Ո՞վ յանձնեց Արցախը` նախկիննե՞րը, թե՞ նիկոլ Փաշինեանը․ այս յօրինուած հարցը փակելու տարբերակներից մէկն էլ արցախեան խնդրի կարգաւորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակելը կը լինի: Որպէսզի հանրութիւնը ոչ թէ մանիպուլեատիւ ելոյթներով առաջնորդուի, այլ տեսնի, թէ թղթի վրայ` մինչեւ 2020 թուականը ինչ կարգաւորում էր առաջարկւում Հայաստանին ու Ադրբեջանին՝ Մինսկի խմբի կողմից: Նիկոլ Փաշինեանը սա անելու փոխարէն շարունակում է դէմագոգութիւնը եւ ստէրով մանիպուլացնում է հանրային կարծիքը՝ մեղքը գցելով նախկինների գրպանը։ Փաստաթղթերը հրապարակելու կոչով հանդէս են եկել հանրային տարբեր գործիչներ։
Իսկ երբ Փաշինեանը նախկին նախագահներին առաջարկեց հրապարակային վիճաբանութեան գնալ իր հետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանն առաջարկեց հրապարակել ղարաբաղեան կարգաւորման փաստաթղթերը. «Եթէ, Նիկոյ՛լ, ցանկանում ես, որ հանրութիւնն իմանայ ողջ ճշմարտութիւնը ղարաբաղեան խնդրի կարգաւորման դիւանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից յետոյ այդ գործընթացի խորհրդապահութիւնը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտօնապէս ներկայացուած խաղաղութեան բոլոր (այդ թւում՝ 2019թ. յունիսի) պլանները եւ հայկական դիւանագիտութեան պաշտօնական պատասխանները դրանց։ Այ, դա արդէն կը լինի իսկական բանաւէճ, հիմնուած փաստէրի վրայ։ Իսկ եթէ դա չանես, եւս մէկ անգամ կ’ապացուցես, որ փախչում ես ճշմարտութիւնից եւ զբաղուած ես պատմական պատասխանատուութիւնից փոքրոգիաբար խուսափելու գործով»։ Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանն էլ են պարբերաբար առաջարկում՝ թող հրապարակի, թէ ինչ է բանակցուել մինչեւ 2018 թիւը եւ ինչ է բանակցուել 2018-ից յետոյ: Այդ պարագայում պարզ կը դառնայ, որ բանակցութիւնների հիմքում երբեք դրուած չի եղել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու տարբերակը:
Խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամաւոր Ագնեսայ Խամոյեանը հարց ուղղեց, թէ ինչու չի հրապարակում 2019-ին իր սեղանին դրուած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերջին խմբագրուած տարբերակը, ինչու են այն թաքցրել քաղաքացիներից։ «Հրապարակեք այդ փաստաթուղթը, նաեւ՝ Քիւեսթը եւ մնացած փաստաթղթերը»,- յորդորեց պատգամաւորը: Նիկոլ Փաշինեանը զաւեշտալի «հակափաստարկ» ներկայացրեց, թէ այդ փաստաթղթերը դարակում դրուած չէն, որ վերցնեն հրապարակէն, այլ ցաքուցրիւ են։ «Ձեզ չթուայ, թէ բանակցութիւնների ինստիտուցիոնալացուած՝ կայ առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը՝ ընդհանրապէս մասնաւոր մարդ գալիս է` մէզ տալիս է: Էդ դուք գիտեք … դուք թողել եք, էդ որ սենց մի դարակում դրած լինե՞ր: Որ դրած լինէր, կասեինք՝ վերցրեք, ձեզ ենք տալիս: Հիմա կը համակարգենք … կը հրապարակէնք»,- ասաց Փաշինեանը: «Ինտրիգ մի ստեղծեք դրա շուրջ, հրապարակուելու է` մէկ է դա, ուշ, թէ շուտ հրապարակուելու է, բան չեք ունենալու ասելու: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ յոյսէր մի կապեք, որովհետեւ էդ հրապարակածը ձեր վիճակը չի լաւացնելու, մենակ վատացնելու է: Էնտեղ ձեզ համար ոչ մի լաւ եւ յուսադրող բան չկայ: Մեզ համար էլ չկայ, բայց ձեզ համար էլ չկայ»,- յայտարարեց նա:
Ապա, խօսելով 2019 թուի առաջարկի մասին, ասաց. «Ես 2019 թւին ասել եմ շատ յստակ բան՝ այն, ինչ որ 19 թուականի յունիսին դրուել է սեղանին, ես 2019թ. յունիսին դեռ որեւէ մէկի հետ որեւէ բան բանակցած չեմ եղել… Այն, ինչ որ դրուած է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցութիւնների արդիւնքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերեւն էլ գրուած է՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»»։ «Նախագահները… Ես Հայաստանի Հանրապետութեան նախագահ երբեք չեմ եղել»,- շարունակեց նա:
Ո՞ւմ սառնարանի ոտքի տակ կամ կոնդիցիոների մէջ են թաքնուած բանակցային փաստաթղթերը, ինչո՞ւ դրանք պահպանուած չէն ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնում՝ «Հրապարակ» — ը հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամաւոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատուիրակութեան անդամ Արմէն Ռուստամեանին։
«Ամօթ էլ է մանկապարտէզային մակարդակի այդ խօսակցութիւնները մեկնաբանել․․․ սառնարանի ոտքի տակ, կոնդիցիոների մէջ, չգիտեմ որ գզրոցներից․․․ Իհարկէ, այդ փաստաթղթերը դասակարգուած պահւում են արտգործնախարարութիւնում․ 1992 թուականին Մինսկի կոնֆերանսն է եղել, որի հիման վրայ ստեղծուել է Մինսկի խումբը, յետոյ՝ Մինսկի համանախագահութիւնը, այդ ժամանակներից մինչեւ հիմա բազմաթիւ փաստաթղթեր կան, չէ՞, դրանք չէն վերանում, յանցագործութիւն է դրանք վերացնելը, թող հանէն բոլոր փաստաթղթերը եւ հրապարակէն։ Չէն հրապարակում, որովհետեւ իրենց տարիների կեղծիքը, որ մեղադրում են բոլորին, ջրի երես է դուրս գալու, ասում է՝ ընդդիմութեան համար աւելի վատ կը լինի, ճիշտ հակառակը` եթէ մէզ համար վատ լինէր, ինքը վաղուց էր դրանք հրապարակել։ Պարզապէս այս մարդն այնքան է ստել, որ ինքն էլ է խճճուել իր ստէրի մէջ»,- ասաց Ռուստամեանը: «Եթէ իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է յայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, այստեղ էլ է, չէ՞, ստում։ Բա մի հատ լրիւ սառնարանների ոտքերի տակ նայի, կարող է ուրիշ բաներ էլ յայտնաբերես․․ եթէ բոլոր սառնարանների ոտքերի տակ չես նայել, ո՞նց ես ասում՝ բոլոր փաստաթղթերը վերլուծելով` եկել եմ այս եզրակացութեան․ պարզւում է՝ դա էլ ես սուտ ասում»։
Ինչ վերաբերում է 2019 թուականին՝ Մինկի խմբի առաջարկին, Ռուստամեանի կարծիքով, դրա մասին բոլորը գիտէն, եթէ անգամ ինքը չհրապարակի։ Խոսքը մադրիդեան բանակցուած փաստաթղթի փուլային տարբերակի մասին է, որը հանրութեան մօտ լայն տարածում է գտել «Լաւրովեան պլան» անուանմամբ: «Լաւրովի պլանը» հետեւեալն է՝ հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում զիջւում են 5 շրջանները, միւս հարցերի վերաբերեալ կարգաւորումները, ներառեալ՝ կարգավիճակի հարցը, թողնւում է ապագային:
Որքան էլ Նիկոլ Փաշինեանը մանիպուլեացիաներով փորձի խեղաթիւրել բանակցային գործընթացը, այդուհանդերձ, փաստերը հերքել չի կարող։ «Իսկ փաստն այն է, որ մինչ իր պաշտօնաւարումը Արցախը մեր վերահսկողութեան տակ էր, իրենից յետոյ Արցախը կորցրինք, այս փաստից խուսափել չի կարող` հասկացեք։ Որքան էլ պնդի, որ բանակցային գործընթացը եղել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, բայց փաստ է, չէ՞, որ այն չի վերադարձուել, իսկ իր օրօք ինքը սկսել է իր զրոյական կէտից եւ Ղարաբաղը յանձնել է Ադրբեջանին։ Բա որ տալիս էին, ինչի՞ չտուեցին, ու հէնց քո օրօք տրուեց։ Իր մեղքը փորձում է բարդել նախկինների վրայ, բոլորի վրայ․ արցախահայերն են մեղաւոր, որ թողել եկել են… ով ասես մեղաւոր է, բացի իրենից, սա է իր մանիպուլեացիաների նպատակը, բայց, վստահեցնում եմ՝ սպառել է իրեն, անգամ իր լսարանի վրայ արդէն չի ազդում: Որ այդ մարդկանց հետ զրուցում ես, իրենք էլ են խոստովանում, որ ընդամէնը «կռուտիտ» է անում։ Ստի լիմիտը` մարդկանց խաբելու մէջ, արդէն սպառուել է այս մարդու մօտ»,- կարծում է Արմէն Ռուստամեանը։
Լուսինէ Շահուերդեան