Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորեան համալսարանում ընթացել է «Քրիստոնէութիւնը Ադրբեջանում. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայագէտների, պատմագէտների եւ, առհասարակ, մտահոգ հանրութեան շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղուանական են ներկայացուել յատկապէս հայկական յուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թւում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիւանքը եւ այլն։
Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսեանի հետ։ Զրուցակիցը նախ տարօրինակ է համարում գիտաժողովի խորագիրը՝ հարցադրելով, թէ՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջան պետութիւնը քրիստոնեութեան հետ միջնադարում։

«Դրանք այն կեղծ թեզերն են, որոնք շրջանառութեան մէջ են դրուել 1960-ական թուականներին, այսպէս կոչուած, ադրբեջանական ժողովրդի ծագման աղուանական կոնցեպցիայով, երբ Կովկասեան Աղուանքի էթնիկ խմբերը համարուեցին ադրբեջանական ժողովրդի նախնիները, եւ այդ ամէնը տարածուեց նաեւ Կուրի աջ ափի մշակութային ժառանգութեան վրայ: Այսինքն, պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Սիւնիք եւ Վասպուրականի Նախիջեւան գաւառները համարուեցին աղուանական, արդիւնքում՝ այնտեղ գտնուող ողջ մշակութային ժառանգութիւնը համարուեց աղուանական։ Սա այդ քաղաքականութեան շարունակութիւնն է, որն աւելի մեծ թափ է ստացել Արցախի հայաթափումից եւ ամբողջական զաւթումից յետոյ»,- ասաց Լեռնիկ Հովհաննսիայնը։
Նա ցաւով է նկատում, որ այդ ամէնը տեղի է ունենում հէնց Վատիկանում։ Նրա խօսքով՝ աւելի քան երկու տասնամեակ է, ինչ Ադրբեջանն ուդիական համայնքին օգտագործում է հակահայկական իր քաղաքականութեան մէջ եւ նոյնիսկ պետական մակարդակով ֆինանսաւորում է ուդիական համայնքին։
«Ասեմ նաեւ, երբ նայում ենք գիտաժողովի մասնակիցների ցանկը, Այսրկովկասի պատմութեան, մշակոյթի, ազգագրութեան, հնագիտական խնդիրներով զբաղուող որեւէ լուրջ գիտնականի անուն չկայ, մասնակցութիւն չէն ունեցել, իսկ օտարերկրեայ մասնագէտների մեծ մասն էլ, որոնք ելոյթ են ունեցել, խօսել են ընդհանուր դաւանաբանական, միջմշակութային կապերի մասին։ Այսինքն, ադրբեջանական կեղծ այդ թեզը միայն ու միայն առաջ են տարել իրենք, ադրբեջանցի, այսպէս կոչուած, մասնագէտները եւ մէկ էլ՝ ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլը՝ որդու հետ միասին։ Սա է իրականութիւնը եւ, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հերթական անգամ, նաեւ օգտագործելով օտարերկրեայ մասնագէտներին, ցոյց տալ իր յաւակնութիւնները Կուրի աջափնեայ մշակութային ողջ ժառանգութեան նկատմամբ»,- փաստեց Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետը՝ յաւելելով, որ Ադրբեջանում քրիստոնեութեան ի՞նչ հանդուրժողականութեան մասին է խօսքը, երբ Արցախի Հանրապետութեան տարածքում այսօր ոչնչացւում են ոչ միայն նոր կառուցուած եկեղեցիներ, այլ նաեւ հին՝ 19-րդ դարում կառուցուածը, երբ ամբողջ միջնադարեան մեր վիմագիր արձանագրութիւնները սպառնալիքի տակ են։
«Ի՞նչ ընդհանուր կրօնական հանդուրժողականութեան մասին է խօսքը, եւ այն ամէնը, ինչ տեղի է ունենում Վատիկանում, կարծում եմ, համապատասխան կառոյցները պէտք է հետեւութիւն անէն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երեւոյթներից մէկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրոյթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականութեան մէջ»,-նշեց Լեռնիկ Հովհաննիսեանը՝ յաւելելվ․
«Նաեւ ՀԱԵ Արցախի թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս երեւոյթը: Դատապարտելի է նաեւ օտարերկրեայ այն մասնագէտների մասնակցութիւնը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի այն կեղծարար քաղաքականութիւնը, որն արւում է տարիներ շարունակ, եւ միջազգային հանրութիւնը պատշաճ ուշադրութիւն չի դարձնում այս ամէնին։
Մենք նաեւ յայտարարում ենք, որ այսօր Արցախում կատարւում է մշակութային ցեղասպանութիւն, եւ աշխարհը կրկին լուռ է: Այդ նոյն քրիստոնեական հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը, որը դարերով ստեղծուել է եւ պահպանուել է Արցախում, այսօր գտնւում է ոչնչացման, իւրացման վտանգի տակ: Այս ամենն ուղղակի զայրոյթ է առաջացնում, եւ, կարծում եմ, որ ահա այսպիսի կեղծ օրակարգերով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել այն վանդալիզմի եւ մշակութային ցեղասպանութեան քաղաքականութիւնից, որն այսօր վարում է Արցախում»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսեանը։ Հերմինէ Զեյնալեան