Չեմ կարծում, որ Թրամփը կաջակցի խաղաղութեան համաձայնագրին, եթէ Բաքւում պահուող հայերն ազատ չարձակուեն. Ռուբէն Վարդանեանի փաստաբան

Չեմ կարծում, որ Թրամփը կաջակցի խաղաղութեան համաձայնագրին, եթէ Բաքւում պահուող հայերն ազատ չարձակուեն. Ռուբէն Վարդանեանի փաստաբան

«Նովայայ Գազետայ» պարբերականը ծաւալուն յօդուած է հրապարակել  Բաքւում պահուող ամենայայտնի հայ գերու՝ Ռուբէն Վարդանեանի մասին, որի նկատմամբ  «դատավարութիւնը» շարունակւում է, եւ այսօր հերթական նիստն է:

Կից  թարգմանաբար ներկայացւում է յօդուածում հրապարակուած Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբան  Ջարեդ Գենսէրի կարճ  հարցազրոյցը:

-Ի՞նչ է յայտնի Ռուբէն Վարդանեանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:

-Մարտի 12-ին հացադուլն  աւարտելուց յետոյ Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպէս մանրամասն նկարագրուած է իմ յայտարարութեան մէջ, նրա հացադուլը տեւել է 23 օր եւ լուրջ ազդեցութիւն է ունեցել  առողջութեան վրայ: Նա կորցրել է աւելի քան 6 կգ, եւ նրա արեան ճնշումը վտանգաւոր բարձր մակարդակի վրայ է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտօնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) առանցքային դեր ունէր նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիեւի  կարգադրութիւնը սպառնում է ինչպէս բժշկական օգնութեան յետագայ հասանելիութեանը, այնպէս էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:

-Ինչպիսի՞ն են  Ռուբէն Վարդանեանի ազատ արձակման հնարաւորութիւնները:

— Մենք շատ ակտիւօրէն աշխատում ենք ոչ միայն Ռուբէն Վարդանեանի, այլեւ Ադրբեջանի կողմից պահուող բոլոր հայ քրիստոնեայ քաղբանտարկեալների ազատ արձակման ուղղութեամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրայ ճնշումը գնալով մեծանում է:

— Ինչո՞ւ է Արեւմուտքն այդքան պասիւ հայ գերիների, այդ թւում՝ Ռուբէն Վարդանեանի իրաւունքների պաշտպանութեան հարցում:

— Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցէ նախկինում այդպէս էր, բայց վերջին ամիսներին կարեւոր փոփոխութիւններ են տեղի ունեցել: Անցեալ տարուայ հոկտեմբերին, նախընտրական քարոզարշաւի ընթացքում, նախագահ Թրամփը յայտարարեց, որ Ալիեւի գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, եւ  եթէ ընտրուի, կը պաշտպանի հալածուած քրիստոնեաներին:

Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպէս հրապարակային, այնպէս էլ մասնաւոր դիւանագիտութեան միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգութեան խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:

 Նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եւրամիութեան եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատարի վերջին նախաձեռնութիւնները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագոյն յանձնակատար Ֆոլկեր Թիւրքը կոչ արեց անյապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եւրամիութիւնը ներկայացրեց բանաձեւի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դէմ ցուցադրական դատավարութիւնները:

-Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանեանի գործին:

— Թրամփի վարչակազմն արդէն յստակ հասկացրել է, որ քաղբանտարկեալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղութեան համաձայնագրին, եթէ գերիները չազատուէն մինչեւ դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիեւին: Եթէ Ալիեւը պատշաճ կերպով չարձագանքի,  ակնկալում եմ, որ ուղղակի հետեւանքներ կը լինէն:

Ալիեւի փոխարէն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակւում է աստիճանական միջոցառումներով: Ինչպէս արդէն տեսել ենք նրա երդմնակալութիւնից յետոյ, նա  կարող է գնալ անսպասելի, անհամաչափ եւ նոյնիսկ կոշտ քայլերի:

tert.am

Share