Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելաւերի օֆշորային ընկերութիւնները եւ Տիգրան Աւինեանի կնոջ ընկերուհին

Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելաւերի օֆշորային ընկերութիւնները եւ Տիգրան Աւինեանի կնոջ ընկերուհին

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամը 2023 թուականին 1,5 մլրդ դրամի ($3,750,000)ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերութեան բաժնետէրերը ԱՄՆ Դելաւեր նահանգի օֆշորում գրանցուած ընկերութիւններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրէն Կարինէ Անդրէասեանը Տիգրան Աւինեանի կնոջ՝ Մարիամ Պահլաւունու ընկերուհին է։ Ընկերութիւնը պետութեան կողմից ներդրումը ստացել է հիմնադրուելուց 8 օր յետոյ։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մէկ հոգի՝ ընկերութեան տնօրէնը։  

2019 թուականի ապրիլի 18-ին, Կառաւարութեան N 513-Ն որոշմամբ ստեղծուեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրութիւնների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրեայ ներդրումների ներգրաւումն էր, արտահանման աճի խթանումը եւ հայաստանեան լայնածաւալ նախագծերում ներդրումների համաֆինանսաւորումը։ Այդ նպատակով 2020 թուականի մայիսի 22-ին ստեղծուեց «Ձեռնարկատէր+պետութիւն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերութիւնն էր, որի միջոցով պետութիւնը ներդրումներ էր անում մասնաւոր ընկերութիւններում։

2020-2023 թուականների ընթացքում «Ձեռնարկատէր+պետութիւն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերութիւնում եւ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է եւ 4 մլն դոլար (2020 թուականի միջին փոխարժէքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդիւնքում պետութիւնը տարբեր ընկերութիւններում ձեռք բերեց մինչեւ 49% մասնաբաժիններ։ 

Այս ներդրումներից օգտուած ընկերութիւններից մէկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրուել է 2023 թուականի ապրիլի 26-ին։ Հիմնադրուելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկութիւնը՝ «Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերութեան 49% բաժնետէրը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։

Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողութիւններ ՀՀ-ում եւ կրթել ոլորտում մասնագէտների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կը լինէն կիբերանվտանգային ոլորտում ծառայութիւններ մատուցել տեղական եւ օտարերկրեայ շայառու ընկերութիւնների։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրէնը Կարինէ Անդրէասեանն է։ Անդրէասեանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետէր է նաեւ «Լաւ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լաւ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերութեան 34%-ի բաժնետէրը Մարիամ Պահլաւունին է։ Մինչեւ 2024 թուականի դեկտեմբերը Պահլաւունին զբաղեցնում էր նաեւ ընկերութեան տնօրենի պաշտօնը։ Նա Երեւանի քաղաքապետ, նախկինում փոխուարչապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհրդի նախագահի պաշտօնը զբաղեցրած Տիգրան Աւինեանի կինն է։

Մարիամ Պահլաւունին եւ Կարինէ Անդրէասեանը

Ստացւում է, որ այն ժամանակ (2019-2023 թուականներին), երբ Տիգրան Աւինեանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհրդի նախագահի պաշտօնը, «Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամն աւելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերութիւնում:

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի բաժնեմասէրի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» (Ararat Technologies) ՍՊԸ-ին, 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» (Hayk Holding) ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերութիւնները գրանցուած են ԱՄՆ Դելաւեր նահանգում՝ Ուիլմինգթօն, Լիթլ Ֆոլս Դրայվ, Քորփորեյշն Սերուիս Քոմփանի, 251 հասցէում։ Երկու ընկերութիւնների գլխաւոր գործադիր տնօրէնը Ռոբերտ Լեւինն է։

