Բաքուի ռազմական դատարանում այսօր նախատեսուած են Ռուբէն Վարդանեանի գործով հերթական լսումները:
Ռուբէն Վարդանեանը փետրուարի 18-ից հացադուլ է յայտարարել՝ ի նշան կեղծ դատաւարութեան դէմ բողոքի: Արդէն 22-րդ օրն է նա գտնւում է հացադուլի մէջ:
Մարտի 5-ին նա ընտանիքի միջոցով ձայնային ուղերձ էր փոխանցել՝ ընդգծելով, որ իր պահանջները նոյնն են.
«Եթէ դատում եք՝ դատեք պրոֆէսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրէնքների ու ընթացակարգերի համաձայն, միւսների հետ միասին, միջազգային լրատուամիջոցների, դիտորդների ներկայութեամբ, եթէ այդքան վստահ եք ձեր արդարացիութեան մէջ: Իմ գործն արհեստականօրէն մի՛ առանձնացրենք:
Ինչու է իմ գործն առանձնացւում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցուած են նրա վրայ, որ ինչպէս դուք եք կարծում, ես կազմակերպուած յանցաւոր խմբի անդամ եմ, որին անդամագրուել եմ [19]87 թուականից: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետեւեալը՝ դատում են ոչ թէ ինձ ու միւս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»:
Դեռ փետրուարի 26-ին Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսէրը յայտարարել էր, որ նրա առողջութիւնը վտանգուած է:
Գենսէրի մուտքը Ադրբեջան արգելուել է, ուստի նա կոչ էր արել միջազգային բոլոր կազմակերպութիւններին, որոնք հասանելիութիւն ունեն Ադրբեջանի բանտարկեալներին, Վարդանեանին այցելելու թոյլտուութիւն ստանալ: