Արցախի ղեկավարներից ոչ ոք իրեն մեղաւոր չի ճանաչել առաջադրուած շինծու մեղադրանքներում

Արցախի ղեկավարներից ոչ ոք իրեն մեղաւոր չի ճանաչել առաջադրուած շինծու մեղադրանքներում


Բաքուի զինուորական դատարանում, դատաւոր Զեյնալ Աղաեւի նախագահութեամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Շուրջ 15 անձի գործի քննութեան շրջանակում նրանց տրամադրուել են թարգմանիչներ, ինչպէս նաեւ պաշտպաններ: 

Ադրբեջանական լրատուամիջոցների հաղորդմամբ՝ դատաւորը իւրաքանչիւրին բացատրել է իրենց առաջադրուած մեղադրանքի բնոյթը, նրանց մեղսագրուող արարքների իրաւական նկարագրութիւնը, քրէական օրէնսդրութեամբ նախատեսուած պատիժը, իրաւունքները, ինչպէս նաեւ հարցրել՝ արդեօ՞ք իրենց լիովին կամ մասնակի մեղաւոր կամ անմեղ ճանաչում են։ 

Նիստի սկզբում Արայիկ Յարութիւնեանի պաշտպանը դիմել է դատարանին՝ յայտարարելով, որ ցանկանում է առանձին հանդիպում ունենալ իր պաշտպանեալի հետ։ Դատարանը բաւարարել է միջնորդութիւնը եւ պայմաններ ստեղծել հանդիպման համար։

Մեղադրեալներից ոչ ոք իրեն մեղաւոր չի ճանաչում իրենց առաջադրուած մեղադրանքներում։ 
Գլխաւոր դատախազի աւագ օգնական Վուսալ Ալիեւը հնչեցրել է դատախազութեան առաջարկը՝ կապուած դատաքննութեան ընթացքում ապացոյցների հետազօտման յաջորդականութեան հետ։ Դատաւարութեան միւս մասնակիցները պաշտպանել են մեղադրող կողմի առաջարկը։ Զեյնալ Աղաեւը քրէական դատաւարութեան կողմերին բացատրել է դատական քննութեան ընթացքում ապացոյցների հետազօտման կարգը։ 


Դրանից յետոյ «մեղադրեալներին» առաջարկուել է դատարանի սահմանած կարգով «ազատօրէն» ցուցմունք տալ։ Նրանք ու նրանց պաշտպանները դիմել են դատարանին՝ լրացուցիչ ժամանակ խնդրելով ցուցմունքներին նախապատրաստուելու եւ իրենց ներկայացուած քրէական գործի նիւթերը վերանայելու համար։ Դատարանը բաւարարել է նրանց միջնորդութիւնը եւ յետաձգել նիստը։ 

Յաջորդ դատական նիստը նշանակուել է փետրուարի 24-ին։ 
Հաղորդւում է, որ այն սկսուելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի հարցաքննութեամբ։ 

Share