Թրամփն ու Մակրօնը հանդիպել են

Թրամփն ու Մակրօնը հանդիպել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հիւրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնին։ Մակրօնն ասել է, որ եւրոպացի խաղաղապահների տեղակայումը կարող է անվտանգութեան երաշխիք դառնալ Ուկրաինայի համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը երկուշաբթի օրն արտայայտեցին իրենց մօտեցումների կտրուկ տարբերութիւններն Ուկրաինայի հարցում:

Երկու առաջնորդների միջեւ մէկ օրուայ բանակցութիւնների ընթացքում Թրամփը եւ Մակրօնը ցուցաբերեցին բարեկամական փոխըմբռնում, որը հիմնուած էր երկարամեայ լաւ կապերի վրայ: Այնուամենանիւ, Մակրօնը հասկացրեց, որ ինքը համաձայն չէ Թրամփի հետ որոշ առանցքային հարցերի շուրջ։

Թրամփը հրաժարուել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիկտատոր անուանել այն բանից յետոյ, երբ անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն դիկտատոր անուանեց։ Մակրօնն ասել է, թէ պարզ է, որ Ռուսաստանն «ագրեսորն է» հակամարտութեան մէջ։

Թրամփը շուտափոյթ հրադադարի ցանկութիւն է յայտնել եւ ասել, որ փորձում է բանակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։ Նա ասել է, որ համաձայնութեան գալուց յետոյ կարող է մեկնել Մոսկուայ՝ հանդիպելու Պուտինի հետ:

Մակրօնը, ընդհակառակը, կոչ է արել աւելի կշռադատուած մօտեցում ցուցաբերել՝ սկսելով զինադադարից, ապա խաղաղութեան համաձայնագրից, որը ներառում է անվտանգութեան երաշխիքներ:

«Մենք ցանկանում ենք որքան հնարաւոր է շուտ խաղաղութիւն, բայց թոյլ համաձայնութիւն չենք ուզում»,- լրագրողներին ասել է Մակրօնը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօն

Ցանկացած խաղաղ համաձայնագիր պէտք է «գնահատուի, ստուգուի եւ հաստատուի», — ասել է նա։

Երկու ղեկավարները պայմանաւորուել են տեղակայել եւրոպական խաղաղապահ ուժեր, եթէ խաղաղ համաձայնագիր ձեռք բերուի:

«Նրանք առաջին գծում չէն լինելու։ Նրանք չէն մասնակցի հակամարտութեանը. Նրանք այնտեղ կը լինէն՝ ապահովելու, որ խաղաղութիւնը պահպանուի»,-աւելի վաղ Թրամփի հետ Օվալաձեւ աշխատասենեակում ասել է Մակրօնը:

Թրամփն ասել է, որ ընդունում է հայեցակարգը, ինչպէս եւ Պուտինը:

«Աեօ, նա կ’ընդունի դա։ Ես կոնկրէտ այս հարցը նրան տուեցի։ Նա դրա հետ խնդիր չունի»,— ասել է Թրամփը խաղաղապահ ուժերի վերաբերեալ Պուտինի դիրքորոշման մասին:

Մակրօնը՝ առաջին եւրոպացի առաջնորդը, ով այցելել է Թրամփին՝ մէկ ամիս առաջ իշխանութեան վերադառնալուց յետոյ, Թրամփի հետ իր զրոյցները անուանել է «շրջադարձային կէտ» աւելի միասնական մօտեցման գնալու հարցում։

Օվալաձեւ աշխատասենեակում իրենց հանդիպման ժամանակ Մակրօնը նրբօրէն ուղղեց ԱՄՆ նախագահին, ով պնդում էր, որ Եւրոպան տրամադրել է իր ողջ օգնութիւնը վարկերի տեսքով։

Թրամփն ասել է, որ առաջընթաց է ձեռք բերւում Ուկրաինայի հետ եկամուտների բաշխման համաձայնագրի ուղղութեամբ՝ ուկրաինական հանքանիւթերի վերաբերեալ, որպէս Բայդենի նախորդ վարչակազմի կողմից Ուկրաինային մատակարարուած զէնքի արժէքը փոխհատուցելու միջոց: Թրամփը նշել է, թէ ակնկալում է, որ Զելենսկին այս շաբաթ կամ յաջորդ շաբաթ կը գայ ԱՄՆ՝ ստորագրելու համաձայնագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը

Թրամփը եւ նրա թիմը բանակցում են Ուկրաինայի հետ եկամուտների բաշխման մասին համաձայնագրի շուրջ՝ վերադարձնելու այն գումարի մի մասը, որը Բայդենի նախորդ վարչակազմը զէնքի տեսքով ուղարկել էր Կիեւ՝ ռուսական ներխուժումը հետ մղելու համար:

Անցած շաբաթ Զելենսկին մերժեց Ուկրաինային 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ ստանալու համար ԱՄՆ-ի պահանջները՝ փոխհատուցելու Վաշինգտօնին պատերազմում նրա օգնութեան համար՝ ասելով, որ ԱՄՆ-ը դեռեւս չի տրամադրել այդ գումարը եւ չի առաջարկել անվտանգութեան որեւէ յատուկ երաշխիք համաձայնագրում:

Հարցին, թէ հնարաւոր է, որ Ուկրաինան ստիպուած լինի որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Դէ, կը տեսնենք»: Մակրօնն ասել է, որ ցանկացած համաձայնագիր պէտք է ներառի Ուկրաինայի ինքնիշխանութիւնը։

Մակրօնն առաջին եւրոպացի առաջնորդն է, ով այցելել է ԱՄՆ՝ Թրամփի երկրորդ նախագահական ժամկէտի մեկնարկից ի վեր։ Հինգշաբթի օրը Վաշինգտօն կժամանի նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ։ Նա աւելի վաղ ասել էր, որ Բրիտանիան նոյնպէս պատրաստ է խաղաղապահ զօրքեր տրամադրել Ուկրաինային։

Share