ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի ելոյթը ԱԺ-ում
«Ելոյթս ուղեցոյց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականութեան յենասիւները՝ պատմութիւն, արժանապատուութիւն, յիշողութիւն։ այն հակափաստարկ է բոլոր նրանց, ովքեր ուզում են հայ ժողովրդի յիշողութիւնը կեղծել, ջնջել,
Խոսքս հանուն պետութեան եւ Հայրենիքի է՝ հակափաստարկելով փաշինեանական այն թեզերին, որոնք մեր ազգային գոյութիւնը եւ հէնց պետականութիւնն են վտանգում։ Միակողմանի ապազգային տրամաբանութեան հակադրումը պետութիւն + յիշողութիւն = ուժեղ ու կենդանի Հայրենիք հայեցակարգն է:
Նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողւում մենք ականատես եղանք մի ելոյթի, որը պաշտօնապէս կոչւում էր «զեկոյց», բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր՝ պետականութիւն առանց յիշողութեան, իրականութիւն առանց արմատների, ու ապագայ՝ առանց ինքնութեան։ Այն առաջարկում է հրաժարուել մեր պատմական դասէրից, մշակութային կոդերից եւ ազգային նկարագրից։
Սա բառերի խառնաշփոթ չէր, չգիտակցուած պոռթկում չէր։ Սա նախապէս ծրագրուած գաղափարախօսութիւն է, որն ունի շատ յստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել յիշողութիւնից, արմատներից եւ ինքնութիւնից։
Անցեալ շաբաթ Նիկոլ Փաշինեանը մանիֆեստի վերածեց անցնող մի քանի տարիներին արդէն աւանդական դարձած ներազգային կեանքում հակադրումների, թշնամացման, ուրացման, հրաժարման, թշնամական օրակարգի ներդրման ու սպասարկման հերթական թեզը։
Յիշու՞մ եք՝ բաժանումները տարբեր էին՝ սեւ ու սպիտակ, նախկին ու ներկայ, հարկատու ու թալանչի, հայաստանցի եւ սփիւռքահայ, յետոյ արդէն 2020 ի պատերազմի ժամանակ՝ հայրենանուէր կամաւոր ու դիզերտիր, արցախցի խուճապ տարածող, դաւաճան ու վարչապետի մարտակոչով առաջնագիծ շտապող որդի։
Նմանատիպ բաժանումները ետպատերազմեան շրջանում այլեւս որքան մեծանում էին թուրք-ադրբեջանական ճնշումները, այդ հակադրում-հարցադրումներն ուղղուած հասարակութեանն աւելի ցայտուն, ցինիկ, սահման ու բանականութիւն չճանաչող էին դառնում։
Օվերտօնի պատուհանի սկզբունքով հրապարակ էին ներտւում ամենատարբեր մտքեր, որոնք արժանանում էին նախ համատարած պարսաւանքի, դատապարտման, ապա՝ ժամանակի հետ դառնում էին սովորական, մինչեւ որ մի օր դրանք այլեւս իրողութիւններ էին դառնում։ Դժբախտաբար։
Իսկ յետոյ ԱՐԱՐԱՏ թե՞ Արագած բաժանումը, ապա Հայրենիք թե՞ պետութիւն բաժանարարն էր։ Յաջորդիւ արդէն Հայոց Ցեղասպանութեան շուրջ անառողջ դիսկուրսի հերթն էր։
Ընդ որում ուշադրութիւն դարձրեք, այդ բոլոր հակադրումները կատարւում էին հագուրդ տալու թուրք-ադրբեջանական ճնշումներին, պահանջներին, ճաշակին։
Անցեալ շաբաթուայ ելոյթում արդէն Փաշինեանն այլեւս նոր դոզայ ներարկեց ներհասարակական կեանքում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախեան շարժումն ու Անկախութեան համար պայքարը, այլեւ՝ Արցախեան շարժումը համարեց խոչնդոտ այդ պայքարի համար։ Նա բացայայտ ձեւով հակադրում է մեր նորագոյն պատմութեան երկու հիմնասիւները՝ Արցախեան շարժումը եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան շարժումը։
Սա ոչ թէ թիւրիմացութիւն է, այլ գաղափարական դիրքորոշում։ Դիրքորոշում, որն այսօր պաշտօնական է դարձել այս իշխանութեան մօտ։
Փաշինեանը միտումնաւոր խօսում է, թէ իբր մենք ընդամէնը հիմա ենք հասել պետականութիւն կառուցելու իրական շանսի, եւ թէ մինչեւ հիմա միայն Ղարաբաղի համար ենք ունեցել անկախութիւն։ Սա ոչ միայն պատմական փաստէրի ընտրովի մեկնաբանութիւն է, այլ նաեւ վտանգաւոր արդարացում՝ վերջին տարիների խորը ձախողումների համար։
Իր խմբագիր եղած ժամանակուայ ոճով, ամէն ինչից մի քիչ իմանալով, իբր լուրջ դատողութիւնների հանգող Փաշինեանը եզրակացնում է, թէ մէջբերում եմ «1980-ականների վերջին Հայաստանի անկախութեան գաղափարը գեներացուել է ոչ թէ հանուն անկախութեան ու պետականութեան, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետութիւն ստեղծել ենք ոչ թէ աւելի լաւ կեանքի, այլ Ղարաբաղի հարցի համար»։
Սուտ, ոչ ճիշտ, ոչ պատմական եզրակացութիւն։
Արձանագրենք, որ անկախական շարժումը մեր ժողովրդի հասարակական-քաղաքական կեանքում առնուազն 21-րդ դարում զուգահեռաբար զարգացել է երկու տարբեր հատուածներում՝ Սփիւռքում իր ձեւաւորումից ի վեր՝ Դաշնակցութեան ջանքերով, յամառութեամբ՝ Մայիս 28ն ու Եռագոյնը փայփայելուց սկսեալ մինչեւ այդ ոգով սերունդներ կրթելը, ու Մայր Հայրենիքում դեռ 50-ականների վերջ, 60 ականներից՝ Անկախութեան գաղափարի համար պայքարած, սիբիրեան աքսորներ տեսած, այդ ճամփեքին նաեւ նահատակուած նուիեալների մի ողջ փաղանգով։ Ի դէպ, այդ անկախական սերնդի տարածուող գաղափարների մէջ իր մշտական տեղն ունէր Հայոց Ցեղասպանութեան հարցը։
Հայաստանում Արցախեան շարժման մեկնարկը, որը տրուեց հաժողովրդական շարժման մեկնարկ դարձաւ1987 թ-ի աշնանը, իբրեւ հարթակ բնապահպանական շարժումն էր, որի խորքում էլ Արցախի, արցախահայերի խնդիրներն էին, մինչեւ 1988 թուականի փետրուարեան համաժողովրդական շարժումը։ Արցախեան շարժումը խոչընդոտ չէր անկախութեան համար, այլ դրա շարժիչ ուժն էր։
Ամէն ինչին մակերեսային տիրապետող Փաշինեանն անգամ չի էլ պատկերացնում կամ իրականում չի էլ ուզում առերեսուել, հաշուի նստել պատմական այն իրողութեան հետ, որ տիրում էր այդ օրերին Խորհրդային Հայաստանում: Այն մթնոլորտը, որտեղ դեռ ամուր Խորհրդային միութեան սահմաններում մեր հասարակութիւնը Արցախեան շարժումը դիտարկում էր ներպետական կանոնակարգումներով որոշուելիք հարց ։ Բայց բնականաբար կար նաեւ 60 ականներից երբեք դադար չառնող անկախական շարժումն ու կրակը։
Փաշինեանը միտումնաւոր զրոյացնում է, անտեսում է, այն իրողութիւնը, որ Ազատութեան հրապարկն այդ օրերին միասնական միլիոնանոց էր, բայցեւ բազմաշերտ՝ Գորբաչովին հաւատացող դէմոկրատներից մինչեւ Հայ դատի անդամներ, մերձբալթեան ու վրացական, արդբեջանական այլախոհների հետ դաշինք կազմել երազողներից ու դրանով Արցախի հարցի լուծումը տեսնողներից մինչեւ Միացեալ Հայաստանի տասնամեակների երազանքով ապրած, 60-ականներին մեր հողերը վանկարկումներով փողոց իջած տասնեակ հազարաւոր հաեորդիներ, որոնց իդէալը Դաշնակցութիւնն էր։
1988 թուականի ժողովուրդը դուրս եկաւ ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի համար։ Մարդիկ դուրս եկան արժանապատուութեան, արժեհամակարգի, հայրենիքի համար։ Եւ այդ շարժումն էր, որ կոտրեց Խորհրդային կայսրութեան խարխլուած պատերը Հայաստանում։
Հայաստանի անկախացման անհաժեշտութիւնը դարձաւ համոզմունք ոչ թէ Արցախեան հարցում ելքեր չլինելու պատճառով, այլ ողջ խորհրդային տարածքում մթնոլորտն էր այդպիսին այլեւս՝ Մերձբալթիկայից մինչեւ Վրաստան։
Եթէ անգամ այս հարցում այդ օրուայ Հայաստանը ինքնակորոյս քայլեր չէր անում, ոչ թէ կաշկանդաւած էր, այլ՝ պահի լրջութիւնն էր հասկանում։ Դրա վկայութիւնն է 1991 թվկանի ԳԿՉՊ-ն։ Պատկերացեք, այդ պայքարի առաջամարտիկը Հայաստանն էր ու յեղաշրջումը յաջողում էր։ Դա փաշինեանական իշխանութիւնը չէր, որ խելքին փչի ու ինչ ուզի Ստեփանակերտում գոռայ, առանց հետեւանքները հաշուի առնելու։
ՈՒ վերջապէս Անկախութեան հռչակում, հանրաքուէ, եւ զուգահեռ նոյն պրոցեսն արդէն Արցախի Հանրապետութիւնում էր։
Ողջ աշխարհում էլ ազատագրական շարժումները յաճախ ունեն եւ ունեցել են բազմաշերտ շարժառիթներ, եւ Ղարաբաղի հարցը եղել է համազգային ինքնութեան, արդարութեան եւ անվտանգութեան կարեւոր բաղադրիչ, որը չէր կարելի անտեսել կամ վերջնականապէս փակել առանց հետեւանքների։
Այստեղ է աշխարհահայեացքային տարբերութիւնը մեր ու ձեր տեսակէտների։
Աշխարհը Հայաստանին, անգամ Խորհրդային Հայաստանին հաշուի առաւ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղեան պայքարն էր ուժեղացրել մեր ժողովրդին, երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում, ու ոչ թէ թուլացնում մէզ։
Յետագայ երեսուն տարիներին, եթէ միջագային բեմերում Հայաստանը եղել է ուժեղ ներկայութեամբ, եթէ իր տարածքով ամենափոքրը լինելով ողջ տարածաշրջանում առանձնացել է, քանի որ ունէր Արցախի Հանրապետութիւն, քանի որ գործոն էր՝ քաղաքական, ռազմական, դիւանագիտական։
Ու հիմա, Հայաստանի Հանրապետութեան սահմաններում տիրող իրավիճակը, 200 քառակուսի կիլօմետրի աւել օկուպացուած տարածքի փաստը վկայում է, թէ Արցախի Հանրապետութիւնն ինչ կարեւորագոյն եւ գնահատելի անվտանգային բարձիկ էին ու գործոն Հայաստանի Հանրապետութեան համար։
Արցախեան շարժումը պայքար էր հանուն արժանապատուութեան, ինքնիշխանութեան եւ պետականութեան ամրապնդման, անկախութեան պայքար էր, ոչ թէ պետականութեան խաթարման։
Ի դէպ, չբացելով փակագծերը, մի անգամ 1991 թ-ի մարտին ՀՀ Գերագոյն խորհրդի ընդլայնուած փակ նիստում այս մասին եւս խօսուել է՝ Արցախեան շարժման կարեւորագոյն արդիւնքը Հայաստանի Հանրապետութեան, նրա ինքնիշխանութեան համար եղաւ։ Եւ եթէ այսօր իշխանաւորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք կամ Մասիս, պարտական են այդ շարժմանը, պայքարին։ Կրկնում եմ՝ չբացելով փակագծերը։
Բայց այսօր այդ շարժումը հռչակւում է որպէս «խանգարող» հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակութիւն, որ չի յիշում՝ ինչու սկսուեց Արցախեան շարժումը։ Որ չի յիշում՝ ինչի համար տուեց զոհեր, մոռանայ Շուշիի ազատագրումից մինչեւ Արցախի Հանրապետութեան կայացումը եւ զարգացումը։ Որ չյիշի՝ ինչի համար դիմադրեց պատերազմների ու շրջափակման պայմաններում։
Որ չի յիշում՝ թուրքին հայրենիքը չյանձնելու իր վճռականութիւնը։
Բայց դուք մոռանում եք մէկ բան։ Մոռացութիւնը ձեր ծրագրում է, բայց մեր արեան մէջ չէ։
Փաշինեանական ելոյթում շեշտւում է, որ Ղարաբաղեան շարժման շարունակութիւնն այսօր կործանարար է։ Այսինքն՝ ոչ միայն անցեալում էր դա սխալ, այլ հիմա էլ՝ պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողութեանը։
Սա նոր յարձակման փորձ է՝ մեր հաւաքական յիշողութեան եւ քաղաքական իմունիտետի դէմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք՝ ո՞ւմ համար է կործանարար Ղարաբաղեան շարժման շարունակութիւնը։
Կործանարար է նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն իրենց պարտուողականութեան ու հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։
Նախ մի յստակեցում՝ Փաշինեանը յայտարարում է, թէ այլեւս չի լինելու Ղարաբաղեան շարժում։ Իրականում Արցախեան շարժումն իր տրամաբանական աւարտին հասաւ 1994 թ-ի մայիսին Արցախի ներկայացուցիչների հետ Արդբեջանի կողմից զինադադարի մասին փաստաթղթի կնքումից յետոյ, դրան արդէն յաջորդեց ինստիտուցիոնալ, դիւանագիտական, քաղաքական կարգաւորման մի ողջ 25 ամեակ։
Ու վերջապէս Փաշինեանի համաձայն Ղարաբաղեան շարժումը օտար որոշ երկրների ձեռքում գործիք էր Հայաստանի անկախացում թոյլ չտալու համար էր։
Այդ պայքարով անկախացած Հայաստանում ինքնիշխանութիւնից ամէնից շատ գոռացող այս քաղաքական ուժը անցնող տարիներին մեր երկրի ինքնիշխանութիւնն ինչպե՞ս է ապահւում, օտար երկրների դրօշները սահմաններին պարբերաբար տնկելով, մէկ ռուսական դրօշներն էին ամէն քայլափոխի, մէկ Եւրամիութեանը դրանք փոխարիներցին։ Հասան այնտեղ, որ մեր սւուերէն տարածքում գործարան կառուցելը պաշտպանելու համար ստիպուած էին ԱՄՆ դրօշը տնկել, որն էլ չօգնեց։ Հիմա ո՞վ է ցանկանում ու կործանում է մեր անկախութիւնը, որն մեր երկրի ծննդեան վկայական Անկախութեան հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։
Ի դէպ, ասեմ պարզ, երբ առաջին անգամ Փաշինեանի շուրթերից հնչեց Ղարաբաղեան շարժում թոյլ չտալու մասին յայտարարութիւնը, միանգամից յիշեցի գործընկերներիս հետ Արտաքին գործերի նախարարութիւնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկուած փաստաթղթի մի հատուած, որով պայմանաւորւում էր արգելել ցանկացած գործունէութիւն, որը յաւակնութիւններ կպարունակի։ Ակամայից ԱԳՆ պաշտօնեանին հարցս էր՝ սրանով Դաշնակցութիւնը փակելու՞ եք։ Պատասխանը ժխտողական չէր։
Սա է մեխը։ Փաշինեանը ոչ թէ համոզուած է ասում շարժում թոյլ չտալու մասին, այլ ի կատար է ածում առայժմ չուաւերացրած համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը։
Արցախեան շարժման արժէքները չէն կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետութեան անկախութեանը, ամուր եւ անվտանգ պետութիւն ունենալուն։ Ղարաբաղեան շարժման խեղաթիւրուած գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականութեան գոյութեանը։
Յաջորդ, արդէն տեւական ժամանակ շրջանառուող թեզը, որ Փաշինեանի մանիֆեստի մեխերից էր՝ թէ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական յեղափոխութիւնը։ Այդ յեղափոխութեան առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարիւրամեակներում առաջին անգամ միջազգայնօրէն ճանաչուած մեր պետութիւնը եւ մեր հայրենիքը նոյնական են: Ասել է, թէ իբրեւ թէ հայ ժողովուրդը, վերջապէս, ընկալում է, թէ իր հայրենիքը միայն ՀՀ միջազգային ճանաչուած սահմաններում է, իր ձեռքի փայլփլուն կտրուած քարտէզում։
Այս թեզը՝ ձեւով փաթեթաւորուած, բովանդակութեամբ խեղաթիւրուած եւ նպատակով՝ խիստ վտանգաւոր է ու կործանարար։ Եւ դրա տակ մի շատ պարզ մեսիջ է՝
«մոռացեք այն ամէնը, ինչ դուրս է այս քարտէզից։»
Սա դեկլարատիւ կապիտուլեացիայ է մեր պատմութեան, ինքնութեան եւ յիշողութեան հանդէպ։ Հոգեբանական յեղափոխութեան քօղի տակ դուք իրականում կերտում եք ազգային մոռացում։
Հայրենիքը քարտէզով չէն սահմանում։ Հայրենիքը ստեղծւում է յիշողութեամբ, մշակոյթով, յաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակուածներով։
Պետութիւնը սահման ունի։ Հայրենիքը՝ յիշողութիւն։ ՈՒ Երբ հայրենիքը դառնում է բեռ, պետութիւնը կորցնում է հոգին։
Հայրենիքը սոսկ ներկայի տարածք չէ։ Այն նաեւ անցեալ է՝ որից գալիս ենք, եւ ապագայ՝ որի մէջ ներդնում ենք անցեալի իմաստը։
«Սոցիալ-հոգեբանական յեղափոխութիւն» անուանում եք այն, ինչ ժողովուրդը վշտով, ցաւով, պարտութեամբ ու հիասթափութեամբ է ապրել: Այդ ո՞ր պահից է ազգային ցաւը, կորուստը դարձել հոգեբանական առաջընթաց։
Ոչ, նիկոլ Փաշինեան, դա հոգեբանական մանիպուլեացիայ է՝ ուղղուած ժողովրդին համակերպուելու պարտութեանը եւ զիջումներին, եւ ոչ թէ յաղթանակին, զարգացմանը ձգտելուն։
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետութիւնն ու հայրենիքի գաղափարը համընկնում են, բայց առաջին անգամ է, որ իշխանութիւնը փորձում է դրանք բաժանել ժողովրդի հոգուց:
Երբ 1918-ին հռչակուեց Հայաստանի Հանրապետութիւնը, Սարդարապատի հերոսները չէին ասում՝ «մենք պաշտպանում ենք միայն էս բարձունքից այն կողմ»։
Նրանք կռւում էին ողջ ժողովրդի, հայրենիքի համար։
Արցախը ձեր «նոր հայրենասիրական դասակարգման» մէջ չի տեղաւորւում։ Բայց մեր ազգի արեան մէջ է: Որտե՞ղ է Արցախը ձեր այդ «սոցիալ-հոգեբանական յեղափոխութեան» քարտէզում։ Թերեւս՝ մոռացութեան բաժնում։
Բայց Արցախը մոռացուող չէ։ Արցախը, Անիի աւերակները, Կարսը, Վանում հնչած հայկական ձայնը մոռացուող չէն։ Հայրենիքը սահմաններով չես չափում, այլ՝ պատասխանատուութեամբ եւ յիշողութեամբ ։
Պետութիւնը կարող է հրաժարուել այդ ժառանգութիւնից՝ քաղաքական պայմանագրով, բայց ժողովուրդը չի կարող հրաժարուել ինքն իրենից։ Պետութիւնն առանց հայրենիք ընդամէնը վարչական մեխանիզմ է։ Երբ պետութիւնը զրկւում է հայրենիքի գաղափարական հէնքից, այն դադարում է լինել արժէք, դառնում է կառավարելի, վաճառուող ու նոյնիսկ՝ յանձնուող։ Կիրանցի օրինակը ձեզ լաւագոյն վկայութիւն։ Լոկ սահման հասկացութիւնը, դրա ֆետիշացումը պատճառ դարձաւ առանց ցաւի զիջել եւ շարունակել զիջել։
