Պատէրազմ, խեղուած ճակատագրեր, լքուած հայրենի տուն իրենց ցաւն աննկարագրելի արժանապատուութեամբ կրող մարդիկ…

Պատէրազմ, խեղուած ճակատագրեր, լքուած հայրենի տուն իրենց ցաւն աննկարագրելի արժանապատուութեամբ կրող մարդիկ…

«Հրաժեշտի աչքեր»

Պատէրազմ, որից յետոյ մնացին ծանր լռութիւն, լքուած հայրենի տուն ու անսահման կարօտ։ Խեղուեցին ճակատագրեր, երեխաները մեծացան ժամանակից շուտ, իսկ երազանքները կորցրած մարդիկ սկսեցին հաղորակցուել աչքերով, որտեղ արացոլուած է իրենց յիշողութիւնը, կորուստը եւ խաղաղութեան հաւատը։

«Հրաժեշտի աչքեր»-ը արցախցի գրող Հերմինէ Աւագեանի հերթական գիրքն է՝ «Պատէրազմ…աչքեր…ծաղիկներ…», «Վազում եմ, սպասի՛ր..», «Օրացոյցից պոկուած օրեր» աշխատութիւններից յետոյ։

Հեղինակը պատմում է, որ պատմուածքները ծնուել են շրջափակման օրերին եւ արտացոլում են այդ օրերի իր ապրումները։ «Շրջափակման օրերին ես Երեւանում էի ու հնարաւոր չէր, որ հասնէի Արցախ ու Հակարիի կամրջից այն կողմ ոչ միայն տարածք էր, մարդիկ էին, այլ այնտեղ մի մեծ հոգեւոր աշխարհ էր, որ ես կրում եմ իմ մէջ՝ իմ մանկութիւնը, երիտասարդութիւնը, իմ երազանքերը, իմ հոր եւ շատ-շատ հայրերի, եղբայրների յաղթնական էր, արժանապատուութիւնն էր։ Այդ ամէնը մնացել էր կամրջից այն կողմ, իսկ ես մնացել էի այս կողմում։ Ինձ թւում էր, ես լրիւ դատարկ եմ, մեղաւոր էի զգում։ Այս ամենն ինչ-որ կերպ փարատելու համար, ես սկսեցի նամակներ գրել, ոչ թէ զուտ որպէս նամակի ժանր, այլ օրեր կային, որ պատմուածքներ էի գրում եւ օրեր կային, որ բանաստեղծութիւններ էի գրում։ Ես դրանք ուղարկում էի իմ սիրելի մարդկանց, գլխաւորապէս մորս, նաեւ որոշները հրապարակուեցին իմ ֆեսյբուքեան էջով կամ կայքերում։ Ու այդ օրերին Արցախից ստացուած արձագանքները խօսում են արցախցու կերպարի մասին Մարդիկ այդ օրերին գտնւում էին շատ ծանր իրավիճակում․ հացի հերթերում, ջուր, էլեկտրաէներգիայ չկար ու մարդիկ կարդում էին իմ հրապարակումները»,- կիսուել է Հերմինէն։ Սակայն «Հրաժեշտի աչքերը» պատմուածքների ժողովածուն ոչ միայն կորստի եւ ցաւի մասին պատմութիւնների ժողովածու է, այլ նաեւ պայքարի եւ դիմադրութեան։

«Վերջին կարմիր շրթներկը»

Ցաւն աննկարագրելի արժանապատուութեամբ կրող մարդկանց մասին Արցախի լրագրող, հաղորդաւոր Ծովինար Բարխուդարեանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը պատմում է իր եւ եւս 12 արցախցի կանանց ցնցող, ցաւեցնող, բայց եւ ուժ տուող իրական պատմութիւնը։ Նրանք դատարկաձեռն ու արցունքներով լքեցին իրենց տունն ու հայրենիքը։ Յուզիչ, ցաւոտ ու սահմռկեցուցիչ պատմութիւն, թէ ինչպէս կորցրեցին հարազատներին, տունն ու հայրենիքը։ Մեկ գրքում հեղինակն ամփոփել է իր եւ 12 կանանց ճշմարտութիւնը, պատմել ցաւն աննկարագրելի արժանապատուութեամբ կրող մարդկանց մասին։

Գիրքը երեք պատերազմների վկայութիւն է, այնտեղ ակնարկներ կան Արցախեան առաջին յաղթական պատերազմից եւ այդ օրերին Արցախեան բնակավայրերում տիրողի մասին, 44-օրեայ պատերազմի եւ ի վերջոյ 2023 թուականի սեպտեմբերի 19-ի մէկօրեայ պատերազմի մասին։

«Պատէրազմում ամենադժուարը կարմիր շրթներկ քսելն է… Ուղիղ եթեր մտնելուն մի քանի րոպէ էր մնացել, երբ նկատեցի, որ բացի կարմիրից ուրիշ գոյնի շրթներկ չունեմ։ Քսեցի ու մտայ եթեր՝ կարդալու առաջին զոհերի անունները։ Պատէրազմում ամենադաժանը կարմիր շրթներկով զոհուածների անուններ կարդալն է եւ այդ ցուցակներում ամուսնու անուն-ազգանունը փնտրելը…ամէն օր՝ քառասունչորս օր…»,- 44-օրեայ պատերազմի յուշերով է կիսուել Ծովինարը։ Նրա խօսքով՝ պատմութիւնները ոչ միայն իրենն են, այլ բոլոր արցախցիները։

«Մենք միասին ենք անցել երեք պատերազմերի, սարսափելի բլոկադայի, անտանելի գաղթի միջով եւ մենք միասին վայելել ենք երջանիկ Արցախը։ Այս պատմութիւնն իմ ժողովրդի պատմութիւնն է։ Ով ինչ պատմում է կարծես ծանօթ պատմութիւն է, այն նոյն զգացողութիւնները ինչ ես ունեցել եմ պատերազմի ժամանակ, ունեցել են իմ միւս բոլոր հայրենակիցները»,- նշել է հեղինակը։

Գրքի պրոդիւսերը Արտակ Հերիքեանն է։ Այնտեղ ամփոփուած են «Ականատես» հեռուստանախագծի հերոսների պատմութիւնները։ Գրքի ականատեսներից բժիշկ Հերմինէ Զարգարեանը պատմում է, որ սեպտեմբերի 25-ը գլխովին փոխել է իրեն։ «Կեանքում ամենավատ բանը մահացող մարդու աչքերում վերջինը լինելն է։ Մարդ ով գուցէ կ’ուզէնար այդ պահին կողքին տեսնել ծնողին, հարազատին, կնոջը, երեխային, բայց վերջին հայեացքում մնում ես դու»,- միջոցառման ժամանակ ասել է բժիշկը։

Share