Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում հիւրընկալւել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխաւորած պատւիրակութիւնը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտօնական կայքից:
Այցի շրջանակում դեսպանը պարգեւատրւել է ԵՊՀ ոսկէ մեդալով, հանդէս է եկել դասախօսութեամբ, ինչից յետոյ իրանական կողմը ներկայացրել է մշակութային միջոցառում՝ նւիրւած երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութեանը։
ԵՊՀ ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը, ողջունելով այսօրինակ միջոցառումների անցկացումը, ընդգծել է հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների կարեւոր նշանակութիւնը երկու երկրների համար, ինչպէս նաեւ ԻԻՀ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման գործում։
Անդրադառնալով վերջին երեք տարիների ընթացքում Իրանի դեսպանատան հետ համագործակցութեան սերտացմանը՝ ԵՊՀ ռեկտորը նշել է. «Մեհդի Սոբհանին այն եզակի դեսպանն է, որն իմ պաշտօնավարման ընթացքում պարգեւատրւում է ԵՊՀ ոսկէ մեդալով։ Այս պարգեւը մեր երախտագիտութեան դրսեւորումն է դեսպանի արդիւնաւէտ եւ անմիջական համագործակցութեան համար»։
ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը նոյնպէս իր ելոյթում կարեւորել է դեսպանի մեծ ներդրումը գործընկերային կապերի ամրապնդման գործում՝ նշելով, որ նա ֆակուլտետի «սպասւած բարեկամն է»։

«Եթէ մի քանի շաբաթ ԻԻՀ դեսպանը չի այցելում մեր ֆակուլտետ, ուսանողները հարցնում են՝ որտե՞ղ է մեր մեծանուն բարեկամը։ Սա խօսում է այն մասին, որ դեսպան Մեհդի Սոբհանին ոչ միայն պաշտօնական ներկայացուցիչ է, այլեւ մեր հարազատ գործընկերը»,- մատնանշել է դեկանը։
Երեւանի պետական համալսարանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ հաստատւած ամուր կրթական եւ մշակութային համագործակցութեան խորհրդանիշ է դարձել դեսպանի պարգեւատրումը ԵՊՀ ոսկէ մեդալով՝ ի նշան հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդման եւ ԵՊՀ-ի հետ արդիւնաւէտ համագործակցութեան համար։ Բացի դրանից՝ ԵՊՀ շնորհակալագիր է յանձնւել նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդին՝ կրթական եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի աւանդի համար։
Բարձր գնահատելով այս պատւաւոր պարգեւը՝ Մոհամմադ Ասադի Մովահեդը շեշտել է. «Սա ոչ միայն իմ, այլեւ երկու բարեկամ պետութիւնների ամուր կապերի խորհրդանիշն է։ Հայաստանի հետ մշակութային կապերի զարգացումը մեր առաջնահերթութիւններից է»:
Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանեանը, խօսելով համալսարանի եւ Իրանի գիտակրթական կապերից, յաւելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան անմիջական ջանքերով վերանորոգւել է ԵՊՀ մեծ դահլիճներից մէկը՝ Ֆիրդուսիի անւան դահլիճը։
«Վերանորոգումը կատարւել է ամբողջութեամբ, ապահովւել է նաեւ տեխնիկական հագեցւածութիւն՝ տեսաձայնային համակարգերով։ Սա, ըստ էութեան, կարելի է կոչել «ակադեմիական դիւանագիտութիւն», քանի որ ԵՊՀ-ն՝ որպէս գիտակրթական խոշոր հաստատութիւն, կատարում է գործողութիւններ՝ ի նպաստ ոչ միայն համալսարանի, այլեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ կապերի ամրապնդման»,- ընդգծել է Վ. Ոսկանեանը։
Նա յաւելել է, որ ԵՊՀ-ն ունի մշակութային այլ ծրագրեր, այդ թւում՝ դեսպանի դասախօսութիւնների շարքը, որն արդէն երկրորդն է։ Այս դասախօսութիւնների շրջանակում ներկայացւում են տարբեր խնդիրներ, ինչպէս նաեւ իրանական դիւանագիտութեան հմտութիւնները։ Բացի դրանից՝ Երեւանի պետական համալսարանի եւ Իրանի համագործակցութեան շրջանակում հայ ուսանողները հնարաւորութիւն են ունենում այցելելու Իրանի տարբեր համալսարաններ՝ մասնակցելով գիտաճանաչողական այցերի։ Այս տարւայ ամռանը եւս կազմակերպւել է նման այց, որի շրջանակում ուսանողները ճանաչողական ծրագրերով եղել են Իրանի մի շարք բուհերում։
Միջոցառման աւարտին իրանական պատւիրակութիւնն ուսանողների ուշադրութեանն է ներկայացրել մշակութային ծրագիր, որի շրջանակում հնչել են իրանական ազգային երաժշտական կատարումներ, ցուցադրւել են իրանական մշակոյթն ու աւանդոյթները ներկայացնող տարրեր։ Ծրագիրը եւս մէկ անգամ ընդգծել է երկու ժողովուրդների պատմական կապերն ու բարեկամութիւնը՝ ամրապնդելով փոխադարձ յարգանքն ու համագործակցութիւնը։
ԵՊՀ ղեկավարութիւնը եւ Արեւելագիտութեան ֆակուլտետի ներկայացուցիչները վստահութիւն են յայտնել, որ հայ-իրանական համագործակցութիւնը կը լինի շարունակական, եւ նման միջոցառումները կը դառնան լաւ աւանդոյթ՝ նպաստելով երկու ժողովուրդների գործընկերային կապերի ամրապնդմանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկայ են եղել ԵՊՀ պրոֆեսորադասախօսական կազմի, ինչպէս նաեւ ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ուսանողներ։