ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան 30-ամեակ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան 30-ամեակ

Նոյն եռանդով շարունակելու կամքով

Արցախեան առաջին պատերազմից անմիջապէս յետոյ ազատագրուած Արցախում իր ծիլերն է գցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը եւ մինչեւ 2023 թուականի բռնի տեղահանութիւնը ակտիւ դերակատարութիւն ունեցել Արցախի երիտասարդական, հասարակական ու քաղաքական կեանքում։

Այսօր միութիւնն իր գործունէութիւնը շարունակում է մայր Հայաստանում` նոյն եռանդով շարունակելու կամքով։ Փետրուարի 23-ին կայացած ՀՅԴ ԱԵՄ-ի 30-ամեակին միջոցառումը յարգանքի տուրք էր անցած տասնամեակների ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ի կազմաւորման ու զարգացման գործում աւանդ ունեցող հազարաւոր երիտասարդների, նուիրեալների, ովքեր անխոնջ աշխատանքով մասնակցութիւն ունեցան Արցախի երիտասարդական-հասարակական կեանքում։



Նախքան պաշտօնական մասի մեկնարկը 8 նորագիրներ համալրել են ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը։ Խոստման արարողութիւնը տեղի է ունեցել Եռաբլուրում՝ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Արտակ Իշխանեանի շիրիմին։


«Մեր արմատները գալիս են Արցախից եւ գնում են դէպի Արցախ։ Այս կարգախօսն է այսուհետ մէզ առաջնորդելու․ այն յիշեցնում է մէզ, թէ ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Աեօ, մէզ համար նշանակալից այս օրը մենք ստիպուած ենք նշել մեր հայրենի բնօրրանից՝ Արցախից հեռու։ Ֆիզիկապէս հեռու, բայց սրտով միշտ այնտեղ»,- իր խօսքում նշել է ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետ Վ․Խաչատրեանը։

Միջոցառման ժամանակ ելոյթ են ունեցել ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր-Գեւորգեանը, ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Ցողիկ Աշըգեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արայ Պուլուզեանը, տարբեր տարիների ՀՅԴ ԱԵՄ-ի գործունէութիւնը համակարգած գործիչներ։ Նրանք կարեւորել են ԱԵՄ-ի գործունէութիւնը եւ մաղթել յաջորդ յոբելեանները նշել Արցախի հողի վրայ։

Share