ՀՅԴ 35րդ ընդհանուր ժողովը և մեր տեսակի պահպանումը

ՀՅԴ 35րդ ընդհանուր ժողովը և մեր տեսակի պահպանումը

Զարեհ Աճէմեան

Շուտով կայանալու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35րդ ընդհանուր ժողովը: Այս ընդհանուր ժողովը ոչ միայն բացառիկ իմաստ է ստանուն այն պատճառով որ մեր հայրենիքն ու ժողովուրդը աննախադէպ ճակատագրական օրեր են անցկացնում, այլ նաև այն պատճառով, որ վերջին տասնամեակների համաշխարհային արագընթաց փոփոխութիւններն ու «տեղեկատուական յեղափոխութեան» արգասիքները ներգործել են մեր շարքերից ներս և «հիմնական փոփոխութիւններ» են ակնկալւում  ՀՅԴ ներքին կազմակերպական կեանքում, ներառեալ ՀՅԴ կանոնագիրը և առ հասարակ մեր կազմակերպութեան ընկալման տեսանկիւնից:

Փոփոխութեան և վերանորոգուելու հրամայականը առաջացել է հիմնականում երկու բնորոշ  երևոյթների պատճառով որոնց հետ մենք բախուեցինք վերջին տասնամեակներում:

Առաջինը Հայաստանի վերանկախացումն ու ՀՅԴ կազմակերպական կառոյցի վերընձիւղումն էր հայրենիքում: Ի սկզբանէ նկատելի էր, որ իր կեանքի վերջին 70 տարիները սփիւռքում աշխատած ու կայացած կազմակերպութիւնը դժուարութիւններ պէտք է դիմագրաւի որպէսզի ատակ դառնայ պետական կամ խորհրդարանական կուսակցութեան կարգավիճակի վերադառնալու: «վերադառնալ» ենք որակում քանի որ իր հիմնադրութեան օրուանից 28 տարիներ անց երկու տարուայ համար Հայաստանի առաջին հանրապետութեան ժամանակամիջոցում ՀՅԴն այդ կարգավիճակը ունեցել է թեպէտ կարճ ժամանակահատուածի համար: Պէտք է խոստովանել, որ այս յարացոյցերի հերթափոխը (paradigm shift) տեղի չունեցաւ մեր կազմակերպութեան մէջ իբրև հաւաքական կամքի արտայայտութիւն այլ իբրև գործը շարունակելու և ազգին ու հայրենիքին ծառայելու հնարաւորութիւն ստեղծելու անմիջական պարտադրանք: Դաշնակցութիւնը լինելով գործի կուսակցութիւն թերևս առիթն անգամ չունեցաւ այս հարցում խորանալու ու համապատասխան յստակացումները կատարելու, այլ նետուեց ուր որ աշխատանք կար, սկսեալ Արցախի լեռներից ու Հայաստանի սահմաններից հայրենի հողի պաշտպանութեամբ մինչև Շուշի և Երևան՝ պետականաշինութեան և ազգային պետականութիւն ձևակերպելու մեր ջանքերով:  Այս հարկադրուած իրավիճակին իբրև հետևանք կազմակերպութիւնը ինքնութեան ճգնաժամ (identity crisis) ապրեց: Յեղափոխական, հայդուկային անցեալով ու բարոյական աւանդութիւններով հարուստ կազմակերպութիւնը մի անգամից առճակատուեց հայրենիքում պետականաշինութեան, քաղաքական գործընթացների ու կուալիցիաների իրողութեան հետ առանց այն որ նման հերթափոխ(shift) կատարելու յստակ ռազմավարութիւն և մարտավարութիւն ճշտած լինէր: 1991ից այս կողմ հասկանալի պատճառներով մեր կազմակերպական կեանքը առերեսուել է անմիջական տագնապներով՝ Արցախի պատերազմ, ԼՏՊական սահմանափակումներ, Հայաստանի պետական համակարգի հետ առնչուելու բազմազան դժուարութիւններ մինչև անգամ երբ մաս էինք կազմում կառավարութեան բաղկացուցիչ կուալիցիաներում ու դաշինքներում և վերջապէս Փաշինեանական իշխանազաւթումն ու նրա աղետալի հետևանքները: 

