Օրերս հայկական պաշտօնական հրաւէրով Հայաստան ժամանած մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան թեմային՝ մասնաւորապէս նշելով․ «Մեր պաշտօնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այսօր չի գտնւում մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների շարքում»։
Այդ մասին յայտնում է akunq.net– ը՝ վկայակոչելով թուրքական լրատուամիջոցները։
Աղբիւրի համաձայն՝ Փաշինեանը նաեւ յայտարարել է․ «Ես թէ՛ Հայաստանում ելոյթ ունենալիս եւ թէ՛ Սփիւռքի մեր հայրենակիցների հետ զրոյցներում ընդգծում եմ պատմութեան եւ ներկայի միջեւ տարբերութիւն դնելու անհրաժեշտութեան մասին։ Մենք չենք կարող պատմութիւնն ու ներկան նոյն կերպ ընկալել, քանի որ ներկան ներկայ է, իսկ պատմութիւնը՝ անցեալ»։
Նաեւ Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին անդրադարձած ՀՀ վարչապետը ասել է, որ երբ անցեալի հետ համեմատում ենք ներկայում երկու կողմերի միջեւ ծաւալուող երկխօսութիւնն ու համագործակցութիւնը, նկատում ենք, որ նշանակալի զարգացում եւ կոնկրէտ առաջընթաց է արձանագրուել։

«Ես քաղաքական կամք եմ տեսնում, սակայն կարեւորն այն է, որ այդ կամքը երկու կողմերից էլ շարունակի դրսեւորուել։ Եթէ այդ գործընթացին դիտմամբ փոխադարձ կերպով վնաս չտանք, ապա ըստ իս՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների նորմալացումն արդէն միայն ժամանակի հարց կը դառնայ»։
Թուրք լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նաեւ անդրադարձել է «խաղաղութեան խաչմերուկին»՝ շեշտելով, որ ինքը, որպէս ՀՀ վարչապետ, ցանկանում է օգտուել այդ «պատմական հնարաւորութիւնից»։
Հարցազրոյցի շրջանակներում նա շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղութեան գործընթացում Թուրքիայի դերի մասին, որը, ըստ Փաշինեանի, կարող է հաւասարակշռող լինել Հարաւային Կովկասում։
Այսպիսով, ինչպէս եւ սպասելի էր, Փաշինեանը թուրք լրագրողների միջոցով Թուրքիային եւ համայն աշխարհին ազդարարել է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացից ՀՀ ներկայ իշխանութիւնների հրաժարման մասին։