Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ։
— Փաշինեանի դէմ բողոքի ակցիաներ անելու համար սփիւռքի մի շարք դաշնակցականների մուտքն արգելուեց Հայաստան։ Ոմանց նկատմամբ դեռեւս այդ արգելքը կայ, ովքե՞ր են, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկւում այդ արգելքը հանելու համար։
— Երեք հոգի` Լոնդոնից, մէկ հոգի` Ֆրանսիայից, մէկ հոգի` ԱՄՆ-ից դեռեւս արգելքի տակ են։ Ինչպէս գիտեք, դատական նիստէր են ընթանում, որով ժամանակ ենք շահում։ Մենք պայքարում ենք, աշխատում ենք, որպէսզի արդար լուծում լինի։ Նրանք պէտք է կարողանան ազատ մտնել Հայաստան, որովհետեւ այս երկիրը Նիկոլ Փաշինեանի սեփական տունը չէ, այն բոլոր հաեորդիների հայրենիքն է։
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՅԴ ժողովից, Դուք այժմ Բիւրոյի անդամ եք, ցանկութիւն ունե՞ք վերընտրուելու։
— Այս ժողովը պէտք է քննի առաջիկայ 4 տարիների ռազմավարութիւնը մէկ նպատակով՝ ուժեղացնել հայկական կողմը, Հայաստանը, արցախահայութեանը, վերադարձի գաղափարը եւ սփիւռքը, որպէսզի ամբողջութիւն կազմէն՝ դէպի ուժեղ հայրենիք։ Ժողւում պէտք է ծնուի փայլուն թիմ, որպէսզի կարողանանք օգտակար լինել ազգին։
— ՀՅԴ Հայ դատի գրասենեակը տասնամեակներ շարունակ մեծ աշխատանք է տարել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում։ Վերջերս Նիկոլ Փաշինեանը շուեյցարահայերի, ապա ամերիկահայերի հետ հանդիպումների ժամանակ Հայոց ցեղասպանութեան փաստի վերաբերեալ վիճելի յայտարարութիւններ արեց, ինչը մեծ ցասում առաջացրեց: Այդ հանդիպմանը ներկայ են եղել նաեւ դաշնակցականներ եւ կարծես թէ չէն պատասխանել Փաշինեանին։ Ինչո՞ւ համարժէք չարձագանքեցին, թե՞ պատասխանել են` կադրերից դուրս են մնացել։
— Հստակ է, որ Փաշինեանի քաղաքականութիւնը թուլացնում է հայկական կողմը։ Մենք մոռանանք մեր արժէքները, մոռանանք մեր արմատները, մեր պայքարները, Արցախը, ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, դիմադրութեան գաղափարը։ Երբ նա խօսում է «իրական Հայաստանի» գաղափարի մասին, ծնկի է բերում Հայաստանի ժողովրդին, մենք խօսում ենք ապագայ Հայաստանի, վաղուայ Հայաստանի մասին, որպէսզի Հայաստանն իսկապէս ուժեղանայ։
— Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինեանին հեռացնելու ո՞ր ճանապարհն է արդիւնաւետ։
— Ընտրութիւններով։ Առաջիկայ ընտրութիւններին պիտի ժողովրդին բացատրենք, որ Փաշինեանը թուլացնում է Հայաստանը, ազգը, հայկական կողմը եւ վտանգաւոր տեղ է տանում հայ ժողովրդին։ Հայաստանի ժողովուրդը պէտք է հասկանայ, որ այլընտրանքը պէտք է մենք մարմնաւորենք, որպէսզի այն յաղթի առաջիկայ ընտրութիւններում։
— ՔՊ-ական իշխանութիւնը Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու մասին է խօսում, յատուկ բանագնացներ կարգուեցին, սակայն տեղաշարժ չկայ, Մարգարայի սահմանը բացուած չէ։ Իրատեսական համարո՞ւմ եք Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը:
— Մենք կարծում ենք, որ Թուրքիայի հետ պէտք է երկխօսութիւն տեղի ունենայ, Հայաստանը պէտք է պաշտպանի իր դիրքերն ու իրաւունքները, որպէսզի Թուրքիան յարգի Հայաստանի շահերը։ Սա միայն երկխօսութեամբ կարող է տեղի ունենալ, մենք դրան դէմ չենք, բայց ասում ենք, որ պէտք է պաշտպանել ՀՀ-ի շահերը։ Այսօրուայ իշխանութիւնները չէն անում դա, գնում են երկխօսութեան` պատանիի պէս բոբիկ։