ԱՄՆ Դելաւեր նահանգը օֆշորային գօտի է, կամ, ինչպէս ընդունուած է ասել, «հարկային դրախտ»։ Օֆշորային գօտին տուեալ երկրի կողմից որոշուած տարածք է, որը նախատեսուած է օտարերկրեայ ընկերութիւնների համար։ Օֆշորում գրանցուած ընկերութիւնները չէն կարող շահոյթ հետապնդող գործունէութիւն ծաւալել տուեալ երկրի տարածքում։ Այդպիսի ընկերութիւններն ազատուած են լինում հարկերից։

Մենք փորձեցինք պարզել՝ արդյօք «Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամի` այս ընկերութիւնում ներդրած գումարները ծախսուել են նախանշուած նպատակին համապատասխան։«Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամից փոխանցեցին, որ այն ընկերութիւնները, որոնք գումար են ստացել պետութիւնից, հաշուետուութիւններ չէն ներկայացրել։

Գումարների ծախսման արդիւնաւետութիւնը պէտք է վերահսկեր «Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամը։ Վերահսկողութիւնը տեղի էր ունենում հետեւեալ կերպ՝ ընկերութիւնը, որը ներդրում էր ստացել պետութիւնից, ամէն տարի պէտք է անցկացներ մրցոյթ եւ ընտրեր անկախ աուդիտորական կազմակերպութիւն։ Այդ կազմակերպութիւնը պէտք է իրականացներ աուդիտ եւ արդիւնքները ներկայացներ հիմնադրամին։ Աուդիտորական ընկերութիւնը պէտք է լինէր «թոփ 10»-ի անդամ աուդիտորական կազմակերպութիւններից մէկը։

Պետական գոյքի կառավարման կոմիտեից մեր գրաւոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ աուդիտի եզրակացութիւնը նոյնպէս գաղտնի է,  չենք կարող ծանօթանալ դրան։

«Ընկերութիւնների ֆինանսական հաշուետուութիւնները կամ աուդիտորական եզրակացութիւնները Ձեզ տրամադրելու հետ կապուած՝ կարծում ենք, որ պահանջուող փաստաթղթերը կարող են պարունակել առեւտրային գաղտնիք, որը երրորդ անձին տրամադրելը/բացայայտելը կարող է իրաւական առումով խնդրահարոյց լինել»,- նշուած էր պատասխանում։

Ստացւում է, որ պետութիւնը հարկատուների գրպանից միլիարդաւոր դրամներ է տուել մասնաւոր ընկերութիւններին, բայց հանրութիւնն իրաւունք չունի ծանօթանալ այդ գումարների ծախսման արդիւնաւետութեանը, քանի որ, ինչպէս նշեցին «Ձեռնարկատէր+պետութիւն» հիմնադրամից, դա ընկերութեան համար առեւտրային գաղտնիք է, եւ դրա հրապարակումը կը վնասէր նրանց մրցակցային առաւելութեանը։

Հաշուի առնելով ԱՆԻՖ-ի շուրջ արդէն երկու տարի շարունակուող կոռուպցիոն սկանդալները՝ շատ կարեւոր է իմանալ, թէ ինչպէս են ծախսուել այս գումարները։

«Հետքը» փորձեց զրուցել նաեւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրէն Կարինէ Անդրէասեանի հետ։ Այցելեցինք այն հասցէով, որը նշուած էր իրաւաբանական անձանց պետական ռեգիստրում՝ Հանրապետութեան 37։ Սակայն, այդ հասցէում նման ընկերութիւն չկար։ Ի դէպ, մինչեւ Պետգոյքի կառավարման կոմիտէի կառավարմանն անցնելը ԱՆԻՖ-ը նոյնպէս այդ շէնքում էր գործում։

Գրաւոր հարցում ուղարկեցինք Կարինէ Անդրէասեանի էլեկտրոնային փոստին՝ խնդրելով  պատասխանել հետեւեալ հարցերին. 