Երկրորդ ալիքը մեզ հասաւ մարդաշխարհի կեանքում վերջին տասնամեակների կայծակնային փոփոխութիւններին իբրև հետևանք: Կարելի չէ անտեսել կիբեռնետիկ յեղափոխութեան հետևանքներից միակ մէկը համարուող սոցիալական ցանցերի առկայութեան ազդեցութիւնը մարդկանց առօրեայի, կենցաղի, աշխատանքի, հաւատամքների, առաջնահերթութիւնների և կեանքի գրեթէ բոլոր ասպարէզներում: Քովիդի համաճարակը ոչ միայն արագացրեց այս գործընթացը այլ նաև արմատականացրեց բոլոր ասպարէզներում: Համաշխարհայնացումը (Globalization) որ, օրին հեռաւոր ափերում երևացող մի երևոյթ էր այսօր իր խոր արմատներն է գցել մեր երկրի պետականութեան մէջ իր նէո լիբերալ հասկացողութիւնների և բարոյա-քաղաքական համակարգով: Այս սրընթաց փոփոխութիւնների ընդմիջում փոխուել են մարդկանց և ժողովուրդների ոչ միայն քաղաքական առաջնահերթութիւնները այլ նաև բարոյական հաւատամքների համակարգն ու աշխարհաընկալումը: Դաշնակցութեան համակերպումը այս բոլորի հետ կամ այսպէս ասուած «արդիականացումը» ևս չի կարող հեշտ ընթացք ունենալ: Ոմանց գնահատմամբ[1] Դաշնակցութեան մէջ առկայ է պահպանողականութեան քոմփլեքս(բարդոյթ), մինչ հայ ազգի ազատագրութեան ու արդարութեան համար մարտնչող կազմակերպութիւնը կարող է այնքան մխրճուած է եղել իր ազգի ու հայրենիքի ճգնաժամային հարցերի լուծմամբ, որ իրեն նման շռայլութիւն չի թոյլատրել, որ իր ընդհանուր ժողովների օրակարգերի ու լայն քննարկումների նիւթ դարձնի նման «երկրորդական» հարցեր, երբ գետնի վրայ բազմաթիւ անմիջական գործեր կան, որոնք անմիջական լուծման են կարօտ:

Միւս կողմից առկայ է այն իրականութիւնը, որ ինչպէս ամեն ժողովուրդ հայ ժողովուրդն էլ ունի բազմաթիւ քաղաքական կուսակցութիւններ, իսկ Դաշնակցութիւնն է միակ կազմակերպութիւնը, որը հիմնուած է յեղափոխական պարտքի եւ իրաւունքի բարոյական հիմքերի վրայ:

«ՀՅ Դաշնակցութիւնը սովորական կուսակցութիւն չէ. նա եւ Ուխտ է միաժամանակ, բառի լաւագոյն իմաստով` եղբայրակցութիւն: Դաշնակցականը դաշնակցականի համար միայն գաղափարակից ու զինակից չէ, այլեւ բարոյական պարտականութիւններով եւ իրաւունքներով եղբայրացած անհատ: Մի անտեսանելի, շատերի համար  անհասկնալի խորհուրդ, մի հոգեւոր զօրութիւն սաւառնում է ՀՅ Դաշնակցութեան, բոլոր իսկական դաշնակցականների գլխին, պաշտպանում նրանց ժամանակի ու մարդկային կրքերի ժանգից, ուժ է տալիս նրանց, ներշնչում գաղափարական անձնազոհութեան եւ հերոսական գործերի համար»: [2]

Ցանկացած համակերպում արդի քաղաքական ու կազմակերպական հասկացողութիւններին, ցանկացած արդիականացման գաղափար պէտք է նախ և առաջ նկատի ունենայ մեր այս տեսակի եզակիութիւնը և այն իրականութիւնը, որ առանց այս իւրայատուկ ինքնութեան Դաշնակցութիւնը դադարելու է իր տեսակից և դառնալու է սովորական քաղաքական մի կուսակցութիւն, որի նմանները կարող են շատ լինել մեր իրականութեան մէջ:

 ՀՅԴ 35րդ ընդհանուր ժողովը կարող է նման հիմնահարցերի լուծման ճանապարհ բացել, բայց հայութեան ակնկալիքները ընդհանուր ժողովից մնում են նոյնը՝ լուում գտնել Հայաստանի, սփիւռքի և հայաշխարհի անմիջական դժուարութիւնների համար:

Մինչև այն ժամանակ, որ Դաշնակցութիւնը պահպանում է իր տեսակի առանձնայատկութիւնները, իւրաքանչիւր կանոնագրային, կազմակերպական կամ ռազմավարական փոփոխութիւն կամ արդիականացում կարող է նպաստել մեր կազմակերպութեան ու ժողովրդին: Հիմնականը մեր տեսակի պահպանումն է:

[1] Ակնարկ – Հ.Յ.Դ. 35-րդ Ընդհ. ժո­ղո­վի ըն­դա­ռաջ. Միհրան Քիւրտօղլեան

[2] ՀՅ Դաշնակցութեան Ուժը.  Սիմոն Վրացեան

Share