2020 թ․Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից յետոյ Բաքուի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահուում են ՀՀ քաղաքացի և ազգութեամբ հայ բազմաթիւ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքուի կողմից հաստատուած պաշտօնական թիւը 23 է, սակայն իրաւապաշտպաններն ունեն փաստական ապացոյցներ առնուազն 80 անձանց գերեվարման մասին։
Այս մասին յայտարարութիւն է տարածել ԱլԳ քաղաքացիական հասարակութեան ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:
Յայտարարութեան մէջ ասուում է. «Բաքուի բռնապետութիւնը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից յետոյ մարդու հիմնարար իրաւունքները ոտնահարող բազմաթիւ գործողութիւններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչութեան 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողութիւնների՝ էթնիկ զտման և տեղահանութեան՝ միջազգայնօրէն ընդունուած յանցագործութիւններին աւելացել է բռնազաւթուած Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքւում ընթացող ապօրինի, արդարադատութեան ծաղր – դատավարութիւնը։ Գերիները Բաքւում ենթարկուում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ միջազգայնօրէն ճանաչուած բարերար Ռուբէն Վարդանեանի դատը վերածուել է ստալինեան հաշուեյարդարի։
Դեռևս դատավարութիւնից առաջ՝ ընտանիքի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում, Ռուբէն Վարդանեանը ներկայացրել է իր նկատմամբ իրականացուող իրաւական և դատավարական անօրինութիւնները։ Այս օրերին մարդու իրաւունքների ամենակոպիտ խախտումներով Բաքւում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատութեան տարրերից․ ցուցադրաբար արհամարհուում են արդար դատաքննութեան հիմնարար սկզբունքները, առկայ են բիրտ ուժի կիրառման, մարդու նուաստացման և լլկման երևոյթներ։
Ռուբէն Վարդանեանը և բոլոր միւս բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարութիւններով դաժանաբար խոշտանգուում են` ադրբեջանական իշխանութեան վրէժխնդրութեան, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատւութեան հաշուին ինքնահաստատուելու, հայ ժողովրդի ազգային գիտակցութիւնը նսեմացնելու նպատակով։
Ի նշան անօրէն դատավարութեան դէմ բողոքի՝ Ռուբէն Վարդանեանը փետրուարի 20-ին հացադուլ է յայտարարել։ Փետրուարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողութիւնը վատացել է, նիստն ընդհատուել է։ «Հայրս ենթարկուել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում յայտնում է Ռուբէն Վարդանեանի որդին՝ Դաւիթ Վարդանեանը և կոչ է անում պայքարել Բաքւում ապօրինի պահուող հայերի ցուցադրական դատավարութիւնների դէմ։
Սարսափելի մանրամասներ են ի յայտ եկել այն մասին, որ Ռուբէն Վարդանեանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները յայտարարում են, որ ստեղծուած իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբէն Վարդանեանի կեանքին։ Առաջնորդուելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի և պատժի դէմ» կոնուենցիայով՝ նրանք անյապաղ միջամտութիւն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպութիւնների կողմից։
Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շարունակուող յանցագործութիւնները բացայայտօրէն խախտում են միջազգային իրաւունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարուելակերպի մասին» Ժնևեան երրորդ համաձայնագրի, մարդու իրաւունքների վերաբերեալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում են տարածաշրջանային կայունութեանն ուղղուած ջանքերը։ Ուստի մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպութիւններս,
-դատապարտում ենք Բաքուի կազմակերպած շինծու դատավարութիւնները,
-կոչ ենք անում ՀՀ կառավարութեանը, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, Սփիւռքահայ բոլոր կազմակերպութիւններին, ինչպէս նաև միջազգային հանրութեանը, մասնաւորապէս՝ ԱլԳ ՔՀՖ-ին, ԱլԳ ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմին, ՄԱԿ- ի Անվտանգութեան խորհրդի անդամներին, ԵԱՀԿ-ին, Եւրոպական Միութեանը, Եւրոպայի խորհրդին, Մեծ Եօթնեակի անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ անյապաղ քայլեր ձեռնարկել Բաքուի բռնատիրական ռեժիմի հակաօրինական քաղաքականութիւնը դատապարտելու ուղղութեամբ և պահանջել Ռուբէն Վարդանեանի և միւս հայ գերիների իրաւունքների պաշտպանութիւնը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դադարեցումը և ազատ արձակումը,
-դիմում ենք աշխարհի քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւններին, մասնաւորապէս՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտէին և միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին, բարձրաձայնել այս ճչացող յանցագործութիւնների մասին, համատեղ ջանքերով աջակցել Ռուբէն Վարդանեանի և միւս հայ գերիների իրաւունքների վերականգնմանը և նրանց շուտափոյթ ազատ արձակմանը։
Մենք դիմում ենք միջազգային մարդասեր, բարերար և հասարակական գործիչ Ռուբէն Վարդանեանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան հասցնել հացադուլը դադարեցնելու մեր յորդորը։ Բաքուի բանտից մեզ հասցէագրած իր իսկ մարդասիրական խօսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտութեան յաղթանակին հաւատալու» համար հարկաւոր է լինել առողջ և շարունակել դիմակայել»։