Երբ Հայրենիքը չկայ պետականութեան հիմքում, ապա պետութիւնն այդ պահին սկսում է ծառայել ոչ թէ ժողովրդին, այլ միայն վարչակարգին։
Փաշինեանը Հայրենիք ու պետութեան հակադրութեան մէջ յայտարարում է, թէ «բիւջեն, հարկը, օրէնսդրութիւնը»՝ մեր հասարակութեան համար ատելի են, որովհետեւ դա պետական համակարգի ատրիբուտներն են։ Բայց դա չի որ իրականում մեր հայրենակցի համար ատելին է։ Քաղաքացին ատում է ոչ թէ հարկը, այլ՝ անարդար գոյքահարկը, յայտարարագրումը, որքան էլ իշխանութիւնը դրանք գունաւոր փաթեթաւորի, քանի որ դրանում անարդարութիւն է տեսնում իշխանաւորի կողմից։
Այս իշխանութիւնը փորձում է ստեղծել մի նոր նարատիւ, որտեղ գոյութիւն ունի միայն խաղաղութեան օրակարգ, բայց առանց պատմութեան, առանց յիշողութեան, առանց ինքնութեան։
Մեզ յաճախ համոզում են, թէ հայրենիքի մասին խօսելն անցեալամոլութիւն է, թէ արժանապատուութեան պայքարը խանգարում է խաղաղութեանը, եւ թէ ազգային ինքնութեան պաշտպանութեան պահանջը ռեւանշիզմ է։ Երբ պետութիւնը ձգտում է ազատուել իր անցեալից, նա իրականում փորձում է ազատուել պատասխանատուութիւնից։
Այս քաղաքականութեան շրջանակում միջազգային օրակարգից հանուել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման պահանջը։ Այն նոյն Ցեղասպանութիւնը, որի մասին բարձրաձայնելը մի ժամանակ համազգային պայքար էր։ Բայց հիմա, կարծես, այդ ամէնը պէտք է մոռացուի՝ հանուն հերթական զիջման, հերթական խաղաղութեան հնարաւորութեան։
Սիրելի հայրենակիցներ, մեր ազգը արժանի է յիշողութեան վրայ հիմնուած խաղաղութեան, ոչ թէ մոռացութեան վրայ կառուցուած խաբկանքի։ Մեզ պէտք է պետութիւն, որը չի վախենում բարձրաձայն ասել ճշմարտութիւնը։ Որովհետեւ առանց ճշմարտութեան չի կարող լինել ո՛չ արդարութիւն, ո՛չ խաղաղութիւն, ո՛չ էլ ապագայ։
Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը գրեթէ ամբողջութեամբ դուրս է բերուել մեր պետական դիսկուրսից։
Իմ օրինակը,,,,
Այս նոյն տրամաբանութեամբ ներկայացւում է Արցախը՝ որպէս «միջազգայնօրէն Ադրբեջանին ճանաչուած տարածք», իբրեւ թէ դա ինչ-որ ճշմարտութիւն է, որի հետ պէտք է համակերպուել։ Բայց այդպէս է խօսում միայն նա, ով պարտուել է, պատրաստ է զիջումների հանուն ոչ թէ հայրենիքի ու պետութեան, այլ սեփական իշխանութիւնը պահելուն:
Ու վերջապէս, արդեօ՞ք կարող է որեւէ մէկը ստիպել այդ ժամանակաւոր կորսուած երկիրը Հայրենիք չհամարել։
Կարո՞ղ է որեւէ մէկը ստիպել Եռաբլուրում հաւաքուած մեր հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Արցախի Շահումեանի շրջանի հրամանատար, հայդուկային պայքարի լեգենդար ղեկավար Շահէն Մեղրեանի նահատակութեան 32-րդ տարելիցը, որ իրենք Շահումեանը, բռնակցուած Շահումեանը չհամարէն իրենց Հայրենիքը։
Անհնար է ջնջել դա, յիշողութիւնը, կարօտը, վերադառնալու յոյսը։
