Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրաւէրով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով Անկարայում է։
«Բանակցութիւնների ընթացքում, որոնք տեղի կ’ունենան նախագահականում, կքննարկուեն տարածաշրջանային եւ օրակարգային հարցեր։ Մտքերի փոխանակում տեղի կ’ունենայ այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եղբայրական յարաբերութիւնների յետագայ ամրապնդման համար»,- այցից առաջ ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցութեան բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
Բացի այդ, այցի շրջանակներում մարտի 5-ին նախատեսւում է Իգդիր-Նախիջեւան գազատարի բացման արարողութիւնը, որի հիմքը դրուել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից 2020 թուականի սեպտեմբերի 2-ին։
Ուշագրաւն այն է, որ այս այցից առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այցերի շարք իրականացրեց Իրան, Իսրայել եւ Թուրքիայ։ Այս այցերի շրջանակում ադրբեջանական կողմը քննարկեց՝ ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ՝ ռեգիոնալ զարգացումները։ Յատկանշական է նաեւ այն, որ այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին, երբ ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է բանակցութիւններ սկսել Ռուսաստանի Դաշնութեան հետ, ինչպէս նաեւ խաղաղութիւն հաստատել Ուկրաինայում։
Բացի այդ, այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակւում են, այսպէս կոչուած, Խաղաղութեան համաձայնագրի խմբագրումներով, եւ օրերս դրա 12-րդ խմբագրումը հայկական կողմին ուղարկեց ադրբեջանական կողմը։
Դատելով պաշտօնական հաղորդագրութիւններից, պէտք է ասել, որ այս համաձայնագրի շուրջ հեռակայ բանակցութիւնները չէն վերաբերում ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին, որի վերաբերեալ ՀՀ առաջարկներին Ադրբեջանը շարունակում է չարձագանքել։ Ուստի Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանի հետ ուղիղ եւ միջնորդաւորուած բանակցութիւնների դադարի ֆոնին շարունակում է յօդուածներով Ադրբեջանին առաջարկել անցում Հայաստանով դէպի Նախիջեւան։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամի» հետ զրոյցում ասաց, որ սերտ յարաբերութիւններ ունեցող գործընկեր երկրները սովորաբար տարեսկզբին իրականացնում են բարձրաստիճան շփումներ եւ քաղաքականութեան որոշակի համաձայնեցումներ ձեռք բերում տարուայ կտրուածքով։
Ըստ նրա, բացառութիւն չէն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք մշտապէս աչքի են ընկնում սերտ շփումներով եւ տարուայ ընթացքում հանդիպում են բազմիցս՝ ինչպէս երկկողմ, այնպէս էլ՝ բազմակողմ ձեւաչափերում։ Նրա խօսքով, դրա շնորհիւ է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները մինչ այժմ կարգաւորուած չէն, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն համատեղ որոշում, որ դրանք կարգաւորուելու են հայ-ադրբեջանական բոլոր խնդիրների լուծումից եւ բոլոր հարցերի սպառումից յետոյ։
«Կարծում եմ, որ այս այցը վերաբերում է երկկողմ յարաբերութիւններին, սակայն թուրք-ադրբեջանական համատեղ դիրքաւորմանը ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական բարդ հարթութիւններում, որտեղ սպասւում են բազմաթիւ փոփոխութիւններ։ Կարծում եմ՝ թեմաների շրջանակը ներառելու է վերջին օրերին ակտուալ թեմաները, ինչպէս նաեւ երկու կողմերի համար աւանդական հարցերը, որոնք ներառում են հայ-ադրբեջանական յարաբերութիւնները, կարգաւորման հեռանկարը, ապաշրջափակման հետ կապուած խնդիրները, Իրանի, Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպէս նաեւ հայ-թուրքական կարգաւորման հեռանկարները։
Ըստ իս, սա գլխաւոր թեման է, սակայն մնացած թեմաները եւս կարեւոր են, դրանք թեմաներ են, որոնք վերաբերում են Մերձաւոր Արեւելքին, ինչպէս նաեւ Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ԱՄՆ բանակցութիւններին, Եւրոպայի հետ տարաձայնութիւններին, մասնաւորապէս՝ Մեծ Բրիտանիայի, կարելի է ասել, մի փոքր նոր դիրքաւորմանն Ուկրաինայի հարցում, որը տարբերւում է Թրամփի վարչակազմի դիրքորոշումից, ինչպէս նաեւ Թուրքիայի հնարաւոր դերակատարման հետ կապուած հարցերին։ Հաշուի առնելով Թուրքիայ-Մեծ Բրիտանիայ եւ Ադրբեջան-Մեծ Բրիտանիայ առանձնայատուկ յարաբերութիւնները, այստեղ քննարկման թեմաների շրջանակը բաւականին լայն կարող է լինել»,- ասաց նա։
Խրամչիխինի կարծիքով, Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում համաձայնեցնում են իրենց քայլերը։
Նա գտնում է, որ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի համար առանձին խնդիր են Ռուսաստանի հետ վատթարացած յարաբերութիւնները. «Կարծում եմ, երկու երկրներն էլ պէտք է փորձեն այստեղ խնդիրները լուծելու ճանապարհով ընթանալ, հաշուի առնելով աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք ծաւալւում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ապագայ աշխարհակարգի յստակեցման շուրջ։ ԱՄՆ նոր վարչակազմի նոր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նոր իրողութիւն է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի համար, որը նրանք չէն կարող անտեսել։ Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ՌԴ բանակցութիւնները տեղի ունենան Թուրքիայում, սակայն Ռուսաստանը յայտարարում է, որ Բելառուսի առաջարկն է Ռուսաստանի համար լաւագոյն տարբերակը։ Սա եւս որոշակի ցուցիչ է Ռուսաստանի ու Թուրքիայի յարաբերութիւններում, որը ցոյց է տալիս, որ ՌԴ-ն ոգեւորուած չէ Թուրքիայի առաջարկներով»։
Հարաւային Կովկասի դէպքում, ըստ նրա՝ հնարաւոր են զարգացումների տարբեր, նաեւ արագացուած սցենարներ, օգտուելով Ռուսաստանի զբաղուածութիւնից։ «Չի բացառւում, որ փորձ արուի առանց ՌԴ-ի ինչ-որ գործընթացներ առաջ մղել, որը վերաբերում է Հայաստանի հետ յարաբերութիւնների հեռանկարներին, մասնաւորապէս՝ բանակցուած փաստաթղթին։ Հնարաւոր է նաեւ, որ ամէն բան յետաձգուի եւ երկարաձգուի, քանի դեռ ռեգիոնում աշխարհաքաղաքական նոր բալանսը ձեւաւորուած չէ։ Այդտեղ ամէն դէպքում Արեւմուտքն իր նախկին ներկայացուածութեամբ չի լինելու, ուստի շատ հնարաւոր է նաեւ երկրորդ սցենարը»,- նկատեց Խրամչիխինը։
Եզրափակելով՝ վերլուծաբանն ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն կարեւոր երկու ուղղութիւն՝ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական։ «Առանց աշխարհաքաղաքական զարգացումները հաշուի առնելու՝ հնարաւոր չէ ռեգիոնալ օրակարգերն առաջ մղել»,- նկատեց նա։