Ո՞վ է իրականում Հայաստանը հռչակել որպէս օկուպանտ երկիր

Ո՞վ է իրականում Հայաստանը հռչակել որպէս օկուպանտ երկիր

Սլովակիայի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Կալինիակը (Robert Kaliňák) այս տարւայ փետրւար եւ մարտ ամիսներին տւած հարցազրոյցներում երկու անգամ յայտարարել է, թէ իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ պարզաբանում, բացատրութիւն չի ուզել, բողոքի յայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել: Այս մասին գրում է «Հետք» պարբերականը:

Փետրւարին տեղական TA3 հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում իր խօսքի մէջ Ռ. Կալինիակը որպէս օրինակ նշել է, թէ իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրոյցը Smer-SD կուսակցութեան ու Կալինիակի ֆէյսբուքեան պաշտօնական էջերում տեղադրւել է փետրւարի 21-ին:

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանգելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրութիւններ անցկացւել, քանի որ այդ երկրի սահմանադրութիւնն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամէտ կառավարութեան ներկայացուցիչ Կալինիակն ասել է. «Եթէ այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լինէր, որն օկուպացւել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրութիւնները վատ չեն անցնում, ընդորում՝ երկրի 1/3-ը օկուպացւած է արդէն 40 տարի: Սա՝ առաջին դէպքը: Երկրորդ դէպքը՝ երբ ընտրութիւններ են անցկացւել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիւ դէպքեր կան»:

ՀՀ կառավարութիւնը որեւէ կերպ չի արձագանգել այս յայտարարութեանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլաւ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրաւիրւել, նրանից բացատրութիւն չի պահանջւել, Սլովակիայի կառավարութեանը հայկական կողմը բողոքի յայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանութիւնը լռութիւն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Յովհաննիսեանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Աւստրիայում, Շւէյցարիայում, ինչպէս նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենեակում):

Սլովակիայի հայ համայնքում վրդովւած են, որ ՀՀ կառավարութիւնը որեւէ կերպ չի արձագանգել սլովակ բարձրաստիճան պաշտօնեայի շարունակական ստերին: Համայնքում «Հետքի» աղբիւրը նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի ներկայացնում Սլովակիայի իշխանութիւններին, եւ Ռոբերտ Կալինիակը շարունակում է ադրբեջանական կեղծ թէզերի տարածումը:

Կարծել, թէ ՀՀ կառավարութիւնը կամ ԱԳՆ-ն չի իմացել այս յայտարարութիւնների մասին, միամտութիւն կը լինի, քանի որ հայ համայնքը դրանց արագ է արձագանգել, հետեւաբար անտեղեակութեան մասին խօսք չի կարող լինել:


Այս կապակցութեամբ Վահէ Սարգսեանն իր Ֆէյսբուքի էջում հետևեալ գրառումն է կատաել:

Վահէ Սարգսեան

Շատէրը նեղուել են Սլովակիայի պաշտպանութեան նախարարի ասածներից, շատերը նրա «պորտը տեղն են դնում»՝ ինչ-որ բաներ Եւրոպայից յիշելով:

Իզուր:

2022 թ. հոկտեմբերին Պրագայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինեանը դրանով իսկ ոչ միայն անուանել, այլեւ հռչակել է Հայաստանը որպէս օկուպանտ երկիր:

Սլովակիայի պաշտպանութեան նախարարն ընդամէնը արձանագրել է Նիկոլ Փաշինեանի գործողութիւնների արդիւնքները:

Հետևաբար, «բոլոր ճանապարհները տանում են Հռոմ», այն է՝ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Share