Հակառակ դէպքում եկեք ջնջեք մեր քաղաքների վրայից Արարատի ու Մասիսի անունները, Երեւանի համայնքներում անուանափոխենք Զեյթունը, Արաբկիրը, Մալաթիան, Սեբաստիան, արգելեք ծննդեան վկայականներում անուանակոչէն, օրինակ իմ զաւակների անուններով՝ Անի եւ Տարոն, քանի որ դրանք Հայրենիքի այն հատուածում են, որ Հայաստանի տարծքը չէ, յորդորեք ձեր կուսակից Թալինի համայնքապետ, 1915 թուականի Ցեղասպանութեան ժառանգ Տաւրոս Սափեյեանին հրաժարուի իր անունից, քանի որ դա Սասունի Տաւրոս լեռան անուանումն է, թոյլ չտաք համերգասրահներում երգէն Քելէ էրթանք մեր էրգիր, կամ Կոմիտասի Կռունը, քանի որ երկրէն խաբրիկ է սպասում։ Շարունակե՞մ այս շարքը։
Եւ հէնց այդ յիշողութեան ուժով, հայրենիքի ոգով ինչպէս ամէն տարի, այնպէս էլ երկու օրից հայ երիտասարդը, յիշողութիւնը չկորցրած հայ մարդը ջահերով եւ ծաղիկներով քայլելու է դէպի Ծիծեռնակաբերդ՝ յիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատուութեան ենթարկել ցեղասպանին, որ այլեւս չկրկնուի ոչ Կարսում, ոչ Զեյթունում, ոչ Ստեփանակերտում եւ Հադրութում հայ մարդու կոտորածը, որ գալիք սերունդը ոչ թէ կեղծ ու ժխտող արժէքներով ապրի, այլ ուժեղ եւ պահանջատէր պետութիւնը ունենայ:
Սիրելի հայրենակիցներ, հայ մարդն արժանի է յիշողութեան վրայ հիմնուած խաղաղութեան, ոչ թէ մոռացութեան վրայ կառուցուած խաբկանքի։
Սիրելի հայրենակիցներ, ես այստեղ եմ՝ ասելու, որ յիշողութիւնը պարտութիւն չէ։ Ճշմարտութիւնը ռեւանշիզմ չէ։ Իսկ պայքարը՝ ոչ թէ ատելութիւն է, այլ արժանապատուութիւն։
Եւ ինչպէս մեծ գաղափարախօս դաշնակցական Սարգիս Զեյթլեանն է ասում.
«Հայրենիքին դաւաճանելը սկսւում է նրան մոռանալով։ Երբ անունը այլեւս ցաւ չի պատճառում, երբ յիշատակն այլեւս պայքար չի թելադրում՝ դու արդէն պարտուած ես»։
Երբ դուք յայտարարում եք, որ հայրենիքը աւարտւում է քարտէզի եզրին, դուք ոչ միայն հրաժարւում եք անցեալից, այլ խոչընդոտում եք ապագան։ Երբ ասում եք՝ «ոչ մի Ղարաբաղեան շարժում այլեւս», դուք ասում եք՝ «ոչ մի ժողովուրդ, որը պայքարում է իր իրաւունքների համար», «ոչ մի ազգային ինքնութիւն, որը յիշում է իր պատմական ուղին», «ոչ մի երկիր, որն արժանապատուութեան վրայ է կառուցւում»։
Յիշողութիւնը նաեւ հպարտութիւն է, ուժ է, դիմադրութիւն է։ Դա է, որ ձեւաւորում է ժողովուրդների դիմագիծը։ Եւ հէնց այդ պատճառով է, որ ձեր թեզերը հակահայկական են։ Ոչ թէ իբր «խիզախորէն այլընտրանքային», այլ՝ մեր կռուած եւ յաղթանակ կերտած ժողովրդի դէմ ուղղուած։
Ու ես այս ամբիոնից ասում եմ՝ այդ թեզերը չէն անցնելու։ Ոչ թէ որովհետեւ ընդդիմութիւն է, այլ որովհետեւ հայ ժողովուրդը չի մոռանում, ազգային յիշողութիւնը չեք կարող վերացնել։ Ձեր քաղաքական օրակարգի ճանապարհը աւարտւում է այնտեղ, որտեղ սկսւում է հայի յիշողութիւնը։ Իսկ մեր յիշողութիւնը դեռ կենդանի է՝ յաղթանակներով, պայքարով, զոհուածների անուններով, անպարտ շարժման ոգով։
Այո՛, մենք կեղծ փիլիսոփայական տարանջատում չենք անում պետութեան ու հայրենիքի միջեւ։ Մենք ասում ենք՝ ուժեղ պետութիւն է միայն այն, որն ունի յիշողութիւն, հայրենիքի բարձր արժէքը։ Որովհետեւ առանց յիշողութեան՝ պետութիւնը դառնում է վարչական միաւոր, ոչ թէ հայրենիք։ Իսկ մեր նպատակը վարչական սուբյեկտ չէ, այլ կենդանի, ուժեղ, արժանապատիւ հայրենիք»։