ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը նեղսրտել է, որ տրանսպորտի թանկացման դէմ ուղղուած` տարիներ առաջուայ իր յայտարարութիւններն իրեն այսօր յիշեցնում են։
Սիմոնեանը բերում է անտրամաբանական պատճառներ, թէ՝ ինչու պէտք չէ համեմատել նախկին ու ներկայ տարիները եւ փորձում է արդարացնել ոչ թէ իրեն, այլ աւելի շատ ուղեվարձի թանկացումը։
Նա ասել է, թէ՝ 20 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նոյնը, ոչ էլ քաղաքը։
Իհարկէ, լաւ է ասել, բայց կարճ է մտածել․ նախ՝ յիշեցման կարգով նկատենք, որ դա ոչ թէ 20, այլ 10 տարի առաջ էր, իսկ 10 տարի առաջ մենք դեռ յաղթանակած երկիր էինք ու իսկապէս հպարտ ժողովուրդ։
Իհարկէ, ամենեւին էլ ռասսայական խրտականութիւն չդնելով, այդուհանդերձ չենք կարող չնկատել, որ այն ժամանակ Հայաստանը Հնդկաստան չէր ու ոչ էլ, առաւել եւս Ադրբեջան, կար արժեհամակարգ, որն այսօր ոտնատակ են տուել, կար Նժդեհական գաղափարախօսութիւն, որն այսօր հանւում է անգամ դպրոցական դասագրքերից, կար կրթութիւն ու կային մշակութային արժէքներ, որոնք այսօր, գործող իշխանութեան թեթեւ ձեռքով, միաձուլուել են ու իջեցուել «պլինտուսից» ցածր մակարդակի․․․
Ասում է՝ էն ժամանակ շէնքի մուտքերում մարդկանց ծեծել կար․․․ այ չենք կարող առարկել՝ ճիշտ է ասում, հիմա ուրիշ է՝ կարգը փոխուել է․ հիմա արդէն չէն սպասում շէնքի մուտք հասնի՝ կարող են ծեծել ու դանակահարել հէնց փողոցում՝ բոլորի աչքի առաջ։
Հիմա պարզապէս, ֆեյսբուքեան գրառման կամ լայուի համար կարող են մարդկանց տարիներով պահել կալանքի տակ` այդպիսով չէզոքացնելով քաղաքական օպոնենտներին:
Ինչի՞ մասն է խօսքը, երբ հիմա արդէն երկրի ղեկավարի մակարդակով է այդ ամենն արւում․ աւելի կոնկրէտ՝ նրան ուղեկցող աւտօշարասիւնն այսօր կարող է անարգել, բառացիօրէն, բարձրանալ մարդկանց վրայ, պատեպատ տալ նրանց, ստեղծել վթարային իրավիճակներ ու յղի կնոջը գցել մեքենայի տակ (մինչ օրս մեղաւորը ոչ միայն պատասխանատուութիւն չի կրել,այլեւ մասամբ արդարացուել է)։
Ալէն Սիմոնեանը երկրի նախկին ղեկավարների անուններ է տալիս ու ասում, որ նոյնը չէն․․․ եւ այս հարցում էլ չենք կարող առարկել՝ շատ ճիշտ է ասում։
Ինչպե՞ս կարող են նախկին յաղթանակած ղեկավարները նոյնացուել կամ թեկուզ համեմատուել ներկայիս բլոգեր ու անդէմ շանտաժիստ լրագրողի հետ, որն այսօր ստին ու մանիպուլեացիային է զօռ տալիս ու այդ նոյն նախկինների ժամանակաշրջանում հերոսների արիւնով հետ բերած հողերը սկուտեղով մատուցում թշնամուն՝ հերոսների արիւնը ջուր դարձնելով։
Նախկիները` կռուից պատուով դուրս եկած, յաղթանակի դրօշ են ծածանել, հիմա այդ դրօշները, ցաւից ոռնացող ձայնով, ծածանւում են Եռաբլուրում՝ մարտում ընկած հերոսների շիրիմներին։
Այս ֆոնին ամօթ է անգամ ասել, թէ՝ տրանսպորտն առաջուանը չէ։
Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչն է տարբեր․ «Գազելների» փոխարէն, հիմա էլ ժամէրով դարձեալ սպասում ես աւտօբուսին, յետոյ բարձրանում ոչ թէ աւտօբուս, այլ ինչ-որ մէկի վրայ հազիւ տեղաւորւում, որպէսզի ժամանակին աշխատանքի հասնես, իսկ երեկոյեան, յոգնած, բայց նոյն ծռուած վիճակով ու, սրա-նրա մարմնի սեղմումից նսեմացած եւ դեֆորմացած, հասնես տուն։
Իհարկէ, հիմա ոչինչ նոյնը չէ․ այն ժամանակ Ալէն Սիմոնեանը շարքային ուղեւոր էր, հիմա՝ ուռճացուած աշխատավարձ ու պարգեւավճար ստացող չինովնիկ, ով չի օգտւում հասարակական տրանսպորտից։ Իսկ եթէ անգամ օգտուի՝ նրա համար ի՞նչ է մի 300 դրամը՝ իր կլորիկ եկամտի դիմաց։
Իհարկէ, ժողովուրդը շատ լաւ տեսնում է ու գիտի այս ամէնի մասին։
Ինչ վերաբերում է Ալէն Սիմոնեանի ակնարկներին 20.000 դրամանոց մոնոյ ներկայացման վերաբերեալ, ապա դրանք անտեղի են, անհեթեթ ու չհիմնաւորուած։
Պարզ է, որ ներկայացման գնալ-չգնալը աշխատանքի գնալ-չգնալ չէ: Երկրորդով ապրուստի միջոց են վաստակում մարդիկ, եւ վատն այն է, որ Ալենը սա հասկանալով է ասում:
Շարքային հասարակ քաղաքացին գնացել կամ չի գնացել դիտելու այդ ներկայացումը․ իր ընտրութեամբ, ինքն է որոշել վճարել կամ չվճարել այնքան գումար, որքան պահանջել է մոնոներկայացման հեղինակը:
Հետոյ ներկայացումը տեղադրուել է իւթուբեան ալիքում եւ դարձել հասանելի այդ հասարակութեան համար։ Ու եթէ չլինէր Ալէն Սիմոնեանի տեքստի այդ հատուածը, գուցէ մտածեինք, որ նրա խօսքն ազնիւ է ու պետականամէտ գործչի շուրթերից է հնչում, եւ այդպէս էլ չհասկանայինք, որ խօսքն ամենասովորական «աբիժնիկ»-ի մասին է, ով մի ժամանակ չյաղթահարեց, իր իսկ խօսքերով, նոյն այդ կլոունի հետ մրցակցութիւնը ու հիմա պարզապէս չի կարողանում կուլ տալ վիրաւորանքը։
Արմինէ Մկրտումեան
newspress.am