Լիանայ Պետրոսեան
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմազգ եւ բազմաշերտ պետութիւն է, որտեղ կողք կողքի ապրում են 30-ից աւելի ազգութիւններ եւ էթնիկ խմբեր: Իրանահայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում եւ նպաստում են Իրանի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացմանն ու խորացմանը: Ըստ երկրի Սահմանադրութեան՝ Իրանի խորհրդարանում ներկայացուած են երկու հայ պատգամաւորներ, Իրանի տարածքում գտնուող հայկական պատմամշակութային յուշարձանները պետութեան կողմից պաշտպանուած են եւ ընդգրկուած Եունեսկոյի համընդհանուր մարդկային ժառանգութեան ցուցակում:
Աշխարհասփիւռ հայութեան հիմնական նպատակներից մէկը Հայոց ցեղասպանութեան ճանաչումն է, որի կեանքի կոչմանն են լծուած Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպութիւնները, մշակութային գործիչներն ու շարքային քաղաքացիները: Իրանահայ համայնքն իր հերթին փորձում է իր լուման ներդնել Իրանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացում: Այսպէս՝ ամէն տարի՝ ապրիլի 24-ին, իրանահայ համայնքը տարատեսակ մշակութային ու յիշատակի միջոցառումներ է կազմակերպում եւ լուսաբանում դրանք ողջ երկրով մէկ: Հարկ է նշել, որ իրանական իշխանութիւնները ոչ մի կերպ չէն խոչընդոտում մշակութային ու յիշատակի միջոցառումների անցկացումը, երթերը, համացանցային կամ լրատուական հրապարակումներն ու տարատեսակ ելոյթները: Մասնաւորապէս, թէ՛ հայ, թէ՛ իրանցի պատգամաւորները՝ Մեջլիսում, իսկ քաղաքական գործիչները ելոյթների ընթացքում անդրադառնում են Հայոց ցեղասպանութեանն ու դրա ճանաչման հիմնախնդրին:
ԻԻՀ-ում Հայոց ցեղասպանութեան ճանաչման շուրջ քաղաքական քննարկումները նորովի ծաւալուեցին Հայաստանի Հանրապետութեան անկախացումից յետոյ, երբ 1992 թ. փետրուարի 9-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուեցին: Այդ պահից սկսած՝ թէ՛ իրանահայ համայնքը, թէ՛ ՀՀ-ն իրանական կողմի հետ տարաբնոյթ յարաբերութիւնների կառուցման օրակարգում պաշտօնապէս ներառում էին նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հարցը: Դեռեւս 2000 թ. քննարկւում էր Հայոց ցեղասպանութեան հարցը ԻԻՀ Մեջլիսի օրակարգ ներառելու հնարաւորութիւնը, ինչը, սակայն, հանդիպելով թուրքական եւ ԱՊՀ մի քանի երկրների սուր արձագանքին, անկատար մնաց: Այդ շրջանում ԻԻՀ ԱԳՆ խօսնակ Համիդռեզա Ասեֆին լրագրողների հետ հարցազրոյցի ընթացքում յայտարարել էր, թէ Մեջլիսը անկախ մարմին է ՝ ըստ էութեան նկատի ունենալով, որ նրա որոշումները չէն կարող արտայայտել ԻԻՀ վերջնական դիրքորոշումը:
Օրինակ՝ պաշտօնական այցով 2004 թ. սեպտեմբերին առաջին անգամ Հայաստան ժամանած Իրանի 5-րդ նախագահ Մոհամմադ Խաթամին այցելել է Երեւանի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմար կրակի մօտ ։ Յատկանշական է, որ այդ շրջանում Մ. Խաթամին ակտիւ հանդիպումներ եւ քննարկումներ էր անցկացնում թուրք եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեաների հետ, ուստի Հայաստանի հետ յարաբերութիւններում Հայոց ցեղասպանութեանը եւ Արցախեան հիմնախնդրին առնչուող հարցերում փորձում էր հնարաւորինս զգուշաւոր լինել: Ասուածի համատեքստում պէտք է նշել, որ նոյն՝ 2004 թ. Թեհրան ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը յայտարարել էր, որ «Իրանում բնակուող ադրբեջանցիներն այս կողմի ազգային փոքրամասնութիւնն են կազմում» , ինչի պատճառով էլ իրանական մամուլում մի շարք ընդգծուած հակաադրբեջանական յօդուածներ էին տպագրուել։ Այս յայտարարութեամբ ադրբեջանական կողմը փաստացի Իրանին սպառնում էր թիւրքախօս ատրպատականցիների գործոնով, որոնց հնարաւոր ակտիւացումը երկրի վարչակարգի եւ ազգային անվտանգութեան համար կարող էր սպառնալիք դառնալ:
Իրանում Մ. Խաթամիին յաջորդել է Մահմուդ Ահմադինեժադը, որի կառավարման շրջանում (2005-2013 թթ.) եւս Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը հայկական կողմի քաղաքական օրակարգում էր։ Իրանահայութեան ջանքերի շնորհիւ էր, որ դեռեւս 2005 թ. նախընտրական քարոզարշաւի ժամանակ Մ. Ահմադինեժադը խոստացաւ ընտրուելու դէպքում դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը : Բանն այն է, որ, խօսելով Հայոց ցեղասպանութեան մասին, Մ. Ահմադինեժադը տարբեր առիթներով յայտարարում էր, որ նմանօրինակ յանցագործութիւնները ենթակայ են դատապարտման՝ անկախ նրանից, թէ ում կողմից կամ ում նկատմամբ են իրականացուել:
Պաշտօնավարման ընթացքում Մ. Ահմադինեժադը երկու անգամ՝ 2007 եւ 2011 թուականներին, այցելել է Հայաստան: 2007 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում, գտնուելով Երեւանի պետական համալսարանում, Մ. Ահմադինեժադը յայտարարել է, որ Իրանը դատապարտում է մարդկութեան պատմութեան մէջ բռնութեան բոլոր դէպքերը, որոնք տեղի են ունեցել ցանկացած պահի, ցանկացած վայրում, ցանկացած անձի կողմից: Իսկ ահա պատասխանելով Իրանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման ժամկէտների մասին հարցին՝ վերջինս, այն շրջանցելով, նշել է. «Պատմական իրադարձութիւնների վերաբերեալ մեր դիրքորոշումը պարզ է, բայց մենք պէտք է հաշուի առնենք երկու հանգամանք. մենք պէտք է դիմենք պատմութեանը, որպէսզի դասէր քաղենք դրանից եւ յետագայում կարողանանք աւելի լաւ կեանք կառուցել: Միւս կարեւոր փաստն այն է, որ Իրանը Հայաստանի կողքին է եւ Հայաստանի հետ միասին նայում է աւելի պայծառ ապագայի, ապագայի, որը կլցուի բարեկամութեամբ եւ բարութեամբ» :
Միաժամանակ փաստենք, որ օրակարգով նախատեսուած էր նաեւ նախագահի այցը Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, սակայն Մ․ Ահմադինեժադը նախատեսուածից շուտ էր վերադարձել Թեհրան՝ չայցելելով Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Ըստ էութեան, այս քայլով նախագահը փորձել էր խուսափել Թուրքիայի հետ յարաբերութիւնների յետագայ վատթարացումից: Յետագայում եւս Հայաստան կատարած այցերի ժամանակ թէ՛ Մ. Ահմադինեժադի եւ թէ՛ իրանցի բարձրաստիճան պաշտօնեաների օրակարգում նախատեսուած չի եղել այցը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:
Մ. Ահմադինեժադի նախագահութեան տարիներին թերեւս միայն 2006 թ. է Իրանի Մեջլիսի պատուիրակութիւնը՝ նախագահ Ղոլամ Ալի Հադդադ-Ադելի գլխաւորութեամբ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող յուշակոթողին։ Այդ շրջանում Իրանի խորհրդարանական պատուիրակութիւնը Երեւանում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսեանի հրաւէրով ։
Արդէն Իրանում, իրանահայ պատգամաւորներից բացի, իրանցի պաշտօնեաները եւս անդրադարձել են Հայոց ցեղասպանութեանը: Այսպէս՝ 2010 թ. Իրանի փոխնախագահ, Ազատ տնտեսական գօտիների կենտրոնի նախագահ եւ Զբոսաշրջութեան ու մշակութային յուշարձանների պահպանութեան վարչութեան նախագահ Համիդ Բաղային «Իրան. յաղթանակի կամուրջ» գագաթնաժողւում յայտարարել է. «Օսմանեան կայսրութիւնը մօտ 100 տարի առաջ՝ 1915 թ., ցեղասպանութիւն է իրականացրել հայերի նկատմամբ: Այժմ, երբ Օսմանեան կայսրութիւնը գոյութիւն չունի, Հայաստանի կառավարութիւնը դեռ պահանջում է պաշտօնական ներողութիւն եւ փոխհատուցում Թուրքիայից» : Յատկանշական է, որ այս յայտարարութիւնից յետոյ երկրի ներսում լարուել էին նախագահի եւ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի յարաբերութիւնները, քանի որ յայտարարութիւնը զայրացրել էր Թուրքիային, եւ դրա հետեւանքները մեղմելու պարտականութիւնը փաստացի դրուած էր Մ. Մոթաքիի վրայ: Յատկանշական է, սակայն, որ յայտարարութիւնը չէր կարող արուել առանց նախագահի հաւանութեանն արժանանալու: Սակայն կարծում ենք, որ այս դէպքում եւս պաշտօնական Թեհրանը գործնականում օդում թողեց այդ յայտարարութիւնը՝ Թուրքիայի դժգոհութիւնից խուսափելու համար:
Մ. Ահմադինեժադին յաջորդած Հասան Ռուհանին իր պաշտօնավարման ընթացքում (2013-2021 թթ.) երկու անգամ է պաշտօնական այցով գտնուել Հայաստանում՝ 2016 եւ 2019 թուականներին: Այդ այցերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ բազմակողմ յարաբերութիւնների զարգացմանը եւ տարածաշրջանում փոխգործակցութեանն առնչուող հարցեր, ինչպէս նաեւ ստորագրել դրանց վերաբերեալ յուշագրեր, սակայն այդ հանդիպումների ընթացքում անդրադարձ չի կատարուել Հայոց ցեղասպանութեան ճանաչման կամ դատապարտման խնդրին:
Կարծում ենք, որ Հ. Ռուհանիի կառավարման շրջանում Հայոց ցեղասպանութեան շուրջ քննարկումները նորից քաղաքական օրակարգ ներառուեցին Սիրիայում ճգնաժամի սրման պայմաններում: Այսպէս՝ 2013 թ. Իրանի Մեջլիսի փոխխօսնակ Ալի Լարիջանին, մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւնները, ասել է. «Այն ձեռքը, որը հայերի արեան մէջ էր, այժմ Սիրիայի մեր եղբայրների եւ քոյրերի արեան մէջ է»։ Իսկ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների եւ էթնիկական խմբերի հարցերով նախագահի յատուկ օգնական Ալի Յունեսին յայտարարել էր, որ Թուրքիան Սիրիայում նոյն ցեղասպանութիւնն է իրականացնում, ինչ 100 տարի առաջ հայերի նկատմամբ ։ Ասուածի համատեքստում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչով էին հանդէս եկել նաեւ իրանահայ ուսանողները, որոնք բաց նամակով դիմել էին Հ. Ռուհանիին :
Իրանում Հ. Ռուհանիին յաջորդել է Էբրահիմ Ռաիսին, որի կառավարման մեկնարկը համընկել է 2020 թ. Արցախեան երկրորդ պատերազմին յաջորդած իրադարձութիւնների եւ տարածաշրջանային լարուածութեան հետ: Է. Ռաիսին պաշտօնական այցով դեռ չի եղել Հայաստանում եւ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուղղակի կամ անուղղակի յայտարարութեամբ հանդէս չի եկել, սակայն պէտք է փաստել, որ 2021 թ. աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխաւորած պատուիրակութեան անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, իսկ այցի աւարտին գրառումներ են կատարել պատուաւոր հիւրերի յուշամատեանում : Ըստ էութեան, իրանական պատուիրակութիւնը գրաւոր հաստատում էր իր այցը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որից յետոյ էլ թէ՛ իրանական, թէ՛ հայկական մամուլում լուրեր պտտուեցին այն մասին, որ իրանական բարձրաստիճան պաշտօնեաների մակարդակով այցերը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր պարբերական բնոյթ են կրելու:
Այստեղ, սակայն, առաւել ուշագրաւ է այն, որ հայ-թուրքական յարաբերութիւններում որոշակի փոփոխութիւններ են նախանշւում, եւ իրանական կողմը կարծես թէ սպասողական քաղաքականութիւն է որդեգրել: Հայ-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորման պայմաններում իրանական կողմը ենթադրում է, որ Հայաստանն ապագայում կարող է հրաժարուել Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման պահանջից՝ նոր էջ բացելով Թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Ամփոփելով պիտի փաստենք, որ թէեւ իրանական պաշտօնական շրջանակները արտայայտել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հարցում, այնուամենայնիւ, կան որոշակի գործոններ, որոնք խոչընդոտում են դրա ճանաչումը:
Նախ՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման խոչընդոտներից մէկը Իրանի հիւսիսում կենտրոնացած ազերիախօս ատրպատականցիների մեծաթիւ համայնքն է, որը սերտ կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ կարեւոր դեր խաղալով երկրի քաղաքական եւ տնտեսական կեանքում: Վերջիններն էլ, բնականաբար օգտագործելով իրենց ազդեցութեան լծակները, կարող են զգալի ճնշում գործադրել իրանական իշխանութիւնների վրայ: Բացի այդ՝ Իրանի շատ բարձրաստիճան հոգեւոր եւ քաղաքական առաջնորդներ այս էթնիկ խմբի ներկայացուցիչներ են, ինչը բնականաբար չի կարող չազդել երկրի քաղաքականութեան վրայ։ Տարածաշրջանի քաղաքական դրութիւնը եւ տարածաշրջանային առաջնորդութեան համար Թուրքիայի դէմ պայքարը միջուկային ծրագրին առնչուող պատժամիջոցների եւ բանակցութիւնների պայմաններում ստիպում են Իրանին զգուշաւոր քաղաքականութիւն վարել: Իրանի համար կարեւոր նշանակութիւն ունեն Թուրքիայի հետ տնտեսական յարաբերութիւնները, իսկ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը անխուսափելիօրէն յանգեցնելու է Անկարայի դժգոհութեանն ու թշնամանքին: