Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն այսօր ասել է, որ «Արցախի յանձնումը տեղի է ունեցել երկու փուլով»:
«Առաջինը՝ 2018-2020 թուականին էր եւ երկրորդ՝ 2020-ի պատերազմից յետոյ մինչեւ 2023 թուականի սեպտեմբեր», – ասել է Ռոբերտ Քոչարեանը մամուլի ասուլիսում:
Նա պնդել է, որ 2019 թուականին Նիկոլ Փաշինեանն արհամարհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ընդունելի առաջարկները»՝ ասելով, թէ «ես կինօյի տղան եմ, ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ եւ, ըստ էութեան բանակցային գործընթացը մտցնելով փակուղի»:
«Նա յայտարարեց, թէ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ սա պատերազմի կոչ էր: Այդ ընթացքում տպաւորութիւն կար, թէ Փաշինեանը Հայաստանի պատմութեան մէջ «ամենաոչմիթիզական» ղեկավարն է: Նա իրեն «կովկասեան Ռեմբոյ» երեւակայեց, որը կարող է անել այն ամենն, ինչ ուզում է: Սակայն պատերազմից յետոյ «ոչմիթիզական Ռեմբոն» դարձաւ «աշխարհաքաղաքական Գիքոր»», – ասել է Հայաստանի նախկին նախագահը:
Ռոբերտ Քոչարեանի կարծիքով, «փայլուն հնարաւորութիւն կար՝ ընդունել համանախագահների առաջարկը եւ մտնել բանակցութիւնների փուլ, փայլուն հնարաւորութիւն կար խուսափել պատերազմից»:
Նրա խօսքով՝ ձախողման պատճառը Նիկոլ Փաշինեանի «մեծամտութիւնն է, 2-3 քայլ առաջ հաշուարկ անելու անընդունակութիւնը եւ արկածախնդրութիւնը».
«Դիւանագիտական արուեստը չուգունէ գլխով պատ ջարդելը չի, այլ դուռ գտնելը այդ պատի մէջ»:
Ռոբերտ Քոչարեանը նշել է, որ Արցախի յանձնման երկրորդ փուլը եւ «կոպիտ սխալը եղել է Պրահայում, երբ Փաշինեանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»:
«Սա դատաւճիռ էր: Սա եղել է այն ժամանակ, երբ Ռուսաստանն անյաջողութիւններ էր ունենում Ուկրաինայում, եւ ՀՀ իշխանութիւնները որոշեցին, որ Ռուսաստանը պարտւում է: Պրահայի որոշումով զրոյացուեց Ռուսաստանի միջնորդութեան մանդատը։ Եթէ որեւէ մէկը մտածում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարամիտ սխալւում է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Ստորև ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարեանի հիմնական յայտարարութիւնները:
Արտաքին քաղաքականութիւն
1. Նախագահ Թրամփը ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը եւ այն գործիքակազմը, որով այդ գաղափարախօսութիւնը առաջ էր մղւում աշխարհով մէկ։
2. Արտաքին քաղաքականութեան դաշտում Հայաստանի համար նոր հնարաւորութիւններ են բացւում։ Պարտադիր չէ թռչել Արեւմուտքի կամ որեւէ մէկի գրպանը։ Կարելի է որպէս գործընկեր ճիշտ քաղաքականութիւն վարել ՌԴ-ի հետ եւ չթշնամանալ Արեւմուտքի հետ։ Բայց մենք սխալներ ենք գործում եւ գցում դա Ռուսաստանի վրայ։
3. Ամենաւտանգաւոր եւ ամենաանյարմար պահին Հայաստանը յայտարարել է, որ փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը եւ գնում է դէպի ակնյայտ թուլացող կենտրոն՝ հեռանալով ուժեղացող կենտրոնից։
4. Չեմ կասկածում, որ մօտակայ ժամանակներում Հայաստանի վարչապետը շատ արագ կօշիկները փոխելու է, զանգելու է Ռուսաստանի նախագահին եւ սկսի կենացներ ասել հայ-ռուսական դարաւոր բարեկամութեան մասին։
5. Այն հանգամանքը, որ Սիւնիքում մենք չենք ունեցել աւելի մեծ պրոբլեմներ, կապուած է Իրանի դիրքորոշման հետ, հակառակ դէպքում Ալիեւը որեւէ խանգարող հանգամանք չէր ունենայ։ Կարո՞ղ է Իրանի վերաբերմունքը փոխուել։ Այո, կարող է։
6. ԵՄ-ն չի փլուզուելու, բայց կայ իմաստային եւ առաջնորդութեան ճգնաժամ, այն ստիպուած է լինելու բաւականին լուրջ բարեփոխման ենթարկուել։ Այդ ընթացքում անդամագրուելու բոլոր գործընթացները սառեցուելու են։ Նախընտրական շրջանում սա լինելու է ամենամեծ դրօշը, այլ նպատակ չեմ տեսնում։
7. Հայաստանը պէտք է ահազանգեր ռազմական բալանսի խախտման մասին, ինչը կը բերի պատերազմի, եւ այդ դէպքում ռիսկերը զսպելու համար պէտք է այս զէնքը։ Իմ բանակցութիւններով Հայաստանը Ռուսաստանից անվճար զէնք է ստացել մեծ քանակի, եւ բոլորը աշխատող, մարտունակ։
Լեռնային Ղարաբաղ
1. Ղարաբաղի յանձնումը կատարուեց երկու փուլով․մէկը՝ 2018-2020 թթ․, մինչեւ պատերազմը, եւ երկրորդը՝ 2020 թուականից յետոյ, մինչեւ 2023 թ․ սեպտեմբեր։ Վարչապետն առհամարհել է 2019 թ․ շատ հետաքրքիր եւ ընդունելի առաջարկ եւ ասել է, որ սկսում է զրոյական կէտից։ Բանակցային գործընթացը մտցուեց փակուղի։ Հետոյ ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ եթէ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա ինչի մասին կարող են բանակցել։ Սա կոչ էր պատերազմին։ Պատէրազմում պարտուելուց յետոյ ոչմիթիզական ռեմբոն դարձաւ աշխարհաքաղաքական Գիքոր։
2. Ինչո՞ւ չստացուեց խուսափել պատերազմից։ Մեծամտութիւնը, անընդունակութիւնը չկարողանալ հաշուարկներ անել գոնէ երկու-երեք քայլ առաջ եւ արկածախնդրութիւնը։
3. Պրահայում սկսուեց Ղարաբաղի յանձնման երկրորդ փուլը՝ վարչապետի այն յայտնի յայտարարութեամբ, որով նա Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Սա դատաւճիռ էր Ղարաբաղի նկատմամբ։ Այս որոշումով զրոյացուեց Ռուսաստանի միջնորդութեան մանդատը։
4. Շատէրը նեղացած են Ռուսաստանից, բայց փորձեք այս ամէնին նայել ՌԴ-ի տեսանկիւնից, որտեղ տեսնում էին, որ կատարուողը կարելի է կանգնեցնել միայն ուժային միջամտութեամբ։ Բայց ո՞ւմ համար, Հայաստանի՞, որը ճակատագրական պահին անցել է քո թշնամիների ճամբար։ Որեւէ մէկն իրեն դաւաճանած ընկերոջ համար կռուի մէջ կմտնի՞։
5. Ամենահամեստ հաշուարկներով, այս իրադարձութիւնների հետեւանքով նիւթական կորուստները միայն Ղարաբաղում կազմել են 80-100 մլրդ դոլար։
6. Արայիկ Յարութիւնեանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք մի գուցէ պատրաստ կը լինէին ստանձնել պատասխանատուութիւնը եւ իշխանութիւնը վերցնել։ Սամուել Շահրամանեանը միակը չէր․ առնուազն 3 հոգու հետ նա խօսում էր։ Նիկոլ Փաշինեանն էլ ամէն ինչից տեղեակ էր, գիտէր, որ Յարութիւնը հրաժարական էր ուզում տալ։
7. Ես առաջնային մանդատ եմ ունեցել Ղարաբաղում, որից հրաժարուել եմ, եկել Հայաստան, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսեանն էր ինձ խնդրել գալ, վարչապետի պաշտօնը զբաղեցնել։ Նոյնիսկ եթէ յետոյ ինքը ինձ ազատէր այդ պաշտօնից, ես միեւնոյն է կպայքարէի Ղարաբաղի համար։
8. Առաջին պատերազմում յաղթել ենք եւ համոզիչ յաղթանակ ենք ունեցել, բայց ես երբեք ինձ թոյլ չեմ տուել անյարգալից վերաբերմունք, յայտարարութիւն Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի որեւէ ղեկավար այդպիսի բան իրեն թոյլ չի տուել։ Հիմա Ալիեւը Փաշինեանի մասին շատ հանգիստ ասում է, որ հարբեցող կլոուն է։ Դա նորմալ չէ։ Այսօր նաեւ նախկինում կատարուածի հետեւանքների հետ գործ ունենք։
9. Եթէ տուեալ պետութիւնն ինքն իր հողերի համար պատրաստ չէ կռուել, ինչ-որ մէկը գալո՞ւ է իր փոխարէն կռուի։ Կարելի է պարտուել պատերազմում, բայց եթէ դու արդէն պարտուել ես քո ուղեղում, ոչ թէ պարտուած ես, այլ արդէն չոքած ես, ոչ մէկը չի գալու քեզ հետ կռուի, որովհետեւ դու արդէն վստահելի գործընկեր չես դիտւում։ Այսօր արցախցիների՝ Արցախ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմնբերի 9-ի յայտարարութիւնից կառչելն է։ Եթէ Ադրբեջան ասում է՝ ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել․ այդ ճանապարհն ընդամէնը մէկ կէտ է այդ եռակողմ յայտարարութեան մէջ։ Սա միակ ճանապարհն է, որով ղարաբաղցիների վերադարձը կարելի է հետ բերել բանակցային գործընթաց։ Այս փոքրիկ հնարաւորութիւնն էլ պէտք է օգտագործել։
10. Առանց որեւէ միջազգային երաշխիքի ոչ մի ղարաբաղցի չի վերադառնայ։ Եթէ այդ հարցն ընդհանրապէս չես քննարկում, ուրեմն ինքնակամ հրաժարւում ես Ադրբեջանի վրայ ազդելու այդ լծակից։ Հարցի քննարկումը նշանակում է էթնիկ զտման հարցը բերել բանակցային սեղան։
11. Բանաւէճի ենթակայ թեմայ չկար։ Ղարաբաղի հարցով վիճելու բան չկար ինձ համար։ Իշխանական ներկայացուցչի համար մասնակցութեան չափորոշիչն է, թէ մէկ րոպէում իրար հետեւից քանի սուտ կարող է ասել, որ դիմացինը չհասցնի պատասխանել։
12. Այսօր Բաքւում դատւում է ոչ միայն Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, դատւում է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը։
13. 2023 թ․ սեպտեմբերին, երբ մարդիկ հրապարակում էին, ես օրը 5-10 անգամ կապի մէջ եմ եղել Բակոյ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի եւ միւսների հետ։ Տարբերակներ եմ առաջարկել նրանց այնտեղից հանելու։ Այդ պահին իմ մտահոգութիւնը դա էր։
14. Մարդկանց սրտէրում մնացել է դառնութիւնը, բայց այն, որ մարդիկ հաշտուել են Արցախի կորստի հետ, այստեղ ճշմարտութեան մեծ բաժին կայ։ Բայց հաշտուել, չի նշանակում, որ անուէրապահ են հաշտուել։ Ենթադրում եմ, որ դա կարող է տրիգեր հանդիսանալ քաղաքական որոշակի ակտիւ պրոցեսների համար։ Դժուար է ասել, ինչ չափի նստուածք է, եւ կը պայթի՞ արդեօք։
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնների մասին
1. Բանակցային որեւէ փաստաթուղթ իմ ժամանակ եւ ինձանից առաջ գաղտնիութեան գրիֆ չի ունեցել։ Լեւոն Տեր-Պետրոսեանի ժամանակուայ երկու փաստաթղթերը հրապարակուած են, ընդհանուր պետութեան մասին փաստաթուղթը՝ նոյնպէս, Մադրիդեան սկզբունքները հրապարակուած են։ Որքան գիտեմ, հրապարակուած են նաեւ Կազանեան սկզբունքները։ Հրապարակուած չէն միայն 2019 թ․ առաջարկը եւ Քի Վեսթի փաստաթուղթը։
2. Բանակցութիւնների արդիւնքում եկել էինք նրան, որ լինելու էր սւուերէն ճանապարհ, որի զգալի մասը ենթադրում էր թունել-էստակադայ։ Պայմանը հետեւեալն էր՝ Հայաստանի տարածքի անընդհատութիւնը չպէտք է կտրուի։ Այդ ճանապարհի օդը, ընդերքը, հողը մնում էր Հայաստանին։
3. Պատէրազմը զսպելու համար պէտք են բանակցութիւններ, ստորագրուած փաստաթղթեր, եւ պէտք են երաշխաւորներ, յատկապէս, որ այսօր մենք հաւասար պայմաններում չենք։ Չկայ հակառակ կողմը զսպող մեխանիզմ։ Այն, ինչ նկարել է վարչապետը, տուպիկ է, բայց վաճառում է հանրութեանը որպէս խաչմերուկ։ Անլուրջ եւ անյարգալից է դա ներկայացնել պաշտօնական հանդիպումներին մարդկանց, որոնք իսկապէս բան են հասկանում։
4. Այս ընթացքում քայլեր անել, որոնք անուէրադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին, յիմարութիւն է։ Մինսկի խումբը պէտք է ամէն գնով պահել, եթէ այն հիմա լուծարուի, այլեւս չափազանց դժուար կը լինի նման կարգի միջազգային ֆորմատ ունենալ։
5. Ես երբեք բանակցային որեւէ գործընթացից չեմ հրաժարուել, չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերէն, որը չեմ կարող բարեփոխել։
6. Ընդհանուր պետութեան առաջարկին ո՛չ այո եմ ասել, ո՛չ էլ՝ ոչ։ Զուտ չեմ ուզել իրավիճակը սրել։ Բայց 100 տոկոսով համոզուած եմ եղել, որ Հեյդար Ալիեւը չի ընդունելու։ Պրիմակովը վստահ էր, որ կը համոզի Հեյդար Ալիեւին։ Ես ասեցի, որ այս գործընթացում ամենադժուար կողմը չեմ լինի․ եթէ Ալիեւին համոզեք, կոնստրուկտիւ կքննարկէնք։ Ալիեւը կտրուկ մերժել էր այդ տարբերակը, իսկ յետոյ ասել, որ դա ամենավատ տարբերակն էր։
7. Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թեզ է, որն իմ դէմ է օգտագործուել։ Մինսկի խմբի շրջանակներում բոլոր գործողութիւնները եղել են Ղարաբաղի ներգրաւուածութեամբ։ Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։
Մեղրիի մասին
1. Մինչեւ 1999 թուականը համանախագահները ինչ առաջարկ բերում էին, փորձում էին տարածքային ամբողջականութեան իրաւունքը “ամուսնանցել” ինքնորոշման սկզբունքի հետ։ Ու յանկարծ Վաշինգտօնում Ալիեւը առաջարկեց դրանք տարանջատել։ Ես ասում էի, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Ալիեւն ամերիկեան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին։ Այդ պատուիրակութիւնը եկել է Հայաստան՝ հասկանալու, իսկապէս դա այդպե՞ս է, թե՞ չէ, եւ Ալիեւի ընկալումներն այդ բանակցութիւններից եւ մեր ընկալումները նու՞յնն են, թե՞ ոչ։ Չի եղել առաջարկ, որ մենք ասենք, ընդունում ենք կամ չենք ընդունում, կամ ընդունում ենք վերապահումներով։ Երկու տարի տեւած գործընթացի արդիւնքում համանախագահների կողմից հնչած միակ առաջարկը եղել է Քի Վեսթում։ Ուրիշ գրաւոր առաջարկ երեք համանախագահների կողմից չի եղել։
2. Վազգէն Սարգսեանը տեղեակ էր բանակցային բոլոր մանրամասներից, ամէն ինչից, նա հանրապետութեան վարչապետն էր, խորհրդարանական մեծամասնութեան ղեկավարն էր, որեւիցէ լուծում առանց իր համաձայնութեան հնարաւոր չէր: Եւ ինքը առաջին վայրկեանից մինչեւ վերջին վայրկեանը մասնակցել է այդ հանդիպմանը:
3. Ինչո՞ւ է Մեղրիի թեման տաքացել հիմա։ Որովհետեւ կայ միջանցքի կամ ճանապարհի հարց, եւ Հայաստանի իշխանութիւնն այսօր մի ցանկութիւն ունի՝ անել այդ զիջումը եւ յայտարարել․ ես ի՞նչ կապ ունեմ, եթէ այն ժամանակ դա քննարկուած չլինէր, այս թեման ընդհանրապէս չէր լինի։
Ներքին քաղաքականութիւն
1. Հայաստանի իշխանութիւնները բաւարար կամք են դրսեւորել միայն աթոռը պահելու հարցում։ Այլ թեմայում բաւարար կամք դրսեւորելու որեւէ օրինակ չգիտեմ։
2. Պետք է կոնսօլիդացնել հանրութեանը, լրջօրէն զբաղուել բանակաշինութեամբ եւ հզօրացնել տնտեսութիւնը։ Եթէ այս երեք կոմպոնենտը միասին լինէն, քեզ հետ հաշուի կը նստէն։ Իսկ այսօր ուղղակի “Գիքորաստան” են կառուցում։
3. Սփիւռքի հետ կապուած Հայաստանը պէտք է վերադառնայ իր նախկին մօտեցումներին։ Հայաստանը Սփիւռքի հետ եւ առանց Սփիւռք տարբեր քաշային կ’ատեգորիանէրում են։
4. Ո՛չ նշանակովի ընդդիմութիւն է լինում, ո՛չ նշանակովի առաջնորդ։
5. Չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ վախենալու։ Այս իշխանութիւնից ամէն ինչ սպասում եմ, բայց մարդիկ պէտք է հասկանան, որ մի օր պատասխան տալու ժաամանակը գալիս է։
6. “Հայաստան” դաշինքը ծանրակշիռ մասնակցութիւն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի փողոցային պայքար, թէ ընտրութիւններ։ Ամենապրագմատիկ ֆորմատով պէտք է մասնակցել։
7. Իմ համակիրների մի մասը չի ընդունում երրորդ նախագահին, նոյնն էլ երրորդ նախագահի թիմում է։ Ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացւում, օրինակ 5+5 -ը դառնում է 12, 14։ Եթէ 5+5-ը դառնում է 7, ուժերը չէն միացնում։ Մեր մօտ պատկերն այնպիսին է, որ սիներգիան չի աշխատելու։ եթէ մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որը չի ընդունում երրորդ նախագահին, կը հեռանայ։
8. Այո, ես համարում եմ, որ կարելի է ընտրութիւնների ճանապարհով այս իշխանութեանը յաղթել։ Եթէ ասեմ, որ հնարաւոր չէ, ապա, ինչ եմ անում այստեղ։
9. Յենց ընտրական պրոցեսներն սկսուէն, մարդիկ սկսելու են կողմնորոշուել՝ իրենք սատարում են ստապետութեան շարունակութեանը, թե՞ փորձում են այլ ընտրութիւն ունենալ։ Կարծում եմ, վիճակը հասունացած է այլ ընտրութիւն ունենալու համար։
10. Վեհափառի հետ հանդիպումների նախաձեռնողը ես չեմ եղել եւ չեմ կարող ասել՝ ինչու դրանք չշարունակուեցին։
11. Այն, ինչ այստեղ անում էր USAID-ն, յատուկ ծառայութիւն չէր, բայց նպատակը նոյնն էր, մի գուցէ աւելի արդիւնաւետ՝ փափուկ ուժի կիրառման գործիքակազմով:
12. 2021թ․-ին իշխանութիւնը հնի-նորի եւ պատերազմով վախեցնելու հանգամանքը միացրել էր իրար։ Կարո՞ղ են այս անգամ նոյնը փորձել անել։ Այո , կարող են։ Հիմա Թրամփը, որը պարտուել էր Բայդենին, իսկ յետոյ աւելի համոզիչ յաղթանակ է տարել, նո՞ր է, թե՞՝ հին։
13. Մեզ չի յաջողուել կուտակել այն էներգիան եւ ունենալ ակտիւ գործողութիւնների պատրաստ մարդկանց այն քանակը, որը կը բերեր իշխանափոխութեան։ Սխալի արդիւնք էր, թէ ժամանակաւրէպ ակտիւութիւն էր, չգիտեմ։ Հիմա հասարակութեան դժգոհութեան աստիճանը շատ աւելի մեծ է։
Տնտեսութիւն
1. Իմ կառավարման ժամանակ միջին աշխատավարձն աճել է 5 անգամ, ինֆլեացիան եղել է 3 տոկոս, իմ կառավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները։ Չի եղել մի դէպք, որ համանախագահողների առաջարկին Հայաստանն “ոչ” ասի, իսկ Ադրբեջանն՝ այո ։ Իսկ որոշ դրուագներ պարզապէս տիրաժաւորուել են այն ժամանակուայ ընդդիմութեան, ներկայիս՝ իշխանութեան կողմից:
2. Փոքր եւ միջին բիզնեսը վերահսկելու բազմաթիւ մեթոդներ կան, պէտք չէ ընկնել ժողովրդի հետեւից։ Սա պրակտիկ քաղաքականութեան մօտեցում է, որի շնորհիւ իմ կառավարման տարիներին միջինում ունեցել ենք 10,1 տոկոս տնտեսական աճ։
3. Ո՞վ է խանգարում քաղաքային իշխանութեանը որակեալ ծառայութիւն մատուցել էժան գներով։ Քաղաքային տրանսպորտը բիզնես չի։ Եթէ մատչելի գինը 50 դրամ է, պէտք է 50 լինի, 100 դրամ է, պէտք է 100 լինի, մնացածը պէտք է սուբսիդաւորել։ Եթէ տրանսպորտը լաւ է աշխատում, քաղաքում բոլոր բիզնեսները սկսում են լաւ աշխատել։
4. Համընդհանուր յայտարարագրումը կոռուպցիան վերացնելու հետ կապ չունի ընդհանրապէս։ Պաշտօնատար անձինքն յայտարարգրում են իրենց եկամուտները։ Վերահսկելու համար մեխանիզմները պէտք է ուժեղացնել։ Սա մէկ նպատակ է հետապնդում․ մտնել ամէն մարդու գրպանը, արդէն մարդկանց ննջարանն են մտնում։ Տեսնելու են տրանսֆերտների գումարը, արդիւնքում գոյքագրելու են եւ հարկէն։
5. Օտարերկրեայ ներդրումները տնտեսութեան մէջ համարեայ չկան, եւ պատճառնեեւից մէկը կառավարութեան կողմից «փայ» մտնելն է։ Սա պետական ռեկէտ է, որն անում են տուեալ ձեռնարկութիւնում ազդեցութեան լծակ ունենալու համար։
Միֆերի մասին
1. Տարիներ շարունակ իշխանութիւնը տարբեր երկրներ հարցում է ուղարկել, որ պարզի, որտեղ ինչ ունեցուածք ունենք։ «Սպայկա», Քաջարանի կոմբինատ, «Զուարթնոց» օդանաւակայան, 5 հատ բանկ։ Ոչինչ չէն բացայայտել։ Իմ նկատմամբ յարուցուած քրէական գործում ներկայացուած է կադաստրով պետական գրանցում ունեցող գոյքը։
2. 4 մլրդ դոլար ունեցուածքի փուչիկը, որ երկար տարիներ ընդդիմադիր, եւ ոչ միայն, մամուլի կողմից փչւում էր, դատախազութիւնն ինքը կոտրեց։