Պապի այցի առաջին օրը:
Նա, մասնաւորապէս, ասել էր.
«ՀՀ նախագահի նստավայրում իր ելոյթի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրառել է եւ՛ Մեծ եղեռն, եւ՛ ցեղասպանութիւնը բառերը՝ նկարագրելու 1915թ.-ի դէպքերը: Պապը նախկինում բազմիցս ասել է, որ դա ցեղասպանութիւն է եղել: Մենք երբեւէ չենք ժխտել, որ դա այդպէս է եւ Նորին Սրբութիւնը պատճառ չէր տեսնում ցեղասպանութիւն բառն այսօր էլ չկիրառելու համար:
Պապը նախօրօք հաստատել էր այսօրուայ իր ելոյթի տեքստը, որի սկզբնական տարբերակում չի եղել «ցեղասպանութիւն» բառը: Անհերքելի է, որ այսօր նա որոշեց աւելացնել «ցեղասպանութիւն» բառը նախապէս գրուած տեքստում: Նա մտածեց դա, եւ որոշեց աւելացնել այդ եւ ուրիշ բառեր: Այդ հարցում նրա վրայ որեւէ ճնշում, պարտադրանք չի եղել ոչ մէկի կողմից: Նա պատրաստել էր տեքստը, այն մէզ յանձնել, մենք էլ այն նախապէս բաժանել էինք մամուլին: Բայց մենք ձեզ ասել ենք միշտ, որ Պապը իր ելոյթներում սովորաբար վերջին վայրկեանին փոփոխութիւն է անում»:
7. Ո՞ւմ էր յատուկ օրհնութիւն շնորհել Ֆրանցիսկոս Պապը:
2019 թուականի հոկտեմբերի 2-ին Վատիկան կատարած այցի ընթացքում «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութեան պատուիրակութիւնն արժանացել էր Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի յատուկ օրհնութեանը:
Վատիկան կատարած այցին ներկայ էին «Աւրորայ» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյեանն ու Ռուբէն Վարդանեանը եւ «Աւրորայ» համաշխարհային ամենամեայ մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցէն եւ Չոյ Լա Աունը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութեան ներկայացուցիչները խնդրել էին Նորին Սրբութեան օրհնութիւնը:
Պատուիրակութիւնը ներկայացրել էր նաեւ #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտութեան սեփական պատմութիւնը, կատարելով նուիրատուութիւն եւ մաս կազմելով մարդասիրական շարժման:
«Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի եւ Նորին Գերազանցութիւն կարդինալ Պիետրոյ Պարոլինիի հետ հանդիպումները լաւ առիթ էին՝ ամփոփելու արածը եւ վերագնահատելու «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութիւնն ու համաշխարհային ազդեցութիւնը: Այնուամենանիւ, մեր գործը դեռ նոր է սկսուել: Այս ամիս Երեւանում սպասուող առաջին «Աւրորայ» ֆորումին մենք կքննարկէնք համաշխարհային մարտահրաւէրները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշել էր «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը:
Աղբիւրներ՝ mediamax, news.am