ՀՅԴ Գիւմրու կոմիտէի յայտարարութիւնը  աւագանու ընտրութիւնների վերաբերեալ

ՀՅԴ Գիւմրու կոմիտէի յայտարարութիւնը աւագանու ընտրութիւնների վերաբերեալ

Սիրելի՛ գիւմրեցիներ,

մարտի 30-ին Գիւմրիում կայանալիք աւագանու ընտրութիւններն անցկացւում են Հայաստանում շարունակուող քաղաքական ճգնաժամի եւ առկայ մարտահրաւէրների պայմաններում։ Այս ընտրութիւնները կարեւոր են ոչ միայն Գիւմրիի կառավարման տեսանկիւնից, այլեւ, որպէս պայքարի եւս մէկ հարթակ, իշխանութեան վերարտադրութիւնը կանխելու եւ ազգային շահերը պաշտպանելու համար։

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանէ կարեւորել է  Գիւմրիում  միասնական ընդդիմադիր ցանկով հանդէս գալու անհրաժեշտութիւնը։ Նախընթաց շրջանում այս ձեւաչափը կեանքի կոչել չյաջողուեց, ուստի, Գիւմրիի ՀՅԴ կոմիտէն նպատակայարմար չի համարում առաջիկայ աւագանու ընտրութիւններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։

ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրութիւններում ընդդիմադիր ուժերի գլխաւոր նպատակը պէտք է լինի ՔՊ-ին զրկել Գիւմրիի կառավարումը զաւթելու հնարաւորութիւնից։

Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.

•  հրապարակային եւ յստակ յայտարարութեամբ բացառել ընտրութիւններից յետոյ իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցութիւնը,

•  պատրաստակամութիւն յայտնել հետընտրական շրջանում համագործակցելու եւ աջակցելու այն թիմին, որը կը ստանայ ընդդիմադիր ընտրազանգուածի առաւելագոյն վստահութիւնը։

Կոչ ենք անում մեր ընկերներին եւ համակիրներին իրենց քուէն  տալ բացառապէս այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։

ՀՅԴ-ն ընտրական յանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրութիւնների ընթացքը՝ արդար եւ թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով։

ՀՅԴ Գիւմրու կոմիտէ

Share