  • Արդեօ՞ք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն իրականացրել է «Ձեռնարկատէր+Պետութիւն» ֆոնդի նախանշած նպատակները։
  • Քանի՞ աշխատակից է ունեցել ընկերութիւնը ներդրումը ստանալու պահին եւ քանի՞ աշխատող ունի հիմա։
  • Կիբերանվտանգութեան ոլորտի քանի՞ մասնագէտ է կրթել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն։
  • Այդ մասնագէտներից քանի՞սն են աշխատում կիբերանվտանգութեան ոլորտում։
  • Արդյօք ԱՆԻՖ-ը, «Ձեռնարկատէր+Պետութիւն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կամ Պետգոյքի կառավարման կոմիտէն պահանջե՞լ կամ խնդրե՞լ են «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ին վերադարձնել կատարուած ներդրումները (1 մլրդ 539 մլն 580 հազար դրամը)։ 

Կարինէ Անդրէասեանը մինչեւ նիւթի հրապարակման պահը չի պատասխանել մեր հարցմանը։

Հարցում ուղարկեցինք ՊԵԿ՝ պարզելու, թէ քանի աշխատակից է ունեցել ընկերութիւնը հիմնադրման պահին եւ քանի աշխատակից ունի հիմա։ Պետական եկամուտների կոմիտեից յայտնեցին, որ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թուականի ապրիլի դրութեամբ ունեցել է 15 աշխատակից, ապա աշխատակիցների քանակը գնալով կրճատուել է, եւ 2024 թուականի օգոստոսի դրութեամբ ունեցել է 2 աշխատակից։ 2024 թուականի սեպտեմբերից մինչ օրս «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է միայն մէկ մարդ` ընկերութեան տնօրէնը։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թուականին պետական բիւջէ է վճարել 108 մլն 145 հազար դրամ հարկ, իսկ 2024-ին՝ 166 մլն 472 հազար դրամ։

Ստացուած շահոյթի 49%-ը «Սի Էֆ Դաբլյու»-ն պէտք է վճարեր Հայաստանի Հանրապետութեանը, որպէս շահաբաժին։ Մենք հարցում ենք ուղարկել Ֆինանսների նախարարութիւն՝ տեղեկանալու արդյօք պետութիւնը ստացե՞լ է շահաբաժինը։ Նախարարութիւնից պատասխանեցին, որ պետական կառավարման լիազօրուած մարմինների կողմից ներկայացուած տեղեկատուութեան համաձայն՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ անուանումով պետական բաժնեմասնակցութեամբ ընկերութիւն առկայ չէ։ Ստացւում է՝ Ֆինանսների նախարարութիւնը չգիտի անգամ, որ գոյութիւն ունի նման ընկերութիւն, որի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է պետութեանը։ Հետեւաբար, նաեւ խօսք չի կարող լինել շահաբաժին ստանալու մասին։

Եւս մէկ հարցում ուղարկեցինք վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատուութիւն՝ արդյօք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն վճարել է պետութեան շահաբաժինը եւ եթէ չի վճարել, ապա որոնք են եղել չվճարելու պատճառները։ Վարչապետի աշխատակազմից մեր հարցումն ուղարկուել է Պետգոյքի կառավարման կոմիտէ։ Կոմիտեից դեռեւս չէն պատասխանել մեր հարցմանը։

ԱՆԻՖ-ի շուրջ առկայ կոռուպցիոն սկանդալների ֆոնին «Սի Էֆ Դաբլյու»-ի գործարքը լուրջ հարցեր է առաջացնում պետական ներդրումների արդիւնաւետութեան, թափանցիկութեան եւ վերահսկողութեան վերաբերեալ: Պետական միջոցներից 1,5 միլիարդ դրամ է ուղղուել ընկերութեանը, որը ոչ միայն ունի օֆշորային կապեր, այլեւ փաստացի չունի գործունէութեան ակնյայտ արդիւնքներ:

Գլխաւոր նկարը՝ Տիրայր Մուրադեանի

hetq.am

Share